«Առողջությունը՝ նախապայման, կյանքը՝ բացարձակ արժեք, հիվանդությունների կանխարգելումը՝ գերակա խնդիր»

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվեցին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2015 թ.-ի գործունեության արդյունքները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ հոսպիտալների և առանձին բժշկական ջոկատների պետեր, հոսպիտալային և զորային օղակների բժիշկներ և միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ: Նշենք նաև, որ ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը ներկա էին նաև ՊԲ ռազմաբժշկական ծառայության պետ, բ/ծ գնդապետ Հրաչ Եգորյանը և բուժծառայության գծով այլ պատասխանատուներ:

2015 թվականը Զինված ուժերի համար աչքի ընկավ աննախադեպ լարվածությամբ, ինչն ուղղակիորեն անդրադարձավ ռազմաբժշկական ծառայության գործունեության վրա:

«Չնայած լարվածությանը՝ Զինված ուժերում ռազմաբժշկական ծառայության կազմակերպումը և իրականացումը բոլոր ուղղություններով ընթացել են համակարգված և արդյունավետ: Համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ՝ կարող ենք ասել, որ առաջընթաց ունեցել ենք: Եվ այդ գործում իր անուրանալի դերն ունի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ով մշտապես լսել է մեր մտահոգությունները և հրատապ լուծում տվել բարձրացված հարցերին»,- բացելով խորհրդակցությունը՝ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:

Անդրադառնալով հոսպիտալային և զորային օղակներում ծառայող բժիշկների, միջին բուժանձնակազմի կատարած աշխատանքին՝ նա հավելեց. «Ես ցանկանում եմ մարդկային շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ դժվարին պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայության գործունեության արդյունքները, նշեց, որ այն ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, ծառայող բուժանձնակազմի մարտական պատրաստականության, մարտունակության և մասնագիտական ունակությունների զարգացմանը:

Նա հանգամանորեն ներկայացրեց տարվա ընթացքում տեղի ունեցած ուշագրավ միջոցառումները, կոնֆերանսները, զորավարժությունները, հրամանատարական հավաքները, քննարկումները և համոզմունք հայտնեց, որ այդ ամենը նպաստել է Զինված ուժերում բուժսպասարկման որակի բարձրացմանը:

Հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունն ունեցել է զգալի ձեռքբերումներ. ռազմաբժշկական հաստատությունները համալրվել են ժամանակակից բուժսարքավորումներով, սանիտարական մեքենաներով: Վարդգես և Մերի Նաջարյանների հովանավորությամբ և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ը հագեցվել է 2 շտապօգնության մեքենաներով՝ համալրված ժամանակակից սարքավորումներով:

«Ռազմաբժշկական ծառայության գործունեությունն իրականացվել է հիմնական՝ կանխարգելիչ և բուժական ուղղություններով: 2015 թվականը ռազմաբժշկական ծառայության համար ծանրաբեռնված տարի էր: Չնայած վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, սակայն սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ ռազմաբժշկական ծառայությունը գործել է ուժեղացված աշխատանքային գրաֆիկով՝ նպատակ ունենալով ժամանակին և հավուր պատշաճի կազմակերպել վիրավոր և հիվանդ զինծառայողների համապատասխան բուժօգնությունը: Այս ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայության գերխնդիրն էր ոչ միայն հիվանդ և վիրավոր զինծառայողների լիարժեք բուժօգնության կազմակերպումը, այլև նրանց վերջնական ապաքինումը, հաշմանդամության բացառումը և վերադարձը շարք: Բարձր մասնագիտական բուժօգնություն է կազմակերպվել ոչ միայն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, այլև առաջնագիծն ապահովող բոլոր ռազմաբժշկական զորամասերում»,- փաստեց Կամավոր Խաչատրյանը:

Փոխհամագործակցության առումով ևս տարին հագեցած է եղել: 2015 թվականին շարունակվել է միջազգային համագործակցությունը, որի շրջանակում ռազմաբժշկական ծառայության անձնակազմը մասնակցել է տարաբնույթ միջոցառումների:

«Շարունակվել է սերտ համագործակցությունը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ: Համատեղ այցելություններ են եղել ՀՀ ՊՆ զորամասեր, կազմակերպվել են հանդիպումներ ԶՈՒ բուժծառայության անձնակազմի հետ, կոլեգիալ քննարկումներ՝ սպասարկող բուժանձնակազմի գիտական և մասնագիտական գործունեությունը խթանելու նպատակով»:

Ամփոփելով իր ելույթը՝ Կամավոր Խաչատրյանը հավելեց. «ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը 2015 թ.-ին կատարել է իր առջև դրված խնդիրները: Սակայն գտնում եմ, որ չի կարելի բավարարվել նշված ձեռքբերումներով, այլ հարկ է հետագայում նույնպես պահպանել դրանք՝ նոր ձեռքբերումներ, հաջողություններ գրանցելով, ինչպես նաև առկա բացթողումները գնահատելով՝ հետևություններ անել և ամբողջ ներուժն ուղղել այդ խնդիրները լուծելուն, ռազմաբժշկական ծառայության կատարելագործմանը: Այս տարի մենք առաջնորդվելու ենք «Առողջությունը՝ նախապայման, կյանքը՝ բացարձակ արժեք, հիվանդությունների կանխարգելումը՝ գերակա խնդիր» կարգախոսով»:

Պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանն էլ անդրադարձավ ռազմաբժշկական ծառայության արդի փուլում առկա մտահոգիչ խնդիրներին և հանդես եկավ մի շարք առաջարկներով:

ԼՂՀ ՊԲ ռազմաբժշկական ծառայության պետ, բ/ծ գնդապետ Հրաչ Եգորյանն ամփոփ ներկայացրեց ԼՂՀ ՊԲ և՛ զորային, և՛ հոսպիտալային օղակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև բարձրաձայնեց ռազմաբժշկական ծառայությանը վերաբերող այն խնդիրների մասին, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Բարձր գնահատելով բոլոր օղակներում ծառայող բուժանձնակազմի նվիրումը, մասնագիտական պատրաստվածությունը՝ նա նշեց, որ, այնուամենայնիվ, 2015 թ.-ին ԼՂՀ ՊԲ-ում տարվա լավագույն ռազմաբժշկական զորամաս է ճանաչվել Մարտակերտի առանձին բժշկական ջոկատը, լավագույն բաժանմունք՝ ԱԲՋ-ի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքը:

ԶՈՒ համաճարակային անվտանգության ծառայության պետ, փոխգնդապետ Արմեն Սատուրյանն էլ նշեց, որ որոշ վարակիչ հիվանդությունների ցուցանիշների նվազման կայուն միտում է նկատվում, իսկ որոշ հիվանդություններ նահանջել են: Նա անդրադարձավ նաև զինակոչիկների առողջությանը և նախազորակոչային պատվաստումներին վերաբերող խնդիրներին:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Սամվել Գալստյանը ներկայացրեց ռազմաբժշկական ֆակուլտետի պատմությունը, կրթական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև պատասխանեց ներկաների՝ ոլորտին առնչվող հարցերին:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ նաև երկրորդ բանակային զորամիավորման բուժծառայության պետ, բ/ծ մայոր Հարություն Հովհաննիսյանը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամաններով 2015 ուստարվա ընթացքում բուժկանխարգելիչ միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու, ծառայական պարտականությունները պատշաճ կատարելու, մարտական պատրաստության և մասնագիտական պատրաստվածության բարձր ցուցանիշների համար պատվոգրերով և գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին մի շարք բուժծառայողներ:

Հասմիկ Գյոզալյան

Հ.Գ.: Տեսանյութը՝ շուտով:

  • _0169746 (Medium)
  • _0169757 (Medium)
  • _0169765 (Medium)
  • _0169768 (Medium)
  • _0169769 (Medium)
  • _0169771 (Medium)
  • _0169778 (Medium)
  • _0169794 (Medium)
  • _0169815 (Medium)
  • _0169825 (Medium)
  • _0169841 (Medium)
  • _0169852 (Medium)
  • _0169856 (Medium)
  • _0169870 (Medium)
  • _0169892 (Medium)
  • _0169902 (Medium)
  • _0169905 (Medium)