Բժիշկների նոր օգնականները՝ բժշկական միկրոսարքեր

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է փորձամկների օրգանիզմ ներարկել միկրոսկոպիկ բժշկական մեխանիզմներ, որոնք կենդանիների ստամոքս են տեղափոխել որոշակի քանակությամբ անհրաժեշտ դեղորայք: Մինչ այդ միկրոմեխանիզմները փորձարկվում էին միայն բջջային նմուշների վրա, սակայն նախագծի հեղինակներին հաջողվել է մկներին տրվող սննդի մեջ թաքցնել հատուկ միկրոսարքեր: Դրանք ցինկապատ խողովակաձև պոլիմերներ են, որոնք ունեն 20 միկրոն երկարություն: Գիտնականների հավաստմամբ՝ ցինկը ռեակցիայի մեջ է մտնում ստամոքսանյութի հետ՝ առաջացնելով ջրածնային փուչիկներ, որոնք էլ նյութը հասցնում են ստամոքսի պատերին, ամրացնում դրանք և սկսում հետզհետե քայքայվել, արդյունքում բժշկական նյութերը ներծծվում են բջջի մեջ: Բժշկական այս տեխնոլոգիայի մասնագետները կարող են բուժել մարսողական համակարգի մի շարք խոցեր, ինչպես նաև ստամոքսի այլ հիվանդություններ: Հարկ է նշել, որ բջջային մակարդակի վիրաբուժության միտքը 1959 թ.-ին առաջին անգամ հղացել է ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը: Իր զեկույցում նա նշել է. «Իհարկե, դա բավականին խելագար գաղափար է, սակայն լավ կլիներ, որ մարդը մի վիրաբույժ կուլ տար, ով արյունատար անոթների միջոցով կհասներ հիվանդ օրգանին, տեղում կուսումնասիրեր և կբուժեր այն»:

(http://www.bbc.com/news/science-environment-30875102)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան