Զինվորական բժիշկը կանգնած է «քննադատների» բանակի առջև

Բուժծառայության կապիտան Արեգ Մովսիսյանը, ծառայությունն ավարտելով զորային օղակում, հետբուհական կրթությունը շարունակում է կլինիկական օրդինատուրայում՝ վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ («Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք):

Ուսումնառության ընթացքի, զորային օղակում բուժծառայության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Արեգ Մովսիսյանի հետ:

– Պարո՛ն Մովսիսյան, ես տեղեկացա, որ դպրոցական տարիներին տարբեր նախասիրություններ, հետաքրքրություններ եք ունեցել: Ըստ այդմ՝ չեմ կարող Ձեզ չուղղել ավանդական դարձած հարցս. ինչո՞ւ ընտրեցիք հենց զինվորական բժշկի մասնագիտությունը:

– Այո՛, ուսանել եմ նաև երաժշտական դպրոցում, տիրապետում եմ 2 գործիքների՝ դաշնամուր և շվի, սակայն երաժշտության հանդեպ տածած սերս, ձգտումս այնքան ուժգին չէին, որպեսզի հիմք դառնային ապագա մասնագիտության ընտրության առումով: Դրանք մնացին նախասիրություններ, ոչ ավելին: Հետաքրքրված էի նաև ֆիզիկայով, քիմիայով, կենսաբանությամբ, առանձնահատուկ սիրով էի սովորում այդ առարկաները: Ի դեպ, քիմիայի և կենսաբանության ուսուցչուհին մայրս է եղել:

Բժշկի մասնագիտության հանդեպ միշտ առանձնակի ակնածանք եմ տածել, քանի որ հորեղբայրս էլ բժիշկ է: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն այդ տարիներին դեռևս այնքան լայն ճանաչում չուներ, ինչպես այսօր: Զինվորական բժշկի կերպարը, նկարագիրն այսքան հասանելի ու ճանաչելի չէին հանրությանը: Ավագ եղբայրներս արդեն ուսանող էին, նրանք տեղեկացրին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետ է գործում: Ինձ անմիջապես գրավեց ռազմական բժշկությունը, որում մեկտեղված են զինվորական ծառայությունը և բժշկի մասնագիտությունը: Արդեն 9-րդ դասարանում ես առանց վարանելու կատարեցի իմ ընտրությունը և ջանք ու եռանդ չխնայեցի՝ նպատակիս հասնելու համար:

– Ավարտելով ինտերնատուրան և ծառայության նշանակվելով զորային օղակում՝ երեկվա կուրսանտը որքան էլ պատրաստված լինի, հայտնվում է միանգամայն նոր իրականության մեջ. նոր խնդիրներ, նոր պայմաններ, պարտականություններ, ահռելի պատասխանատվություն… Ինչպե՞ս է հաղթահարվում այդ փուլը:

– Ուսումնառության տարիներին որքան էլ «զինվենք» բազմակողմանի գիտելիքներով, անհնար է ամբողջությամբ պատկերացնել, թե զորային օղակում որքան լուրջ և սթափեցնող ծառայություն է մեզ սպասվում: Սակայն շրջահայաց, աչալուրջ լինելու դեպքում մի քանի օրը բավարար է հարմարվելու, ծառայական պարտականությունները հստակ կատարելու համար: Նորանշանակ ռազմական բժշկի կայացման գործում անչափ կարևորում եմ ինչպես զորամասի բուժծառայության պետի, բուժանձնակազմի, այնպես էլ հրամկազմի և հատկապես զորամասի հրամանատարի դերը: Ես ծառայել եմ այնպիսի զորամասերում, որտեղ թե՛ հրամանատարական կազմը, թե՛ իմ գործընկերները միշտ աջակցել են ինձ: Ծառայությունս ընթացել է բնականոն հունով: Եղել են նաև դժվարություններ, որոնք ես օրինաչափ եմ համարում զինվորական ծառայության մեջ:

2011 թվականից ծառայության եմ անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես բժիշկ-մասնագետ, ապա նշանակվել եմ նույն զորամասի բուժկետի պետ: 2 տարի անց տեղափոխվել եմ հարավարևմտյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս՝ որպես բուժծառայության պետ: Ծառայության համար սահմանված ժամկետն ավարտվելուն պես մասնակցել եմ կլինիկական օրդինատուրայի մրցույթին և այժմ ուսումս շարունակում եմ կլինօրդինատուրայում:

– Դուք արդեն հաղթահարել եք զորային օղակում ծառայելու փուլը: Ըստ Ձեզ՝ որո՞նք են բուժծառայության հիմնական առանձնահատկություններն այդ օղակում:

– Զորամասային օղակում ծառայող բժշկի կոնտինգենտը բավականին բազմաշերտ է՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ, պայմանագրային զինծառայողներ, ծառայակից սպաներ, հրամանատարական կազմ: Որոշ դեպքերում զինվորական բժշկի պարտականություններից է նաև զինվորական ավաններում, դժվարամատչելի վայրերում բնակվող սպաների ընտանիքների անդամների բուժսպասարկումը: Պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ իրենց կարգավիճակով, կենցաղով, ծառայության բնույթով զգալիորեն տարբերվում են վերոնշյալ խմբերից: Այդ իրողությունն էլ բժշկին պարտավորեցնում է լինել առավել զգոն, աչալուրջ, ուշադիր, հետևողական:

Զինվորական բժշկի գործունեության ուղղությունները բազմաբնույթ են: Ես կարևորում եմ հատկապես բուժկանխարգելիչ, սանիտարահիգիենիկ-հակահամաճարակային միջոցառումները, անձնակազմին բժշկական գույքով ապահովումը, ռազմաբժշկական պատրաստությունը, բժշկական անձնակազմի մարտական պատրաստության բարձրացմանը միտված միջոցառումները: Զորամասի բուժծառայության պետը, բացի բուժական գործառույթից, կատարում է այլ՝ ոչ պակաս կարևոր գործառույթներ ևս՝ վերահսկող, գիտալուսավորչական, մանկավարժական և այլն:

Զինվորական բժիշկն առաջին հերթին պետք է օժտված լինի պատասխանատվության բարձ զգացումով, լինի հոգատար, աչալուրջ, խիստ, հետևողական: Զորամասի բուժծառայության պետը չի կարող պատշաճ կատարել միայն վերահսկող գործառույթը և հաջողության հասնել: Եթե փորձենք յուրաքանչյուր պացիենտի՝ տվյալ դեպքում յուրաքանչյուր զինվորի համարել «քննադատ», ապա զինվորական բժիշկը կանգնած է արմատապես տարբերվող տեսակետներ, արժեհամակարգ, մտածելակերպ ունեցող «քննադատների» բանակի առջև և պետք է իրեն այնպես դրսևորի, որպեսզի վաստակի նրանց վստահությունն ու հավատը:

Զորամասի բուժծառայության պետ լինելը նշանակում է պատասխանատվություն կրել յուրաքանչյուր ժամկետային, պայմանագրային զինծառայողի, սպայի, քաղծառայողի, ենթասպայի առողջության, կենցաղային պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի, բժշկական գույքով ապահովված լինելու և մի շարք այլ հարցերի համար: Իհարկե, երբեմն անհնար է բացառել բոլոր թերացումները, սակայն դրանք մշտապես վերլուծել ենք և փորձել շտկել հնարավորինս սեղմ ժամկետում: Պետք է նաև նշեմ, որ շատ մեծ դեր ունի անձնակազմը. առանց թիմային աշխատանքի անհնար է հասնել արդյունքի: Զորային օղակում չափազանց մեծ է ոչ միայն բժշկական կազմի, այլև սանհրահանգիչների, մայրապետերի, բուժակների դերը:

– Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որը չափազանց պահանջված է բանակում՝ հատկապես չավարտված պատերազմի պայմաններում: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան:

– Զինվորական բժշկի համար նեղ մասնագիտության ընտրության կարգը տարբերվում է: Ի տարբերություն մեզ՝ քաղաքացիական կյանքում բժիշկն ազատ է մասնագիտության ընտրության առումով: Զինվորական բժիշկը, սակայն, պետք է իրատես լինի, չընկճվի այն հանգամանքից, որ հնարավոր է՝ առաջարկվող մասնագիտությունների ցանկում չկարողանա ընտրել այն, ինչի մասին երազել է:

Դեռ ուսումնառության տարիներից ես ցանկացել եմ ընտրել վիրաբուժական պրոֆիլի մասնագիտություն: Վնասվածքաբանությունը միշտ հետաքրքրել է ինձ, և կարելի է ասել, մասնագիտության ընտրության հարցում ես հաջողակ էի: Վնասվածքաբանությունը և օրթոպեդիան ընդգրկում են երկու լայն ճյուղ՝ վնասվածքները և բնածին ու ձեռքբերովի այն արատները, հիվանդությունները, որոնք կապված են մարդու կմախքի, ոսկրային համակարգի, հոդերի, նաև կապաների և ջլերի հետ: Բանակում՝ թե՛ առաջնագիծն ապահովող ԱԲՋ-ներում, թե՛ հոսպիտալներում, վնասվածքաբան-օրթոպեդի պահանջարկը մեծ է: Եթե հոսպիտալներում գործում են համապատասխան բաժանմունքներ, որտեղ նեղ մասնագիտական բուժսպասարկում է իրականացվում, ապա ԱԲՋ-ների վիրաբուժական ծառայության կազմում ծառայող վնասվածքաբանը հաճախ ինքն է ղեկավարում իրադրությունը՝ առանց ավագ գործընկերոջ, ղեկավարի օգնության: Այս միտքն անընդհատ սթափեցնում է ինձ և ավելի է մեծացնում ձգտումն ուսման հանդեպ: Փորձում եմ այս ժամանակահատվածն առավել արդյունավետ օգտագործել, որպեսզի հոսպիտալային օղակ ներկայանամ որպես կայացած մասնագետ և իմ գիտելիքները, մասնագիտական հմտությունները շարունակեմ ծառայեցնել բանակին:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2 (1)