Ռազմաբժշկական միջազգային համագործակցություն

2005 թվականին, երբ կնքվեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը« սկսվեց նաև ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության մասնակցությունը ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերին:
Առաջին միջազգային առաքելությունը, որին ներգրավվեցին հայ զինվորական բժիշկները դա Իրաքի խաղաղապահ առաքելությունն էր: 2005-ից մինչև 2008 թվականը հայկական զորախմբի կազմում առաքելությանը մասնակցող հայ զինվորական բժիշկներն իրականացնում էին Իրաքի բնակիչների, ինչպես նաև հայկական զորախմբի բժշկական ապահովումը: Հայ զինվորական բժիշկների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին շարունակվում է մինչ օրս, այժմ մեր բժիշկները և բուժակները իրականացնում են տեղի ազգաբնակչության, ինչպես նաև մեր զորախմբերի բժշկական սպասարկումը Աֆղանստանում և Կոսովոյում:
2007-ից ՀՀ զինված ուժերը` ռազմաբժշկական վարչության պետի մակարդակով ընդգրկված են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական վարչությունների պետերի կոմիտեում (COMEDS) , ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող տարաբնույթ ռազմաբժշկական միջոցառումներին, տարբեր երկրների զինված ուժերի բժշկական ապահովման յուրահատկություններին և նոր մոտեցումներին: Կոմիտեի աշխատանքներին հայկական կողմի մասնակցությունը թույլ է տալիս նաև իրականացնել անմիջական քննարկումներ տարբեր երկրների ռազմաբժշկական ծառայությունների պետերի հետ, ծանոթանալ ոչ միայն ՆԱՏՕ-ի չափանիշներին, այլև յուրաքանչյուր անդամ երկրի ռազմաբժշկական ծառայությունների առաջավոր փորձին: Հայկական կողմն ունի մշտական անդամ նաև Կոմիտեին կից գործող վերահսկող խմբում, որտեղ քննարկվում են Կոմիտեին ենթակա բոլոր աշխատանքային խմբերի ծրագրերը: Այսպիսով, մենք հնարավորություն ենք ունենում իրազեկվել բոլոր դրական զարգացումների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում դրանք տեղայնացնել մեր զինված ուժերում:
Ակտիվ է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համագործակցությունը նաև ամերիկյան գործընկերների հետ և այն թափ առավ 2007 թվականից, երբ ԱՄՆ-ի ՙԱրտաքին ռազմական ֆինանսավորում՚ /ՖՄՖ/ ծրագրի շրջանակներում Հայաստանը հնարավարություն ունեցավ ձեռք բերելու շարժական դաշտային հոսպիտալ (EMEDS Basic) (Expeditionary medical system), որը հնարավորություն տվեց իրականացնելու նոր ծրագրեր, մասնավորապես` հայ և ԱՄՆ մասնագետների հետ համատեղ իրականացնել բազմաթիվ վարժանքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Վերջինը այս տարվա օգոստոսին էր, Հայաստանից հինգ զինվորական բժիշկ Կանզասում մասնակցեց ՙԱչալուրջ պահապան ՚ անունը կրող զորավարժությանը: Այսօր մենք ունենք պատրաստի շարժական դաշտային հոսպիտալ` դաշտային պայմաններում մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Դաշտային հոսպիտալը կարող է օգտագործվել ՀՀ ամբողջ տարածքում, ինչպես նաև իրականացնել ՀՀ խաղաղապահ առաքելություններ բժշկական ապահովումը:
ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցության շրջանակներում ՀՀ զինված ուժերի մեկ տասնյակից ավելի ավելի բժիշկներ և բուժակներ հնարավորություն են ունեցել վերապատրաստվել ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվում է նաև ՀՀ ԶՈՒ առաջին բուժօգնության ցուցաբերման դասընթացներ, որը նախատեսված է ինչպես սպաների, այնպես էլ ենթասպաների ու զինվորների համար:
Գերմանիայի հետ համագործակցության շրջանակում հայկական կողմը գերմանական կողմից նվեր ստացավ առաջին բուժօգնության ցուցաբերման համար նախատեսված դաշտային բուժկետի սարքավորումներ, որով հնարավորություն է տալիս ցանկացած պայմաններում իրականացնել առաջին և մասնագիտական բուժօգնություն: Գերմանական սարքավորումների նվիրատվությունից հետո ԳԴՀ Բունդեսվերի ռազմաբժշկական մասնագետների հետ համատեղ անցկացվել են պարապմունքներ և վարժանքներ: Այսօր մենք ունենք շարժական բժշկական փրկարարական համակարգ (DMRS – Deployable medical rescue system), որի նշանակությունը պարզապես դժվար է գերագնահատել: Պետք է նշել, որ այսօր արդեն 10-ից ավելի հայ զինվորական բժիշկներ են վերապատրաստվել Գերմանիայի հոսպիտալներում, ծանոթացել է գերմանական փորձին և հաջողությամբ այն կիրառում է մեր ռազմաբժշկական համակարգում:
Ռազմաբժշկական միջազգային համագործակցության շրջանում 2006-2010թթ. ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչները և Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները մասնակցել են ԱՄՆ եվրոպական հրամանատարության (EUCOM) կողմից կազմակերպվել ՙMEDCEUR՚ ամենամյա միջազգային բժշկական վարժանքներին: Ամեն տարի ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության սպաները մասնակցում են Կաունասում (Լիտվայի Հանրապետություն) կայացող ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող ՙԲժշկական ծառայության շտաբային սպաների՚ և ՙՎնասվածքների մինչհոսպիտալային բուժօգնության ցուցաբերման՚ դասընթացներին: Սա ևս մեկ հնարավորություն է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության կազմակերպիչների և բժիշկ-մասնագետների որակական հատկանիշների բարձրացման, փորձի փոխանակման և ձեռք բերված գիտելիքները առօրյա գործունեության մեջ օգտագործելու ուղղությամբ:
Մենք համագործակցում ենք նաև Չինաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության հետ, որի շրջանակում մեր բժիշկները վերապատրաստվում են Չինաստանի հոսպիտալներում:
Հունաստանի հետ համագործակցում ենք ռազմաբժշկական կրթության ոլորտում: Մինչ օրս Հունաստանի ռազմաբժշկական ակադեմիայում իրենց ուսումնառությունը ավարտել են Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի, ևս 6 հոգի շարունակում են կրթությունը:
Ռուսաստանի հետ նույնպես համագործակցում ենք ռազմաբժշկական կրթության ասպարեզում: ՀՀ ԶՈՒ ապագա ռազմական բժիշկները ուսանում են Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, ինչպես նաև իրականացվում է հայ ռազմական բժիշկների վերապատրաստման ծրագիր:
Բելառուսի հետ համագործակցում ենք առողջարանա-կուրորտային բուժման շրջանակներում` մեր զինծառայողները կարող են բուժվել Բելառուսի առողջարաններում, մենք էլ մեր հերթին կարող ենք բելառուսցիներին հյուրընկալել մեր առողջարաններում: Որպես վերջաբան, կցանկանայի նշել, որ հայկական կողմը պատրաստվում է ընդլայնելու ռազմաբժշկական համագործակցության շրջանակները, ծրագրում է մասնակցել նոր ծրագրերի, որովհետև վստահ է, որ արդյունավետ միջազգային համագործակցությունը, միջազգային փորձի նպատակային կիրառումը զարգացման ու առաջընթացի հուսալի գրավական է:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

  • Picture2
  • Picture3
  • Picture7
  • Picture8
  • received_m_mid_1406391686618_e5054bebb4851eb433_0