Գրանցվել է մաշկային հիվանդությունների ցուցանիշների նվազման կայուն միտում

Ամփոփելով ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության գործունեության արդյունքները՝ ոլորտի պատասխանատուների կողմից արձանագրվում է, որ տարեցտարի առաջընթաց է նկատվում տարբեր ուղղություններով: Զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործման շնորհիվ նաև մաշկային հիվանդությունների ցուցանիշների նվազման կայուն միտում է գրանցվել:

ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Սերգեյ Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզաբանել՝ այնուամենայնիվ զորային օղակում ինչը կարող է մաշկային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

– Թե՛ քաղաքացիական կյանքում, թե՛ զորային օղակում մաշկային հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները: Մաշկի ծածկույթի վնասվածքները, այրվածքները, ցրտահարությունը, արևահարությունը, նաև որոշ կենդանի պարազիտներ, սնկիկներ, բակտերիաներ կարող են ախտահարել մաշկային հյուսվածքները: Մաշկի մակերեսինախտաբանական փոփոխություններ են առաջանում նաև վարակիչ հիվանդությունների, թունավորումների, տարբեր ներքին օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումների հետևանքով: Ի դեպ, հարկ է նշել, որ սթրես գործոնը նույնպես նպաստում է մաշկային հիվանդությունների զարգացմանը, իհարկե, եթե օրգանիզմում հիվանդության նկատմամբ արդեն կա նախատրամադրվածություն (նյարդային լարվածության հետևանքով քորի, այրոցի, ցավի և դիսկոմֆորտի զգացողությունը հիվանդի մոտ ավելի է սաստկանում), ուստի բուն հիվանդության դեմ իրականացվող ընդհանուր և տեղային բուժման համալիր գործընթացին զուգահեռ՝ երբեմն նաև հոգեբանական աջակցություն ենք ցուցաբերում հիվանդին:

Սերգեյ Հովհաննիսյանը, ով 2003 թվականից ծառայում է ռազմաբժշկական համակարգում, համառոտ անդրադարձավ նաև մաշկավեներական հիվանդությունները կանխարգելող մշակույթին և իրականացվող միջոցառումներին.

– Անձնական հիգիենային հետևելու, միայն անհատական օգտագործման հիգիենայի պարագաներից օգտվելու մշակույթն անհատի գիտակցության մեջ պետք է սերմանել մանկուց (…ոչ միայն մաշկային հիվանդություններից խուսափելու, այլև կյանքի որակը բարելավելու նպատակով): Պետք է երեխային սովորեցնել արևահարությունից, ցրտահարությունից պաշտպանվելու տարրական կանոնները, իսկ երբ ավելի գիտակից է դառնում, հարկ է բացատրել՝ որոնք են մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների տարածման պատճառները և եղանակները:

Այնուամենայնիվ, առկա բացթողումները շտկելու, մաշկավեներական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով երիտասարդ զինծառայողների հետ բացատրական աշխատանքներ են տարվում և՛ զորային օղակում, և՛ հոսպիտալում (եթե հիվանդացել են և տեղափոխվել մեզ մոտ): Հիվանդին ընդունելիս, անամնեզը հավաքելիս, բուժման ընթացքում և նրան դուրս գրելիս բացատրում ենք՝ ինչի հետևանքով է առաջացել իր հիվանդությունը, ինչպես պետք է պայքարել դրա դեմ, որոնք են մաշկավեներական հիվանդների խնամքի սկզբունքները, և ինչ է անհրաժեշտ հիվանդության կրկնվելը թույլ չտալու համար:

Ներկայացնելով մաշկավեներաբանական բաժանմունքի հնարավորությունները՝ բ/ծ մայոր Սերգեյ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ՝ մաշկային և վեներական հիվանդություններն ախտորոշող լաբորատոր հետազոտությունները լիարժեք իրականացնելու, մաշկային և վեներական հիվանդների բուժումը, խնամքը սահմանված կարգով կազմակերպելու նպատակով:

Էդիտա Մելքոնյան