Արծվաշենի արծիվը` գնդի բուժակ Դավիթ Միքայելյան

Ժամանակը չի բուժում խորը ցավից ծնված վերքերը, թեկուզ անցնեն երկար ու ձիգ տարիներ: Դավիթ Միքայելյանը, ով նոր կազմավորված ազգային բանակի առաջին զինվորներից էր՝ Վանաձորի մոտոհրաձգային-դեսանտային գնդի բուժակը, հավերժի ուղին բռնեց 1992 թվականի օգոստոսի 8-ին. իր 11 զինակիցների հետ ապահովելով Արծվաշենի 4500 բնակիչների անկորուստ դուրսբերումը շրջափակումից՝ կռիվ տվեց մինչև վերջին փամփուշտը և նահատակվեց: 12-ը սարսափելի ողբերգություն կանխեցին՝ փառքով պսակելով իրենց անունները…

Գրեթե քառորդ դար է անցել, սակայն այսօր էլ դժվար է սփոփանք գտնել: Նույն քարացած ցավն է Դավիթի ծնողների աչքերում, միևնույն ժամանակ`ցավին միահյուսված հպարտությունը, զարմանալի ուժը, լավատեսությունը…

…1992 թվականին նկարահանված կադրերից փոքրիկ պատառիկներ են պահպանվել, որտեղ հերոսացած տղերքն են Արծվաշենի գործողությունից առաջ: Սխրանքի գնացող տղերքը… Դավիթը ժպտում է զարմանալի լուսավոր ժպիտով:

Նրա մասին շատ բան չի հաջողվում գտնել. համացանցում ընդամենը մի քանի ժլատ տողեր են: Միայն Դավիթի ժպիտն ունեմ ու… սրտի անբացատրելի դողով եմ բացում նրա տան դուռը: Գնում եմ՝ Դավիթին ճանաչելու:

Ծնողներն ապրում են երևանյան այն տանը, որտեղ ծնվել, հասակ է առել Դավիթը: Հյուրասենյակում զինվորի մեծադիր դիմանկարն է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը, մեդալները, լուսանկարները… Տան բոլոր անկյուններում նրա շունչն է, կարծես դուրս է եկել տնից և շուտով պիտի վերադառնա:

«Խաղաղության աղավնին»

«Տատիս եղբայրը՝ զանգեզուրցի Բալին, Անդրանիկի ամենաքաջ զինվորն է եղել՝ ահռելի ուժի տեր մի մարդ, քաջ մարտիկ, ով թշնամու ահուսարսափն էր: Շատ զրույցներ են պահպանվել նրա մասին: Մի անգամ, երբ Անդրանիկն իր զորքի հետ հասել է Լաչինի (Բերձորի) մոտակայքում գտնվող Զաբուղ գետին, որը ձնհալից վարարել ու հոսանքի հետ մեծ քարեր էր քշում, դիմելով Բալիին՝ ասել է. «Այդքան մեծ ուժի տեր մարդ ես, կարո՞ղ ես գետն անցնել»: Բալին, առանց վարանելու, նետվել է վարարած գետի ալիքների մեջ, լողացել մինչև մյուս ափը, ապա կրկին վերադարձել՝ արժանանալով Անդրանիկի հիացմունքին ու գովեստներին: Մեծ պապի, նաև հորս՝ Օհանի մասին պատմությունները լսելով են մեծացել երեք որդիներս, նրանց մեջ այդ արյունն է»,- պատմում է Դավիթի հայրը՝ Արամայիս Միքայելյանը:

Դավիթ Միքայելյանը ծնվել է 1972 թվականի մայիսի 29-ին Երևանում: Միքայելյանների երեք որդիներից միջնեկն էր:

Որդու մանկությունը հիշելիս մոր՝ տիկին Սևիլայի դեմքին լուսավոր ժպիտ է հայտնվում. «Դավիթն իր հասակակիցներից տարբերվող երեխա էր: Այնքան կենսուրախ էր, աշխույժ, լավատես, բոլորին օգնության հասնող…»:

1979-1989 թվականներին Դավիթը սովորել է Երևանի համար 169 միջնակարգ դպրոցում:

«Երաժշտություն շատ էր սիրում, երգում էր: 1980 թվականին ընդունվեց Երևանի «Ծիածան» կոմբինատի N 3 երաժշտական ստուդիայի կիթառի բաժին, որն ավարտելով՝ ուսումը շարունակեց Մոսկվայի ժողովրդական համալսարանի կիթառի հեռակա բաժնում և գերազանցությամբ ավարտեց այն,- շարունակում է տիկին Սևիլան,- բայց Դավիթն այլ երազանք ուներ. ցանկանում էր բուժել մարդկանց, և առաջին քայլը ՀՀ ներքին գործերի նախարարության մշակույթի տան բուժական ֆակուլտետի դասընթացներին մասնակցելն էր»:

Հայրը՝ Արամայիս Միքայելյանը, կարծես ինչ-որ բան հիշելով, լրացնում է կնոջը. «Որտեղ վեճ ու կռիվ լիներ, Դավիթը հայտնվում էր այնտեղ: Նրան միշտ հաջողվում էր կողմերին հաշտեցնել: Կարծես խաղաղության աղավնի լիներ: Սիրված էր բոլորի կողմից: Ընկերներն անվերապահորեն վստահում էին նրան: Արդեն ավարտել էր բուժական ֆակուլտետի կուրսերը և ինձ հետ աշխատում էր երրորդ կառավարական տանը: Մի քանի օր անընդմեջ տղան աշխատանքային ժամերին անհետանում էր: Հետո իմացանք պատճառը. մտերիմ ընկերը՝ Արայիկը, հիվանդացել էր և միայն Դավիթին էր թույլ տալիս իրեն ներարկել»:

Եղբայրները՝ Էդուարդ և Լևոն Միքայելյանները, կարոտով են հիշում Դավիթին… Կարոտ, որ ոչ մի կերպ չի փարատվում:

«Այս 24 տարիների ընթացքում Դավիթը միայն ֆիզիկապես է բացակա եղել: Չի եղել մի օր, որ նրան չհիշեմ… Թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան նայում եմ նկարին, խոսում նրա հետ, զրուցում, խորհուրդ հարցնում: Նա ինձնից փոքր էր, բայց ավելի հասուն էր: Դավիթն ինձ շատ բան է սովորեցրել և այսօր էլ շարունակում է սովորեցնել: Երկվորյակ որդիներս, որոնցից մեկը կրում է Դավիթի անունը, այսօր ազգային բանակի զինվորներ են, նրանք էլ դաստիարակվել են իրենց հորեղբոր ոգով ու այսօր հպարտությամբ են կրում Դավիթի ազգանունը»,- ասում է Դավիթի ավագ եղբայրը՝ Էդուարդ Միքայելյանը:

«Լավ ընկեր ու լավ եղբայր էր: Հաճախ էր խորհուրդներ տալիս, ցույց տալիս ճիշտ ճանապարհը: Հիմա էլ տարբեր իրավիճակներում մենք մտածում ենք, թե ինչպես կվարվեր Դավիթը, ինչ կասեր, ինչ կմտածեր… Դավիթը մեր մի մասնիկն է ու միշտ մեզ հետ է, մեր սրտում, մտքերում»,- եղբոր կերպարն ամբողջացնում է կրտսերը՝ Լևոնը:

Նորաստեղծ բանակի զինվորը

1992 թ.-ի մայիսի 6-ին Դավիթ Միքայելյանը զորակոչվեց ազգային բանակ՝ որպես գնդի բուժակ ծառայության անցնելով Վանաձորի մոտոհրաձգային գնդում: Միշտ կենսուրախ, աշխույժ Դավիթը կարճ ժամանակում դարձավ նաև ծառայակից ընկերների սիրելին:

«Ծառայությունից երևի մի շաբաթ էր անցել, դուռը թակեցին: Բացեցի, Դավիթն էր՝ մի տեսակ անտրամադիր: Հարցրի. «Դավի՛թ ջան, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես եկել»: Ասաց. «Պա՛պ, զինվորները հիվանդացել են, մեկի փորն է ցավում, մյուսի՝ գլուխը… Ես թույլտվություն եմ խնդրել, եկել, որ դեղորայք տանեմ»: Բանակը նոր էր կազմավորվում, բուժծառայությունը՝ ևս, դժվարին տարիներ էին… Դավիթս գնաց դեղատուն, դեղորայքը վերցրեց ու վերադարձավ ծառայության: Ընկերները հետագայում պատմում էին, թե որքան ուշադիր ու հոգատար է եղել բոլորի նկատմամբ: Շուտով գունդը տեղափոխվեց Փամբակ, որտեղ պետք է մարզվեին, հատուկ պատրաստվածություն անցնեին: Մի օր էլ զանգ ստացանք, թե պատասխանեք Տավուշին: Զարմացա, ի՞նչ Տավուշ: Դավիթն էր, ասաց, որ տեղափոխել են Տավուշ, հավանական է՝ կմասնակցեն մարտական գործողություններին»,- հիշում է Արամայիս Միքայելյանը:

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում անհանգիստ էր: Սահմանային վեճերը վերածվել էին ռազմական բախումների: Թշնամին նորանոր ոտնձգությունների էր դիմում: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի(նախկին Շամշադինի շրջան), սահմանամերձ Չինարի, Այգեձոր, Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Պառավաքար գյուղերը և Բերդը թշնամու անմիջական կրակի տակ էին: Հատկապես Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի միջև ընկած բարձունքներն իսկական պատուհաս էին դարձել, որտեղից թշնամին կրակ էր թափում շրջակա շեների վրա: Վանաձորի մոտոհրաձգային գնդի տղաները հասան ճիշտ ժամանակին և հուժկու հարվածով թշնամուն հետ մղեցին ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներից:

Արծվաշեն. առաջադրանքը կատարվեց ժամանակին և անթերի

1992 թ.-ի հուլիսին տղաները տեղափոխվեցին Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղ՝ նոր մարտական առաջադրանք կատարելու: Նրանք պետք է պաշտպանեին Վահան գյուղի դիրքերը: Դավիթը նաև օգնություն էր ցուցաբերում վիրավորներին: Տղաներից մեկը զոհվել էր, անհրաժեշտ էր նրա մարմինը տեղափոխել Վանաձոր, սակայն Դավիթը հրաժարվում է ծանր կացության մեջ ընկերներին մենակ թողնելուց:

Ադրբեջանական տարածքի մեջ կղզիացած Արծվաշենում դրությունը տագնապալի էր: Ժամ առ ժամ թշնամու մահաբեր օղակն ավելի ու ավելի էր սեղմվում:

«Էլչիբեյը նպատակադրվել էր, իրենց ձեռագրին հավատարիմ, Արծվաշենի 4500 բնակիչներին մեկ օրվա մեջ վերացնել, գլխատել, Գեղամա լեռներով իջնել Սևան, թեյ խմել և երեկոյան հասնել Ստեփանակերտ: Սակայն դա երազանք մնաց…,- պատմում է Դավիթի հայրը, ապա մատնացույց անում լուսանկարները,- նայի՛ր այս կրակոտ տղաներին, տե՛ս՝ ինչ տղերք են, սրանց թուրք կդիմանա՞ր… Հայոց բանակի առաջին զինվորները պատվով կատարեցին իրենց առաքելությունը: Պաշտպանության նախարարը հրաման էր արձակել՝ ապահովել արծվաշենցիների անկորուստ դուրսբերումը, փրկել 4500 կյանք: Հրամանը կատարվեց ժամանակին և անթերի…»:

Զինվորի հոր աչքերում արցունքներ եմ տեսնում: Մի քանի վայրկյան լռում է, ապա շարունակում. «Նրանց հերոսությամբ հիացավ անգամ թշնամին: Գնդապետ Ռուստամովը դիերը հանձնելիս ասել էր, թե որոշել էին վառել տղաների մարմինները, սակայն այդպիսի հերոսներին չեն վառում: «Նրանք ձեր ազգի պարծանքն են, նրանք կռվեցին մինչև վերջին փամփուշտը»,- ասել է ադրբեջանցի գնդապետը»:

Մայոր Էդվարդ Ավետիսյան, լեյտենանտ Վոլոդյա Դարբինյան, Կարեն Մնացականյան, Հարություն Աբրահամյան, Ժորա Հակոբյան, Անանիա Սմբատյան, Տիգրան Թովմասյան, Մխիթար Չիլինգարյան, Դավիթ Միքայելյան, Արմեն Մակարյան, Կամո Սարիբեկյան, Սուրեն Եղիազարյան. ահա այն հերոսների անունները, ովքեր արհամարհեցին մահը և անմահացան…

«Դավիթից հետո իմ ապրելն ո՞ւմ է պետք»

«Մի ընկեր ուներ՝ «Յոժը», մանկությունից միասին էին, միասին մանկապարտեզ գնացին, հետո՝ դպրոց: Երբ Դավիթը զոհվեց, նա ծառայում էր: Ծառայությունից վերադարձավ, եկավ մեր տուն, ասաց. «Դավիթից հետո իմ ապրելն ո՞ւմ է պետք… բայց վրեժ եմ լուծելու, տեսե՛ք՝ քանի թուրք եմ սպանելու»: Զինվորագրվեց կամավորական ջոկատներից մեկին, մեկնեց Արցախ ու զոհվեց Մատաղիսում: Հիմա Եռաբլուրում էլ միասին են, կողք կողքի»,-պատմում են Դավիթի ծնողները:

Հայրը…

Արամայիս Միքայելյանը որդու զոհվելուց հետո ապրելու, արարելու ուժ գտավ: Կյանքը նորեն իմաստավորեց՝ բանակին նվիրվելով, զոհված տղերքի հիշատակը հավերժացնելով: Վազգեն Սարգսյանի առաջարկով Արամայիս Միքայելյանը Եռաբլուր զինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների ծնողների կոմիտեի նախագահն է: Քանի՜ որդեկորույս ծնողի վիշտ է փարատել՝ իր կսկիծը խեղդելով… Համախմբել է նրանց, դարձրել բռունցք, ապրելու հույս ներարկել… Նրա անմիջական ջանքերով քանի՜ հերոսի հուշարձան է կանգնեցվել:

1995 թվականին Եռաբլուր զինվորական պանթեոնում կրկին նրա ջանքերով բացվեց տղաների սխրանքն անմահացնող «Սխրանք» հուշաքարը, որը դարձավ որդեկորույս ծնողների սփոփանքը, նրանց հավաքատեղին…

«Ես գլուխ եմ խոնարհում 12 տղաների հիշատակի առաջ… Նրանք ոչ մի վայրկյան չվարանեցին ու նախընտրեցին պատվով զոհվել: Նրանք առաջին զինվորներն էին և փառքով պսակեցին մեր նորաստեղծ բանակի անունը: Տղամարդը պիտի այդպիսին լինի: Ես հպարտանում եմ Դավիթով և կյանքս ապրում եմ այնպես, որ արժանի լինեմ որդուս ու նրա ընկերների զոհողությանը»:

Հ.Գ: Տարիներ առաջ Պաշտպանության նախարարության պատրաստած «Զինվորի հայրը» ֆիլմում Արամայիս Միքայելյանը Եռաբլուրում զրուցում է զոհված որդու՝ Դավիթ Միքայելյանի հետ.

«Իմ հերո՛ս տղա, ես քեզ որպես արծիվ երկինք թռցրի, որ տեսնեմ՝ ինչի ես ընդունակ. իրո՞ք արծիվ ես, թե՞ մոր թևերի տակ ծվծվացող ճնճղուկ…»:

Դու արծիվ էիր, Դավի՛թ, իսկ արծվի խոյանքը երբեք չի ընդհատվում:

Դու այսօր էլ ճախրում ես Հայոց երկնակամարում…

Հասմիկ Գյոզալյան

  • 1 (1) (Medium)
  • 2 (Medium)
  • 3 (Medium)
  • 4 (Medium)