Ուսումնասիրվել է հայկական գենը

Հայերը համարվում են աշխարհի հնագույն ազգություններից մեկը: Օքսֆորդի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ ներկայումս մարդու ԴՆԹ-ն ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, քան հնէաբանական կամ պատմական հետազոտությունները: ԴՆԹ-ն ուսումնասիրող «Globetrotter» մեթոդի շնորհիվ գիտնականները մշակել են «Մարդկության պատմության գենետիկ խառնուրդների ատլաս» («А genetic atlas of human admixture history») անունը կրող մի նախագիծ, որն ընդունակ է գտնելու և պարզելու տարբեր ազգությունների գենետիկ խառնուրդները՝ անկախ տարածաշրջանային պատկանելիությունից:

Նախագծի հիմքում ընկած են Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և Հարավային Ամերիկան ներկայացնող շուրջ 2.000 հոգուց բաղկացած 100 խումբ մարդկանց գենետիկ տվյալներ: Մասնագետները նշել են, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հայկական գենն առկա է 32 տարբեր ազգություններ ներկայացնող մարդկանց ԴՆԹ-ներում:

Գիտնական Գարեթ Հելանթալն ընդգծել է, որ 4.000 տարեկան հայկական գենը բավականին բարդ կառուցվածք ունի, սակայն դա չի խանգարել, որ այն բացահայտվի այլ ազգերի ներկայացուցիչների ԴՆԹ-ում:

«Նախագծի շնորհիվ մենք մեր նախնիների մասին տեղեկատվություն հայթայթելու հնարավորություն ունեցանք: Ինչպես պարզվեց, հայկական գենն ամենաշատն առկա է լեզգիների (13.8%), վրացիների (12.4%), իտալացիների (տոսկանացիներ՝ 11%, նեապոլացիներ՝ 6%, սիցիլիացիներ՝ 4%), թուրքերի (10%) և իրանցիների (8%) շրջանում: Ներկայումս հայերը գենետիկ խառնուրդներ չունեցող միակ ազգն են»,- ասում է Գարեթ Հելանթալը:

Այս ամենից զատ՝ մեկ այլ նախագծի շրջանակում իրականացվել են ԴՆԹ-հետազոտություններ, և ապացուցվել է հայերի՝ ասորիների, թուրքերի, քրդերի և հրեաների հետ հավանական նմանության փաստը: Հետազոտության մեջ ասված է նաև, որ ժամանակակից թուրք ազգը ներկայացնող մարդկանց ԴՆԹ-ի մեջ առկա է հայերի, հույների և իրանցիների գենետիկ տարրեր: Գիտնականները պնդում են, որ ժամանակակից Թուրքիայի կենտրոնական և արևելյան հատվածներում բնակվողները ձուլված հայեր են: Այդ մասին վկայում է նաև «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի ներկայացուցիչ Սևակ Ավագյանը:

(http://thenplanet.com/topic.php?id=26082)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան

  • 2
  • 3