«Երեխաներից հետո գալիս է բանակը»

Մարտի 23-ին «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը բարեգործական նվիրատվություն իրականացրեց ՀՀ ԶՈՒ բուժծառայությանը:

Ներկայացնելով կազմակերպության հիմնադրման, գործունեության համառոտ պատմությունը՝ ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանը նշեց, որկազմակերպությունը ստեղծվել է 1988 թ.-ին (մինչև 2001 թ. այն կոչվել է «Հայաստանի մանկական ֆոնդ» ԲՀԿ): Երկրաշարժին հաջորդած ժամանակահատվածում կազմակերպության բոլոր միջոցներն ուղղվել են աղետալի երկրաշարժից տուժած երեխաներին: Ընդ որում՝ Արցախյան պատերազմի ընթացքում ասոցիացիան աջակցել է նաև արցախահայությանը և ազատամարտիկներին:

«Համագործակցելով ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման վարչության, ՀՀ առողջապահության նախարարության հետ և մասնակցելով բազմաթիվ առողջապահական ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը՝ աստիճանաբար մեր առաքելությունը դարձավ հիվանդ և հաշմանդամ երեխաներին օգնելը (պրոթեզավորման նպատակով բազմաթիվ երեխաների ուղարկել ենք Գերմանիա, ԱՄՆ, 2500 երեխաներ՝ 24 խմբով, մեկնել են 16 պետություններ՝ շոկաթերապիա ընդունելու): Գերմանական բարեգործական-առողջապահական կազմակերպության հետ կյանքի ենք կոչել «Առողջություն երեխաներին» ծրագիրը, որի շրջանակում տարվա մեջ 2 անգամ՝ օգոստոս և փետրվար ամիսներին, հիվանդ կամ հաշմանդամ երեխաներին ուղարկում ենք Գերմանիա, ԱՄՆ՝ բուժվելու կամ վիրահատվելու (բարդ վիրահատություններ են, որոնք Հայաստանում չեն կատարվում), հետվիրահատական բուժսպասարկում ստանալու նպատակով»,- պատմում է Վարուժան Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանն աջակցելու նախաձեռնությանը, ապա «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը փաստեց, որ գերմանացի գործընկերների կողմից իրենք պարբերաբար ստանում են օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ, որոնք առաջին հերթին մատակարարում են սահմանամերձ շրջանների և մանկական բուժհաստատություններին. «Ի սկզբանե նախատեսված է եղել բոլոր օգնությունները տրամադրել երեխաներին, բայց ստացել ենք նաև դեղամիջոցներ, սարքավորումներ, որոնք մեծահասակների համար են՝ հաշմանդամի էլեկտրական սայլակ, հենասայլակներ, հենաքայլակներ, և ես որոշեցի դրանք տրամադրել բանակի բուժծառայությանը: Երեխաներից հետո գալիս է բանակը»:

Վարուժան Սեդրակյանի հավաստմամբ՝ ինքը եղել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հաստատություններում, ծանոթացել առկա հնարավորություններին և ուրախ է, որ իրենց կազմակերպությունը նույնպես աջակցում է բանակի բուժծառայության համակարգին, որն այսօր հայրենանվեր առաքելություն է իրականացնում՝ հանուն զինվորի առողջության պահպանման, հանուն մարտունակ բանակի:

Էդիտա Մելքոնյան

Տեսանյութը՝ շուտով