«…կշարունակեմ ծառայել նույն նվիրումով ու սիրով»

Մարտի 16-ին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված հավաք-խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամաններով բարեխիղճ ծառայությամբ և մասնագիտական պատրաստվածության բարձր ցուցանիշներով աչքի ընկած հոսպիտալային ու զորային օղակների մի շարք բժիշկներ, միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի երկարամյա բուժքույր Շուշանիկ Կույումջյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կողմից արժանացավ պատվոգրի:

– Տիկի՛ն Շուշանիկ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պարգևատրման կապակցությամբ և նոր ձեռքբերումներ մաղթում…

– Շնորհակալ եմ: Անչափ հուզված եմ. ինձ համար անսպասելի էր… Մեր հոսպիտալի կազմավորման պահից ես ծառայում եմ այստեղ: Բարեխղճորեն կատարել եմ ծառայական պարտականություններս, տարիների ընթացքում մեր բուժհաստատության ղեկավարության կողմից արժանացել եմ շնորհակալագրերի. իմ աշխատանքը միշտ գնահատվել է: Սակայն այս պարգևն ինձ համար առանձնահատուկ է և առավել պարտավորեցնող. կշարունակեմ ծառայել նույն նվիրումով ու սիրով:

– Ես տեղեկացա, որ Ձեր արմատներն Արծվաշենից են… Երևի աշխարհի ամենամեծ անարդարություններից մեկը ծննդավայր կորցնելն է. 1992 թ.-ի հայտնի իրադարձությունների ժամանակ Դուք Արծվաշենո՞ւմ էիք:

– Այո՛, ծնվել եմ Արծվաշենում՝ մանկավարժների ընտանիքում: Հայրս հայրենադարձվել էր Եգիպտոսից՝ Կահիրեից: Մենք մեծ, երջանիկ ընտանիք էինք՝ ծնողներս և 5 երեխաներս: Գեղեցիկ, խաղաղ ու գունեղ մանկություն եմ ունեցել իմ ծննդավայրում: Արծվաշենն աննկարագրելի գեղեցիկ է: Իմ ամենատաք, ապրեցնող հուշերը կապված են ծննդավայրիս հետ: Սաստիկ կարոտում եմ… Չկա մի օր, որ չհիշեմ մեր գյուղը:

Հիմա էլ բավականին հաճախ եմ գնում Ճամբարակ: Արծվաշենցիները, իմ ընկերները, հարազատներն այնտեղ են: Այդպես ինձ ավելի մոտ եմ զգում ծննդավայրիս:

Ես, քույրերս և եղբայրներս Արծվաշենում դպրոցն ավարտելուց հետո եկանք մայրաքաղաք՝ ուսում ստանալու: Դպրոցական տարիներից սիրում էի բուժքրոջ գործը: Սիրում էի հասնել, օգնել, խնամել… Անգամ բանաստեղծություն էի գրել բուժքույր դառնալու իմ երազանքի մասին: 1972թ.-ին երազանքիս հետքերով ընդունվեցի Երևանի բժշկական ուսումնարան: Ավարտելուց հետո աշխատանքի անցա «Արզնի» մանկական առողջարանում: Որոշ ժամանակ անց ամուսնացա և ընտանիքիս հետ վերադարձա Արծվաշեն, աշխատանքի անցա գյուղի հիվանդանոցում: 1991 թ.-ին տեղափոխվեցինք Երևան: 1992 թ.-ի օգոստոսի 8-ին Արծվաշենն ընկավ:

– Ինչպե՞ս ծառայության անցաք զինվորական համակարգում:

– Երբ տեղափոխվեցինք մայրաքաղաք, ներկայիս հոսպիտալի շենքում գործում էր 2-րդ բուժսանմասը, որը սպասարկում էր այդ տարածքում գտնվող գործարանների աշխատակիցներին: 1991 թ.-ից սկսեցի աշխատել բուժսանմասում: 1993 թ.-ին հոսպիտալը կազմավորվեց, և որպես բուժքույր ծառայության անցա հոսպիտալի ակնաբուժական կաբինետում: Դրանք ամենադժվար ու ծանր տարիներն էին. պատերազմական իրավիճակ, նոր կազմավորված բանակ, նոր ձևավորվող ռազմաբժշկական ծառայություն և շատ հիվանդներ: Դժվարություններն աստիճանաբար հաղթահարվեցին: 1999 թ.-ից ծառայության անցա հոգեբուժական բաժանմունքում, որը միակն է Զինված ուժերում: Մինչ օրս ծառայում եմ այդ բաժանմունքում: Աշխատանքս արդեն կենսակերպ է դարձել, և այլ ոլորտում ինձ պարզապես չեմ պատկերացնում:

– Տիկի՛ն Շուշանիկ, գաղտնիք չէ, որ հոգեբուժական բաժանմունքում աշխատանքն առանձնահատուկ է. միանգամայն այլ մոտեցումներ են պահանջվում: Ի՞նչն է Ձեր աշխատանքում ամենակարևորը:

– Նախ պետք է նշեմ, որ այն արդյունքը, որ մենք արձանագրում ենք, թիմային աշխատանքի շնորհիվ է: Միայնակ ոչնչի չես կարող հասնել: Մենք միշտ ունեցել ենք մեր բաժանմունքի բոլոր պետերի, բժիշկների աջակցությունը: Աշխատել ենք միասին՝ մեկ ընտանիքի նման, միասնական նպատակի՝ զինվորին առողջացնելու, նրա հոգու ցավը մեղմացնելու համար:

Իմ աշխատանքում չափազանց կարևոր են մեղմությունը, սրտացավ վերաբերմունքը, ջերմությունը, զինվորին հուսադրելու, քաջալերելու կարողությունը: Զինվորը պետք է վստահ լինի՝ մենք հավատում ենք, որ ինքն ապաքինվելու է: Դա նաև նրան է հավատ ներշնչում: Առանց այդ հավատի բոլոր դեղերն անզոր են:

– Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը:

– Զինվորի վստահությանն արժանանալը, գործընկերների կողմից գնահատված լինելը… Զինվորը դառնում է մեր հարազատը, նրա ցավը մեզ էլ է ցավ պատճառում, իսկ նրան առողջ, անհոգ, ժպտադեմ տեսնելը՝ երջանկացնում:

– Ինչպիսի՞ն եք ընտանիքում:

– Երեք որդի ունեմ: Երկուսն ավարտել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ծառայել ազգային բանակում: Կրտսեր որդիս դեռ ուսանող է. ուսանում է վերոնշյալ համալսարանում: Ինչպես բոլոր կանայք, սիրում եմ խոհանոցը, տարատեսակ ճաշատեսակներ և աղցաններ եմ պատրաստում: Երբ ազատ ժամանակ եմ գտնում, նաև թատրոն, կինոթատրոն եմ հաճախում: Երբեմն ասում են, որ կին զինծառայողների համար դժվար է բավարար ժամանակ տրամադրել նաև ընտանիքին: Ես փորձում եմ ամեն ինչ հասցնել ճիշտ ժամանակին, երբեք չթերանալ ո՛չ ընտանիքում, ո՛չ էլ ծառայության մեջ:

Հասմիկ Գյոզալյան