Գլխի փոխպատվաստման վիրահատությունը նախանշված է 2017 թ.-ին

Աննախադեպ վիրահատության մասին առաջին անգամ խոսվեց այս տարեսկզբին, երբ իտալացի բժիշկների խումբը (Turin Advanced Neuromodulation)՝ նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոյի ղեկավարությամբ, հայտարարեց, որ գլխի փոխպատվաստման թեկնածուն ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովն է:

Արդեն մի քանի տարի է, ինչ գիտական խումբն աշխատում է այդ ուղղությամբ: Գլխի և մարմնի ողնուղեղի ծայրերը, ինչպես նաև խոշոր արյունատար անոթները կմիացվեն հատուկ նյութերով: Փոխպատվաստման ամբողջ ընթացքը կտևի մոտավորապես 36 ժամ, այնուհետև հիվանդին մեկ ամիս կգցեն արհեստական կոմայի մեջ, որից դուրս գալուց հետո նա կկարողանա ոտքի կանգնել և քայլել միայն մեկ տարի անց:

Վալերի Սպիրիդոնովը տառապում է եզակի գենետիկ հիվանդությամբ՝ ողնաշարի ամիատրոֆիա (spinal amyotrophy Werdnig-Hoffmann), ինչի պատճառով նա գամված է հաշմանդամի սայլակին: Վիրահատության արժեքը միլիոնավոր դոլարներ է կազմում: Եվ քանի որ նախկինում նմանօրինակ վիրահատություններ չեն կատարվել, ու բացի բժշկական հարցերից՝ կան նաև իրավաբանական որոշ խնդիրներ, ուստի Սերջիո Կանավերոն չի բացառում, որ վիրահատությունը կարող է կատարվել Չինաստանում կամ այն երկրներում, որտեղ եվրոպական օրենքներն անզոր կլինեն:

(http://www.nat-geo.ru/science/237321-programmist-iz-rossii-otdaet-svoyu-golovu-dlya-peresadki)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան