Հավատամք…

1992 թ. ամռանը ադրբեջանական զորամիավորումները, զինված մեծաքանակ տեխնիկայով և հետևակով, Քելբաջարի շրջանից գրոհում են Մարտակերտի շրջանի Գետավան, Չափար, Զարդախաչ, Հաթերք գյուղերի ուղղությամբ: Կատաղի մարտեր, զոհեր, վիրավորներ… Զարդախաչ գյուղի բուժքույր Էմմա Ոսկանյանը (1937-2005 թթ.), անտեսելով ամեն վտանգ, բարձրանում է դիրքեր, անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալիս վիրավորներին, նրանցից ոմանց իր տուն իջեցնում ու խնամում, մինչև վիրավորը լիովին ապաքինվի: Համագյուղացիները պատմում են, որ երբ գնում էին բուժքրոջ մոտ, իրենց բակում էր ընդունում՝ թույլ չտալով, որ ներս մտնեն. բոլորի գանգատները լսում էր, անսխալ ախտորոշում,  անհրաժեշտ դեղորայք տալիս(եթե ունենում էր),   խորհուրդներով օգնում: Հասկանում էին, որն էր Էմմայի գաղտնիքը… Նրան բոլորն էին հարգում:

Անցնում են օրեր, գյուղերում մնալը դառնում է անհնարին: Հունիսի չորսին զարդախաչցիները թողնում են հարազատ շենը՝ հավատալով, որ տղաները գյուղերը չեն հանձնելու, որ իրենք վերադառնալու են…

Էմմայի ամուսինը համոզում է կնոջը իր հետ մեկնել արտերկիր՝ երեխաների մոտ, բայց Զարդախաչի բուժքույրը վճռել էր մնալ, որևէ մեկը ազդել նրա որոշման վրա չէր կարող: «Ղարաբաղը ուրիշ խմորից հունցված գաթա է, Ղարաբաղից հեռու ես ապրել չեմ կարող, ես իմ հողով, ջրով, իմ սարերով ու քարերով եմ ապրում»,- ասում է նա, կապում  ամուսնու  իրերը ու կատակելով ճանապարհում.

-Прощай, Айказ,- երգելով իր հոգու երգը՝ «Էմման երբեք Ղարաբաղը չի թողնի…»՝ քայլում  դեպի քրոջ տուն:

Քույրը՝ Արևհատը, տառապում էր շաքարային դիաբետով, ոտքերն այտուցվել էին, քայլել չէր կարողանում: Տեսնում է դրկից Հրանտին. նա էլ կնոջ հետ գյուղից դուրս չէր գալու…  Զարդախաչում չորս հայ է մնում:

Էմման ամեն օր կերակուր է պատրաստում դիրքերը պահող տղաների  համար. երբ մութն ընկնում է, լցնում  ուսապարկի մեջ ու նրանց մոտ բարձրանում: Գետավանի, Չափարի, Զարդախաչի, Հաթերքի բոլոր վիրավորները նրան էին ապավինում:  Երեկոն իջնում է. Էմման ու Հրանտը տան մոտ ոտնաձայներ են լսում, կարծում են՝ մերոնք են, վիրավոր են բերել, արագ դուրս են գալիս տներից ու մերոնց կանչելով՝ առաջանում: Ազերի զինվորները շրջապատում են նրանց, զենքը պահում Հրանտի վրա: Էմման փորձում է խլել հրացանը, փրկել Հրանտին, փրկել քրոջը, խնդրում է, հուսահատ խնդրում, որ քրոջը խնայեն. հաշմանդամ  է: Խոստանում է, որ ցույց կտա բոլոր կարճ ու գաղտնի ճանապարհները: Ասում է,  որ ինքը բուժքույր է, կծառայի նրանց, կանի, ինչ որ ասեն, միայն թե խնայեն քրոջը,  Հրանտին ու Վարդին… Ազերիների հրամանատարը, լինելով բժիշկ, հրամայում է ձեռք չտալ նրան: Հրամայում են, որ Էմման առաջ ընկնի: Վախը սրտում (վախը քրոջ, Հրանտի, Վարդի համար, իր կյանքի համար չէր վախենում)՝ առաջ է ընկնում… Տարիներ հետո, երբ գերությունից վերադառնար, Էմման պիտի լսեր, որ քրոջը մորթել են, տունը վառել… Հրանտին, Վարդին էլ տան մեջ կրակի տվել…

Էմմային տանում են Քելբաջար: Սկսվում է գերության դժոխային մղձավանջը՝ շուրջ 18 ամիս… Ամոթալի պարտություններից ու անզորությունից կրակված ազերի խուժան և հայ ռազմագերի…

…Էմմային հանձնարարում են կերակուր պատրաստել ազերի զինվորների համար. լուռ կատարում է իր գործը՝ շարունակ մտմտալով  վրեժխնդիր լինելու և ազատության  մասին: Որոշում է ազերիների նախաճաշի մեջ լուծողական գցել, երեկոյան ամբողջ ջոկատը տառապում է նույն ցավով: Գլխի են ընկնում ու պատժում Էմմային… Սակայն համարձակ հայուհին պատմում էր, որ ոչ մի վայրկյան չի վհատվել, բոլոր լլկանքներն ավելի են ամրացրել ու կոփել իրեն. ամբողջ հոգով հավատում էր, որ ինքը ապրելու է, որ մի օր Զարդախաչ է վերադառնալու… Այդ հավատը նրան ուժ  էր տալիս, համբերություն… Չվախենալով մահից ու  չարչարանքներից, ցավատանջ ներարկումներից, նայելով նրանց աչքերի մեջ՝  Էմման բղավում  է.

-Մերոնք հաղթելու են, սատկացնելու են բոլորիդ…

Որոշում են Էմմային տեղափոխել, բարձրացնում  են բեռնատար մեքենայի բեռնախցիկը, մեքենան շարժվում է: Ոչինչ չգիտի. ուր են տանում, ինչ է սպասվում իրեն: Մեքենան դանդաղ առաջանում է լեռնային քարքարոտ ճանապարհներով, հաստաբուն ծառերի ծանր ճյուղերը քսվում են մեքենային. Էմմայի աչքերը փայլում են ոգևորությունից, ամուր կառչում է ծառի ճյուղերին, ոտքերը, ապա գիրուկ մարմինը  բարձրացնելով՝ կտրվում բեռնախցիկի հատակից: Մեքենան շարժվում է առաջ, Էմման թրմփոցով ընկնում է… Ուզում է կանգնել, արագ դուրս գալ ճանապարհից, թաքնվել, բայց ոտքը ցավում է…  Կաղին տալով քայլում է դեպի թփուտները, երբ ազերի վարորդը, նայելով մեքենայի ձախակողմյան հայելակից, տեսնում է նրան… Հայուհու ազատությունը մի քանի ակնթարթ է տևում, բայց հույսը, հավատը ոչ մի ակնթարթ չեն լքում նրան…

Էմմայի հարազատները փորձում են ամեն գնով վերադարձնել նրան, եղբայրները մեծ փրկագին են խոստանում: Սակայն ադրբեջանական կողմը պահանջում է մարտական գործողությունների ժամանակ անհետ կորած մի զինծառայողի կամ վերջինիս դիակը: Հայկական կողմը, գործադրելով ամեն հնարավոր միջոց, փորձում է գտնել …  ու փոխանակել Էմմայի հետ, բայց ապարդյուն: Էմման պատմում է, որ այդ օրերին աննկարագրելի ցնծության մեջ էր. հույսի դուռը բացվել էր, և ինքն ամեն վայրկյան կարող էր անցնել այդ շեմը, վերադառնալ հայրենի Զարդախաչ գյուղ… Սա էր նրա երազանքը:  Հանկարծ լսում է, որ փոխանակում չի լինելու: Չէ’, ոչ մի դեպքում… Երկիրը դարձյալ երերում է նրա ոտքերի տակ… Նորի՞ց Քելբաջար… Էմման սահմռկում է, նայում իրեն տեղափոխող ազերի վարորդին, նայում նրան ու մտածում… Մի ելք կա հաստատ… Երբ մի դուռ փակում են, մյուսն է բացվում… Խոսում է վարորդի հետ,  «հեռվից» պատմում, որ իր եղբայրները, ամուսինը մեծ կարողություն ունեն, արտերկրում են ապրում… Վարորդը լուռ լսում է… Մեծ փրկագին են խոստացել… Էմման պատմում է, ուշադրություն չդարձնելով վարորդի անտարբերությանն ու արհամարհանքին՝ խոսում, կաթիլ առ կաթիլ պղտորելով ազերու մտքերը, համոզմունքները… Եվ ի վերջո, Ադրբեջանին անդավաճան ծառայելը երկրորդական է դառնում… Մնում է ապացուցել, որ Էմման չի ստում… Դա պարզագույն խնդիր էր… Ազերին նրան հասցնում է Խարկով… Էմմայի հարազատները կատարում են իրենց խոստումը,  առատորեն վճարում, հարգում-պատվում ու  ապահով ճանապարհում…

Թունավոր ներարկումները, անմարդկային լլկանքները խարխլել էին Էմմայի հոգու անդորրը. երբեմն կարծես վերանում էր իրականությունից. ինչ էր հիշում, ինչ էր մտածում, միայն ինքը գիտեր, չէր պատմում ոչինչ… Բայց սիրող մարդիկ նկատում էին, որ նրա տառապանքները չեն ավարտվել…

1995 թ. Էմման վերադառնում է Զարդախաչ  (վերադառնում է մենակ. ամուսինը, երկու որդիները, դուստրը մնում են արտերկրում):

-Սաղ ը՞ք,-  ողջունում է գյուղի մարդկանց…

Հայրենի գյուղը ցնծության մեջ էր… Մտերիմները սիրով, կարոտած դիմավորում են նրան, փորձում  իրենց ջերմությամբ, հոգատարությամբ մեղմել այն չսպիացող ցավը, որ հոսում էր Էմմայի երակներում… Շրջապատում են նրան՝ չենթադրելով, որ օրեր անց խոցված հայուհին ինքն է լսելու  բոլորի գանգատները, անսխալ ախտորոշելու  ու բուժելու(ինչպես տարիներ առաջ), իր ամուր, վստահ ձեռքերով  ծնունդ է ընդունելու, և յուրաքանչյուր նորածին իր զիլ ճիչով ազդարարելու է Էմմայի հավատամքը.

-Մերոնք հաղթելու են, մենք հավերժ ենք լինելու…

Էդիտա Մելքոնյան