Բաժանմունքը տիպային դարձնելն ուղղակի անհրաժեշտություն է

2015թ. Ռազմաբժշկական ծառայության գործունեության արդյունքները ներկայացնելիս, ի թիվս այլ ձեռքբերումների, նշվեց, որ «եթե 2014 թ. գրանցվել է վարակիչ հիվանդությունների մոտավորապես 7000-8000 դեպք, ապա 2015 թ. այդ թիվը 30%-ով նվազել է, իսկ աղիքային վարակների բռնկում ընդհանրապես չի գրանցվել»:

ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալ կատարած այցելության ժամանակ հանդիպելով ինֆեկցիոն բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Էդգար Տիտանյանին՝ փորձեցինք պարզել նրա գնահատականը բաժանմունքի բուժական և նյութատեխնիկական մատակարարման ապահովվածության, ծառայության իրականացման վերաբերյալ:

-ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքը ստեղծվել է 1998 թ. և կենտրոնական բաժանմունք է համարվում ԼՂՀ պաշտպանության բանակի համար: Ճիշտ է, այն տեղակայված է առանձնացված մասնաշենքում, սակայն բաժանմունքը՝ որպես այդպիսին, տիպային ինֆեկցիոն բաժանմունք չէ, այլ ժամանակին հարմարեցված կառույց (…և այսօր հիմնանորոգման կարիք ունի):

Սովորաբար ինֆեկցիոն բաժանմունքը պետք է ունենա 2 առանձնացված հարկաբաժիններ՝ կառույցներ՝ օդակաթիլային և աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդներին առանձնացնելու, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ հատուկ խնամք իրականացնելու նպատակով: Ամեն հիվանդասենյակ պետք է նախատեսված լինի առավելագույնը 2 հիվանդի համար՝ բոքսային նյութատեխնիկական ապահովվածությամբ, ունենա առանձին սանհանգույց, ելումուտ: Այսօր ընդամենը 2 հիվանդասենյակ ունենք, որոնք քիչ թե շատ բոքս կարող են հիշեցնել, սակայն նույնիսկ այսպիսի պայմաններում բաժանմունքի բուժանձնակազմի կողմից ծառայությունն իրականացվում է հավուր պատշաճի:

Անդրադառնալով զորային օղակում վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման պատճառներին՝ Էդգար Տիտանյանը նշեց.

Վարակիչ հիվանդությունների փոխանցումը մարդուն (այլ հիվանդից, կենդանուց կամ միջատից) տեղի է ունենում տարբեր՝ օդակաթիլային, ալիմենտար, անմիջական շփման ճանապարհներով, արյան միջոցով՝ բավարար քանակությամբ հարուցիչի (վարակի աղբյուր) և «մուտքի դռների» (վնասված մաշկ, լորձաթաղանթ, և այլն) շփման առկայության դեպքում:

Զորային օղակում առավել հաճախ հանդիպում են աղիքային և օդակաթիլային վարակիչ հիվանդությունները, որոնք, գաղտնիք չէ, սեզոնային բնույթ են կրում. տաք եղանակներին առավել տարածված են աղիքային, իսկ ցուրտ եղանակներին՝ շնչառական համակարգի վարակները: Դրանցից խուսափելը գրեթե անհնար է, քանի որ զինվորական ստորաբաժանումները հանդիսանում են «փակ» կոլեկտիվ և այդպիսով դառնում ռիսկային վարակիչ հիվանդությունների տարածման համար:

Վարակիչ հիվանդությունների մասսայական տարածումը կանխելու նպատակով մեծ աշխատանք է տարվում թե՛ զորային և թե՛ հոսպիտալային օղակների բուժծառայության աշխատակիցների կողմից: Ըստ վերադասի կողմից սահմանած ժամանակացույցի՝ հոսպիտալի բժիշկներն այցելում են կայազորային զորամասեր, մասնակցում կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, մեթոդական ցուցումներ տալիս զորային օղակի բուժծառայության աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում, եթե արդեն գրանցվել են որոշակի հիվանդությունների օջախներ, ակտիվորեն ներգրավվում հիվանդ զինվորների հայտնաբերման աշխատանքներին և նրանց տեղափոխում հոսպիտալ, իսկ այն հիվանդին, ում մոտ հետագայում բուժման ֆոնի վրա նկատվում է որոշակի բարդությունների զարգացման հավանականություն, կամ որոշակի լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն կա, ուղարկում ենք բուժապահովման հաջորդ օղակ:

Որպեսզի հիվանդության տարածումը համարվի բռնկում, անձնակազմի 30%-ը և ավելին պետք է վարակված լինի այդ հիվանդությամբ. արվում է ամեն ինչ՝ հնարավոր բռնկումները թույլ չտալու, ժամանակին կանխելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Գարիկ Մարտիրոսյանը նույնպես ինֆեկցիոն բաժանմունքի ծառայությունը գնահատեց արդյունավետ և այդ գործում կարևորեց բաժանմունքի պետի դերակավարումը.

Երբ 2014 թ. Էդգար Տիտանյանը Վարդենիսի կայազորային հոսպիտալից, որտեղ ծառայել էր որպես բժիշկ-վարակաբան, տեղափոխվեց ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալ որպես ինֆեկցիոն բաժանմունքի պետ, 8 ամիս բաժանմունքի և՛ պետն էր, և՛ միակ բժիշկը: Հունվար ամիսն էր, բնականաբար, շնչառական վարակներով հիվանդների հոսք էինք ունեցել, սակայն մյուս բաժանմունքների բժիշկները նույնպես ներգրավվել էին հիվանդների բուժսպասարկման իրականացմանը, և կարողացանք այդ շրջանն էլ հաղթահարել: Այսօր բաժանմունքում երկու բժիշկ է ծառայում. դա, իհարկե, առաջընթաց է մեզ համար, սակայն եթե հաշվի առնենք, որ ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքը կենտրոնական բաժանմունք է ԼՂՀ ՊԲ-ի համար, և հետևաբար մեզ են դիմում և՛ պայմագրային, և՛ ժամկետային զինծառայողներ, և՛ նրանց ընտանիքների անդամներ, ապա պարզ կդառնա՝ ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում այդ բաժանմունքը, և այն տիպային դարձնելն ուղղակի անհրաժեշտություն է՝ ժամանակի պահանջ:

Էդիտա Մելքոնյան