«Շուշի քաղաքի ազատագրումը… Դրանից երջանիկ պահ ես չեմ ունեցել»

Արցախյան ազատամարտում Երևանի պետական համալսարանից մասնակցեցին ավելի քան 100 ուսանողներ: Նրանք ներգրավված էին ինչպես համալսարանական, այնպես էլ կուսակցական ջոկատներում: Ավա՜ղ, նրանցից 22-ը պատերազմի դաշտում զոհվեցին: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Իգոր Սարգսյանի հետ:

– Պարո՛ն Սարգսյան, Արցախյան ազատամարտում ինչպե՞ս ստեղծվեցին համալսարանական ջոկատները:

– 1988 թ.-ից հետո մի շարք բուհերում սկսեցին ձևավորվել ջոկատներ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, օրինակ, «Գարեգին Նժդեհ» ջոկատն էր, Բժշկական համալսարանում՝ «Նիկոլ Դուման» ջոկատը: Մայր բուհում էլ կային տարբեր ջոկատներ: Ես եղել եմ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մարտական ջոկատի պատասխանատուն: Այդ ջոկատի կազմում նաև կամավորներ կային գրեթե բոլոր բուհերից: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որն ուներ շուրջ 100 անդամ, պատերազմի ժամանակ 8 զոհ ունեցավ:

– Ձեզ և Ձեր ընկերներին ի՞նչն էր մղում, որ մասնակցեք Արցախյան գոյապայքարին:

– Առաջին հերթին տեսակի պահպանման խնդիր էր: Մտածում էինք, որ մենք երկրագնդի վրա ապրելու և մեր տեղն ունենալու իրավունք ունենք: Բոլորս մտածում էինք նույն կերպ. սա մերն է, և մեր սերունդների համար պետք է ազատագրված հող թողնենք, եթե անգամ դա մեր կյանքի գինն արժենա… Գիտեք՝ անգամ այդ տարիներին բուհերը շատ ուսանողներ ունեին: Հետևաբար ընդհանուր 100 հոգին մեծ թիվ չեմ համարում. նրանց շարքերում քիչ էին կռվողները: Կար որոշակի մաս, որն առանձնանում էր… Այդ մասն ավելի մտածող էր և հասկանում էր, որ կա դաստիարակության խնդիր, և ինչ-որ առումով հավատացած էին, որ միակ լուծումը պայքարն է:

Հատկապես առաջին շրջանում գաղափարական կամավորականների պայքար էր, ովքեր իսկապես գտնում էին, որ իրենց տեսակի պահպանման խնդիրն է, և պետք է պայքարեն: Հասարակությունն այնքան էլ չէր ուզում զոհաբերություններ անել. գաղափարական կամավորականները, այո՛, գնում էին զոհաբերության՝ առանց աչք թարթելու… Թաթուլ Կրպեյանի օրինակն ամենավառն է. նա անձնազոհությամբ, իրեն վտանգի ենթարկելով, փորձում էր փրկել ու պահել հայկական Գետաշեն գյուղը: Լավ օրինակ է նաև Պետրոս Ղևոնդյանը. երբ ընկերը մարտի դաշտում արնաքամ էր լինում, օգնության կանչում, նա, հաշվի չառնելով իր՝ գումարտակի փոխհրամանատար լինելը, իր ուսերին ավելի մեծ խնդիրներ ունենալը, նստեց մեքենան և գնաց փրկելու հայոց բանակի զինվորին՝ ճանապարհին զոհաբերելով իրեն: Գաղափարի և մոտեցման առումով սա հերոսության եզակի երևույթ է… Նա գնաց այդ զոհաբերությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է քո տեսակի, հայրենիքի ու բնական կենսատարածքի պահպանման համար կյանքդ զոհաբերես….

– Պարո՛ն Սարգսյան, իսկ ինչպե՞ս էր համալսարանի ղեկավարությունն ընդունում այն փաստը, որ իր ուսանողները կրթություն ստանալու փոխարեն մասնակցում էին պատերազմին…

– 1988-1989 թթ.-ին, երբ դեռ պատերազմ չկար, համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետներում կային շտաբներ, որոնք նպաստում էին կազմակերպվելու գործին: Նրանք բառացի չէին ասում, որ պետք է գնանք պատերազմ, բայց օգնում և իրականացնում էին որսորդական պարապմունքներ և այլն: Ինչ-որ առումով մեզ օգնում էին նաև մեր դասախոսները: Տղաներից շատերն իրենց քննությունները հետո էին հանձնում: Հիշում եմ, երբ վերջին կուրսում էի սովորում, Արցախից վերադառնալով՝ գնացի էլեկտրահետախուզություն առարկայի քննությանը, պատրաստ չէի և ստիպված դիմեցի դասախոսիս՝ Դմիտրի Խաչատրյանին՝ բացատրելու, թե որն է խնդիրը… Նա, իհարկե, որևէ առարկություն չարեց, բայց ես նրան խոստացա, որ երբ պատերազմն ավարտվի, անպայման պետք է գամ լրացուցիչ դասերի: Արդեն 1995 թ.-ին, երբ պատերազմն ավարտվել էր, տետրերը ձեռքիս՝ գնացի նրա մոտ: Դմիտրի Խաչատրյանը զարմացավ, անսպասելի էր, բայց երբ հիշեցրի տարիներ առաջ չհանձնած քննությանս մասին, հուզվեց…

– Ըստ Ձեզ՝ ո՞րն էր Արցախյան գոյապայքարում մեր կերտած հաղթանակի գրավականը:

– Ապրելու, ապրեցնելու, մեր հայրենիքը պահելու, մեր սերունդների համար կենսական տարածք ապահովելու ու մեզանից խլվածը հետ բերելու մեծ ցանկությունն էր: Ավելի քան 1000 տարի մենք մեր պետականությունը կորցրած ժողովուրդ ենք եղել, այնուհետև վերստեղծել ենք մեր պետությունը: Եվ ահա 40 սերունդ տանջանքով ու տառապանքով մշտապես երազել է հայ իշխանի գոյության, հայկական պետականության վերականգնման մասին: Եվ նոր սերունդը հասկացել է, որ առանց պետականություն ունենալու չի կարող ապրել: Այդ պետականության վերականգնումը, անկասկած, եղավ արյան գնով: Երևի ապրելու և գոյության մղումն էր, որ մեզ տարավ վայելելու հաղթանակի բերկրանքը: Մի բան էլ. մեր երիտասարդներն ավելի պատրաստակամ են, քան առաջ էր: Կարծում եմ՝ նրանց մեջ գեներն են արթնացել: Ես համոզված եմ, որ եթե պահը գա, նրանք մեզանից էլ լավ կկռվեն. նրանք արդեն ճաշակել են անկախությունը, իրավունքներն ու պարտականությունները:

– Արցախյան ազատամարտից ո՞րն է Ձեր ամենավառ հիշողությունը:

– Շուշի քաղաքի ազատագրումը… Դրանից երջանիկ պահ ես չեմ ունեցել: 40 սերունդների երազանքն ի կատար ածելու համար դու լուրջ պատասխանատվություն ես ստանձնել և դու կարողանում ես այդ երազանքն իրականություն դարձնել: Պատկերացնո՞ւմ եք… Գիտեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ զոհվելու գիտակցումը… Մենք մտածում էինք, որ ինչպես էլ գնայինք, մեզ խփելու են: Ադրբեջանցիների հաղթանակն ավելի իրատեսական էր, քանի որ նրանք վերևում էին, իսկ մենք՝ ներքևում, և եթե գլուխներս բարձրացնեինք, ապա նրանք մեզ կսպանեին…

– Ձեր կարծիքով՝ մենք արդյոք այսօր երազանք ունե՞նք…

– Կարծում եմ՝ ազգային երազանք՝ ո՛չ… Ես գտնում եմ, որ մեր ազգն ունի առաքելություն, և ցանկանում եմ, որ իմ ազգն ապրի այնքան ժամանակ, մինչև իր առաքելությունը չկատարի: Բացի դրանից՝ յուրաքանչյուր հայ նախևառաջ իրեն պետք է գնահատի որպես տիեզերքի մի տարր… Եվ այդ տարրն իր բնույթով, տեսակով, էությամբ պետք է հասկանա, որ հայի տեսակի պահպանման համար գոյության ու պայքարի մեջ պետք է լինի: Այսօր ես ցավում եմ նրա համար, որ մեզանից ոմանք լքում են մեր հայրենիքը, իսկ հայրենիքի հողը նրանն է, ով պայքարում է…

Հովհաննես Վարդանյան