ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին և Շուշիի ազատագրման 24-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները մեկնարկել են

Մարտի 23-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված ռազմական տեղագրությանը. այն ազդարարեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին և Շուշիի ազատագրման 24-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների մեկնարկը:

Միջոցառումն իրականացվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի դասախոսական կազմի նախաձեռնությամբ ու ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը հրավիրված էին Արցախյան պատերազմի մասնակիցներ Ռոմիկ Մխիթարյանը, Կարեն Իսրայելյանը, Գագիկ Ասրյանը, Միքայել Բայաթյանը, ինչպես նաև «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար Արմեն Մարտիրոսյանի՝ «Արջի» դուստր Զարուհի Մարտիրոսյանը:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Սամվել Գալստյանը, ողջույնի խոսք ուղղելով ներկաներին, ասաց. «Երբ բարձրանում ենք Շուշի, զարմանում ենք՝ ինչպես ենք հայերս կարողացել ճեղքել հակառակորդի օղակը, մտնել անառիկ բերդաքաղաք ու ազատագրել այն: Երբ մտնում ենք Քարվաճառ, նույնպես զարմանում ենք՝ ինչպես ենք գրավել այն: Անհնարինն է կատարվել. չունենալով քարտեզ, չունենալով քարտեզ կարդալու փորձառություն, երկու-երեք-չորս անգամ թվակազմով, զենք-զինամթերքով, սպառազինությամբ զիջելով թշնամուն՝ հաղթել ենք. ոգով ենք հաղթել: Եվ այսօր վերհիշելով անցյալը՝ պետք է մեր ներկան ու ապագան կերտենք՝ նույնքան փառահեղ հաղթանակներով»:

Կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակությունը ռազմաուսումնական հաստատություններում և մյուս բուհերում՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի պետ, փոխգնդապետ Գալուստ Թումասյանն էլ համառոտ ներկայացրեց միջոցառման կազմակերպման նախապատմությունը. բուհի առաջին կուրսի ուսանողների շրջանում անցկացվում է հարցում, և ի զարմանս հարցման կազմակերպիչների՝ 1 շաբաթ տևողությամբ «քարոզչության» արդյունքում ընդհանուր բժշկության ֆակուլտետի միայն 1-ին կուրսի ուսանողուհիների 70 տոկոսից ավելին դիպուկահարների պատրաստման դասընթացներին մասնակցելու բուռն ցանկություն, պատրաստակամություն է հայտնում. «Այս արդյունքը ևս մեկ ապացույց է, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները, ինչպես Արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր գիտակցելով յուրաքանչյուր քաղաքացու դերն ու կարևորությունը համընդհանուր-համազգային պայքարում, պատրաստ են հայրենիքի, ժողովրդի պաշտպանը դառնալուն, պատրաստ են ժամանակի մարտահրավերներին դիմակայելուն»:

Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմի տարիներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի բազմաթիվ ուսանողներ զինվորագրվեցին կամավորական ջոկատներին և մեկնելով ռազմաճակատ՝ մասնակցեցին ինքնապաշտպանական-ազատագրական ամենաթեժ մարտերին:

«10-15 հոգով դուրս գալով թշնամու դեմ և կատարելով առաջադրանքը՝ նրանք բուժկետ չէին բացում, այլ սպասում էին, թե երբ է տրվելու հաջորդ առաջադրանքը»,- հիշեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս, Արցախյան պատերազմի մասնակից, մայոր Գառնիկ Գասպարյանը՝ նշելով, որ ռազմահայրենասիրական բաց դասերի կազմակերպումը ոչ միայն անհրաժեշտ է բարձրացող սերնդին ոգեշնչելու նպատակով, այլև ևս մեկ անգամ հիշելու «այն տղերքին, ովքեր կամավոր մեկնեցին ճակատ և ազատագրեցին հող հայրենին, կերտեցին հաղթանակը՝ մի էջ, որը հավերժ մնալու է մեր ժողովրդի պատմության մեջ: Նրանք մեր հանրապետության ազգաբնակչության ընդամենը մեկ տոկոսն էին՝ 3 միլիոնից 30 հազարը: Նրանցից շատերը, ցավոք, այսօր մեզ հետ չեն… Շատերը կորցրել են իրենց առողջությունը, բայց շարունակում են ծառայել հայրենիքին ու ժողովրդին»:

Ամփոփ ներկայացնելով բաց դասի՝ ռազմական տեղագրության ուսուցման կառուցվածքը՝ Գառնիկ Գասպարյանը փաստեց, որ դասախոսական կազմը փորձում է հանգամանորեն սովորեցնել՝ ինչպես կարելի է ավանդական և ժամանակակից եղանակներին տիրապետելով, առանց քարտեզի կողմնորոշվել տեղանքում, մագնիսական ազիմուտով որոշել շարժման ուղղությունը, հաշվարկներ ու չափումներ կատարել տեղանքում, ինչպես նաև ծանոթացնում է տեղագրական քարտեզների հետ: Ընդ որում՝ անծանոթ տեղանքում կողմնորոշվելու հմտություններին տիրապետելն անհրաժեշտ է ոչ միայն ռազմական գործում, այլև առօրյա կյանքում նույնպես կարող են անկանխատեսելի իրավիճակներ լինել:

Ինչպես հայտնի է, Արցախյան պատերազմի ժամանակ առաջին անգամ տեղագրական քարտեզ գծվել է Շուշիի ազատագրման մարտական գործողության պլանը մշակելիս. այդ օպերացիան մեր նորօրյա ռազմարվեստի ամենափառավոր էջը դարձավ: Միջոցառման ընթացքում ներկաները ևս մեկ անգամ դիտեցին «Հարսանիքը լեռներում» փաստավավերագրական ֆիլմը և կրկին տոգորվեցին հուզմունքով՝ տեսնելով այն հերոսներին՝ հրամանատարներին ու մարտիկներին, ովքեր գնում էին դեպի «մահը իմացյալը»:

«…Մայիսի 9-ի գիշերը՝ առավոտյան ժամը 4-ին, հակառակորդի վերջին զինվորները լքեցին Շուշին, և հայ զինյալները հաղթանակած ոտք դրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք: Ազատագրվեց Շուշին՝ հնամյա, տանջահար ու վիրավոր: …Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին կրկին վեր հառնեց օծված խաչը՝ որպես մեր հազարամյա գոյության և գալիք դարերի լույս խորհրդանիշ, և կրկին հնչեց պահպանիչ աղոթքը՝ միահյուսված ուրախության արցունքներին… Տե՛ր, կեցցո՛ դու զհայս»:

Բարձրացող սերունդն այսօր էլ հիշում է Արցախյան հաղթանակը կերտած նվիրյալներին, նրանց համարում ժամանակի հերոսը, նրանց օրինակին է հետևելու, եթե կրկին վտանգվի հայրենիքի անդորրը: Որպես ասվածի վկայություն՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի դասախոսական կազմը գրառումներ ներկայացրեց ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Իրինա Հովսեփյանի աշխատանքային տետրից, որը նա վարել է փետրվար-մարտ ամիսներին՝ համազորային պատրաստության ցիկլի դասաժամերին. «…Սերունդները հզոր են այն դեպքում, եթե հզոր են եղել նրանց նախնիները: Մենք ապրում ենք մեկ կյանք, և յուրաքանչյուր մարդու կյանք իր իսկ ձեռքով գրված գիրք է. ցանկալի է այն գրել այնպես, որ դրա սրբագրման կարիքը չլինի»:

Ռազմական տեղագրությանը նվիրված բաց դասի ընթացքում բուհի նորաստեղծ երաժշտական խմբի անդամների, ուսանողների կատարմամբ հնչեցին սիրված երգեր՝ «Երազ իմ երկիր հայրենի», «Թռչեի մտքով տուն», «Ախպերս ու ես», «Գետաշեն», «Հայաստան», «Կիլիկիա» երգերը:

Թերևս քչերը գիտեն, որ «Ախպերս ու ես» երգը գուսան Տոտիկը գրել է խրամատում 1993 թ.-ին՝ Մարտակերտի ազատագրման թեժ մարտերի օրերին, ու նվիրել է Շենգավիթի ջոկատի հիմնադիր-հրամանատար Ռոլանդ Քելեշյանին և փոխհրամանատար Ռոմիկ Մխիթարյանին: Վերջինս նույնպես հրավիրված էր բաց դասին: Ռոմիկ Մխիթարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, շնորհավորելով կանանց ու աղջիկներին գարնանային միամսյակի առթիվ, ասաց. «…Ես ուրախ եմ, որ երգը սիրվել է, որ երգը շարունակում է ապրել, բայց այդ երգը մարտական, ռազմաշունչ երգ է… պետք չէ այն լացակումած երգել»: Եվներկաների թույլտվությամբ կատարեց երգի ճիշտ տարբերակը՝ խրոխտ, ոգեշնչող, իսկ հանդիսատեսը երգի ընթացքում չդադարող ծափողջույններով ձայնակցեց ազատամարտիկին:

Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքներում կարծես ընդունված ավանդույթ է դարձել. զավակները շարունակում են հայրերի պայքարը: Գառնիկ Գասպարյանի որդին՝ Հակոբ Գասպարյանը, ներկայացրեց բանաստեղծություններ՝ նվիրված Շուշիի ազատագրմանը: «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար Արմեն Մարտիրոսյանի դուստր Զարուհի Մարտիրոսյանը, ով, ավարտելով ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, այսօր ՀՀ ոստիկանության զորքերի վարչության բուժծառայության համակարգում է ծառայում, ողջունեց սիրելի դասախոսներին, իր հոր մարտական ընկերներին. «Ես 8 տարեկան էի, երբ հայրս զոհվեց… բայց այսօր ես հպարտանում եմ նրանով. նա հերոս էր, ու թերևս չեմ կարող չնշել, որ հայրենիքին ծառայելը գեներով եմ ժառանգել»:

Հանդիպման ավարտին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին և Շուշիի ազատագրման 24-ամյակին նվիրված բաց դասը համարեց կայացած և առաջարկեց դասին մասնակցած ուսանողներին այսօր գնահատել գերազանց, իսկ կազմակերպիչներին… գերգերազանց:

«Ամենաթանկը, որ ունենք այսօր, անկախության սերունդն է, սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում, սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու իր ժողովրդին»:

Էդիտա Մելքոնյան

  • _0160409 (Large)
  • _0160438 (Large)
  • _0160414 (Large)
  • _0160418 (Large)
  • _0160417 (Large)
  • _0160427 (Large)
  • _0160416 (Large)
  • _0160411 (Large)
  • _0160413 (Large)
  • _0160431 (Large)
  • _0160436 (Large)
  • _0160434 (Large)
  • _0160439 (Large)