Որպես երախտագիտության նշան

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Հակոբ Թամամյանը:

Արցախյան պատերազմի տարիներից բազմաթիվ հիշողություններ ունի վիրաբույժ Հակոբ Թամամյանը, հիշողություններ, որոնք տարիներ անց մտաբերելիս նորից նույն ցավն է վերապրում… բայց եղել են նաև այնպիսի դեպքեր, որոնք ժպիտով է հիշում:

-1991թ. դեկտեմբերի 26-ին անեսթեզիոլոգ Շավարշ Համբարձումյանի, վիրաբույժ Վահագն Գրիգորյանի, նյարդավիրաբույժ Անդրոնիկ Քալայջյանի հետ «Էրեբունի» օդանավակայանից ուղղաթիռով մեկնեցինք Ստեփանակերտ: Ուղղաթիռը, որով մեկնեցինք, բեռնավորված էր ալյուրի պարկերով, հեղուկ վառելանյութով լի տակառներով: Ուղղաթիռի՝ օդ բարձրանալուն պես ինձ մոտ երիկամի սուր ցավեր սկսվեցին: Շավարշը նախ պառկեցրեց ինձ տակառների վրա, ապա ցավազրկող ներարկեց: Մեզանից բացի՝ ուղղաթիռի մեջ էլի մարդիկ կային, որոնց զբաղեցնելու համար Շավարշը սկսեց հետաքրքիր պատմություններ պատմել ու տարօրինակ հարցեր տալ:

Ուղղաթիռը մեզ իջեցրեց Քոլատակի մոտակայքում: Ցուրտ ու խոնավ եղանակ էր, իսկ դիմավորողները ուշանում էին: Հանկարծ ինչ-որ դռդռոց լսվեց: Քիչ անց մի տրակտոր մոտեցավ մեզ: Վարորդը, դուրս գալով խցիկից, ասաց. «Ի՞նչ եք կանգնել, բեռնե՛րը բարձեք տրակտորին»: Մենք բեռնաթափեցինք ուղղաթիռը, հետո բարձեցինք տրակտորի կցասայլակի մեջ:

-Դե՜ հիմա եկեք տրակտորի ետևից,- ասաց նա ու տեղավորվելով իր խցիկում՝ գործի դրեց շարժիչը:

Մեզ ուրիշ անելիք չէր մնում, քան տրակտորի ետևից վազելը: Մինչև ծնկներս թաղվելով լպրծուն ցեխի մեջ՝ քայլում էինք՝ աշխատելով աչքից չկորցնել տրակտորը: Մի կերպ հասանք Քոլատակ: Արդեն ուշ երեկո էր: Մենք օթևանեցինք տեղացիներից մեկի հյուրընկալ օջախում. հիշում եմ տանտերերին, նրանց կիսամերկ, բոկոտն, կարմրաթշիկ երեխաներին, որոնք զարմացած մեզ էին նայում: Սենյակի կենտրոնում վառարան էր դրված, որի մեջ փայտերը ճարճատյունով վառվում էին ու հաճելի ջերմություն արձակում: Րոպեներ անց մեր սառած մարմինները, ինչպես ասում են, ետ եկան, ընթրեցինք ու պառկելով տանտիրուհու պատրաստած փափուկ անկողնում՝ անմիջապես քնեցինք:

Վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, մեզ արթնացրին: Գնացինք Ստեփանակերտ ու տեղավորվեցինք մարզային հիվադանոցում, որտեղ էլ մնացինք մինչև Երևան վերադառնալը:

Օրեր անց Ամանորն էր, սակայն հունվարի 1-ի գիշերը մեզանից և ոչ մեկը չքնեց: Ամբողջ գիշեր վիրահատություններ կատարեցինք: Վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ էին, որոնք տուժել էին հակառակորդի՝ օրեր շարունակ չդադարող ռմբահարումներից: Վաղ առավոտյան մի ծանր վիրավոր բերեցին, աժդահա տղա էր՝ ոտքից գլուխ սպառազեն: Թշնամին դիմահար կրակ էր բացել նրա ուղղությամբ և մի քանի տեղից վիրավորել կրծքավանդակը: Վիրավորի մոտ արդեն կարդիոգեն շոկ էր սկսվել, զարկերակը չէր շոշափվում, բայց գիտակցությունը տեղն էր: Նրան զննելուց հետո ասացի, որ շտապ վիրահատարան տանեն: Այդ պահին նա կասկածանքով ոտքից գլուխ չափեց ինձ, հետո հարցրեց. «Դո՞ւ ես ինձ վիրահատելու»: «Այո»,- պատասխանեցի նրան: Ու երևի մտածելով, որ ինձ նման փոքրամարմին մարդը դժվար թե կարողանա բուժել իրեն, վախեցած ասաց. « Ուրեմն ես մեռա»:

Փառք Աստծո, վիրահատությունը հաջող ավարտվեց: Ապաքինվելուց մոտ երկու ամիս անց եկել էր Երևան, հարցուփորձով գտել ինձ ու հյուր եկել մեր տուն՝ իր շնորհակալությունը հայտնելու: Իր հետ նվեր մի զույգ նախշուն գուլպա էր բերել, որը նրա մայրն էր ուղարկել՝ որպես երախտագիտության նշան…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)