Վիրտուոզներ

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, անեսթեզիոլոգ Շավարշ Համբարձումյանը:

1988 թ. հոկտեմբերի 7-ին նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանի հետ առաջին անգամ մեկնեցի Շահումյան… 1989 թ.՝ Հադրութ, ապա Ստեփանակերտ (այնտեղ գործուղվել էի վիրաբույժներ Վահագն Գրիգորյանի, Հակոբ Թամամյանի, Անդրանիկ Քալաջյանի հետ):

…Ծանր հիվանդներին Երևան տեղափոխելու համար խնդրել էինք ուղղաթիռ ուղարկել: Մինչև հասանք մարզահրապարակ, որտեղ ուղղաթիռը վայրէջք էր կատարել, այն արդեն լեփ-լեցուն էր մարդկանցով: Հիվանդներին պատգարակներով մի կերպ ուղղաթիռում տեղավորելուց հետո փորձեցինք մենք էլ բարձրանալ (բժիշկները պետք է ուղեկցեին և ճանապարհին անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերեին հիվանդներին): Ուղևորներից մեկը մեզ՝ բժիշկներիս, ետ հրեց ու փակեց դուռը: Որքան էլ փորձեցինք համոզել նրան, որ մենք բժիշկներ ենք, որ վիրավորներին ենք ուղեկցում, միևնույնն է, չկարողացանք:

Այդ ընթացքում ուղղաթիռը պտուտակները չէր անջատել, որպեսզի հարկ եղած դեպքում, առանց վայրկյաններ կորցնելու, անմիջապես օդ բարձրանար: Ես ու Հակոբը, մի փոքր հեռանալով ուղղաթիռից ու մի փոքր էլ վրդովված, փորձում էինք վառել ծխախոտներս, երբ նկատեցինք, որ մարդիկ սկսեցին այս ու այն կողմ վազել, իսկ ազատամարտիկը, որը քիչ առաջ մեզ թույլ չտվեց ուղղաթիռ բարձրանալ, օդ էր կրակում: Մենք վերև նայեցինք. հակառակորդի ուղղաթիռից չդադարող կրակահերթ էին բացել մեր ուղղությամբ: Մենք վազեցինք դեպի ուղղաթիռը ու մի կերպ ներս խցկվեցինք: Մեր ետևից Անդրանիկն էր գալիս. զիջելով իրենից հետո ուղղաթիռին մոտեցած մարդուն և օգնելով, որ առաջինը նա բարձրանա, հազիվ էր հասցրել ոտքը ուղղաթիռի աստիճանին դնել, երբ ուղղաթիռը պոկվեց տեղից: Ես հասցրի բռնել նրա գոտուց, և արդեն օդի մեջ՝ Վահագնը օգնեց ինձ ու մի կերպ նրան ներս քաշեցինք:

Ադրբեջանական ուղղաթիռը դեռ պտտվում էր մեր շուրջը, իսկ ազատամարտիկը, մեկ այս, մեկ այն պատուհանից ավտոմատը դուրս հանելով, ուզում էր կրակել նրանց ուղղությամբ, սակայն օդաչուն թույլ չտվեց՝ հրամայելով. «Առաջինը դու չկրակես…»:

…Իսկ մեր ուղղաթիռը այնքան շատ էր բեռնված, որ չէր կարողանում վեր բարձրանալ: Գետնից մոտավորապես 12-15 մետր բարձրության վրա տեղում պտույտներ էր տալիս, մյուս կողմից էլ հանդիպակաց քամին էր խանգարում՝ դժվարացնելով օդաչուների գործը: Նրանք ուղղաթիռը մի քանի անգամ վեր ու վար անելուց հետո վերջապես մի միջանցք գտան և խույս տալով հակառակորդի ուղղաթիռից ու քամուց՝ օդ բարձրացան: Մեկ ժամվա ճանապարհը անցանք 2 ժամ 20 րոպեում: Եղանակը ամպամած էր, քամին էլ չէր դադարում: Թույլատրելի չափից կրկնակի բեռնված ուղղաթիռը մեկ վեր էր բարձրանում, մեկ այնքան ցած իջնում, որ թվում էր, ուր որ է, կդիպչի սարերին ու ծառերին:

Մենք վախից քարացել էինք, շունչներս պահած հետևում էինք քափ ու քրտինքի մեջ կորած օդաչուներին, որոնք, վարպետորեն շրջանցելով ամեհի ժայռերը, սարերը, խուսափելով քամու ուժգին պտույտներից, հարվածներից, շարունակում էին թռիչքը… Դա աներևակայելի խիզախություն էր, վարպետություն:

Երբ մենք բարեհաջող վայրէջք կատարեցինք «Էրեբունի» օդանավակայանում, ես չկարողացա զսպել հուզմունքս:

-Տղե՛րք,- ասացի օդաչուներին,- դուք իսկական հերոսներ եք, վիրտուոզներ…

Մեղմ ժպտալով՝ նրանցից մեկը պատասխանեց.

-Բա որ գիշերները մեզ հետ թռչես:

…Ես հասկացա՝ ինչ են զգում նրանք յուրաքանչյուր թռիչքի ժամանակ: Նրանցից յուրաքանչյուրի համար այդ թռիչքը կարող էր վերջինը լինել, սակայն օդաչուները պատրաստ էին անգամ մեկ վիրավորի փրկելու համար իրենց կյանքը վտանգել:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատուներով)

  • odanav1
  • od3
  • od5
  • od6
  • od7a
  • od7b
  • od11
  • od22