Կենսաբանական ռիթմերը որպես կյանքի հիմնական հատկություն («կենսաբանական ժամացույցներ»)

Գիտության մեջ հազվադեպ է պատահում այնպիսի բնագավառ, որը մեծ հետաքրքրություն ներկայացնի տարբեր հետազոտողների համար: Կենսաբանական ռիթմերի կամ «կենսաբանական ժամացույցների» (քրոնոկենսաբանություն կամ «կյանքի ռիթմեր») բնագավառն այդպիսին է, որով զբաղվում են ֆիզիոլոգն ու կենսաքիմիկոսը, բժիշկն ու գյուղատնտեսը, բուսաբանն ու կենդանաբանը, նույնիսկ՝ մաթեմատիկոսը: Ավելին՝ դա մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև ընթերցողների լայն շրջանում:

Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքների ժամանակ (Ք.ա. 334) նրա բանակի հետ մեկնած բնագետ գիտնականներից մեկն ուշադրություն է դարձրել եղջերածառի տերևների պարբերական շարժումներին, որոնք ստույգ համապատասխանել են ցերեկվա ու գիշերվա հաջորդականությանը: Ծառերի տերևները թառամած կախված են եղել գիշերը, իսկ ցերեկը՝ աշխուժորեն ուղղվել: Այդ մասին գիտնականի կողմից իր օրագրում կատարված նշումները մոռացության են տրվել:

Կենսաբանական ռիթմերով հետաքրքրվել են 2500 տարի առաջ, իսկ այդ մասին գրավոր վկայություն տվել է հին հույն բանաստեղծ Ալքիլոկը, ով գրել է. «Իմացի՛ր՝ ինչպիսի ռիթմ է իշխում մարդկանց»:

Ռիթմերի նշանակությունը գնահատել են խորը հնադարի հանճարեղ մտածողներ Հիպոկրատը, Արիստոտելը և ուրիշներ: Արիստոտելը գրել է. «Միանգամայն բնական է օրգանիզմում ընթացող բոլոր երևույթների տևողությունը որոշել պարբերականությամբ՝ ռիթմով»:

Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելին հիշեցրել է. «…միշտ հաշվի առնել, որ օրգանիզմում յուրաքանչյուր բջիջ, օրգան ունի կենսագործունեության որոշ փուլ՝ որոշակի տևողությամբ և ռիթմով: Դրանք կարող են լինել մեծ շարժունություն կամ թույլ, դանդաղ շարժունություն ունեցողներ: Առաջին դեպքում ֆունկցիաների խանգարումները շուտ են դրսևորվում, իսկ թույլ, դանդաղի դեպքում՝ ուշ, դանդաղ փուլի պատճառով: Եվ միշտ պետք է հաշվի առնել ժամանակի գործոնն ու նկատի ունենալ, որ արագ ու դանդաղ ընթացող գործընթացները միշտապես գտնվում են խիստ բարդ փոխազդեցության մեջ»:

1729 թ.-ին ֆրանսիացի գիտնական դը Մերանը նույն երևույթը նկատել է պատկառուկի (ամոթխած միմոզա), թթվառվույտի, ակացիայի, լոբու տերևների վարքագծում: Գիտնականը նույնիսկ շուրջօրյա լուսավոր և մութ պայմաններում նկատել է տերևների այդպիսի վարքագիծ: Բույսերը կարծես թե շարունակել են «զգալ» գիշերվա և ցերեկվա հաջորդականությունը, չնայած դա իրականում բացակայել է: Ավելի ուշ՝ 1832 թ.-ին, գիտնականները շուրջօրյա մութ պայմաններում նույնպես ուշադրություն են դարձրել բույսերի տերևների այդ հատկությանը: Այդ դիտարկումներից պարզվել է, որ տերևները ենթարկվում են ժամանակի գործոնին, գիշերը «տարբերում» ցերեկից, որոշում են օրվա ժամանակը, այսինքն՝ ունեն ժամացույցներ, որոնց անվանեցին «կենսաբանական ժամացույցներ»: Այդ ժամացույցները նման չեն մեխանիկական ժամացույցներին, չունեն թվատախտակ, սլաքներ, անվակներ, չեն տկտկում, սակայն ճշգրիտ ցույց են տալիս օրվա ժամանակը: Այդ երևույթի մեխանիզմը երկար ժամանակ գաղտնիք է եղել հետազոտողների համար:

Այժմ հայտնի է ոչ միայն տերևների շարժման մեխանիզմը, այլև շարժումները ղեկավարող համակարգերի առկայությունը:

Տարբեր կենսաբանական ռիթմեր կան՝ վայրկյաններ, րոպեներ, օրական, շաբաթական, ամսական, սեզոնային, տարեկան (1, 1.5, 11 տարի, 300, 400, 800 և նույնիսկ 900 տարի տևողությամբ): Կենսաբանական ռիթմերն օրգանիզմի կենսագործունեության որակական և քանակական ռիթմային փոփոխությունների գործընթաց են:

Այժմ ընդունված է, որ կենսառիթմությունը բոլոր կենդանի օրգանիզմների, էակների կյանքի գլխավոր հատկություններից մեկն է, նրանց ֆունկցիաները կարգավորող, ներքին միջավայրի կայունությունը պահպանող և արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարեցնող կարևոր մեխանիզմ: Յուրաքանչյուր օրգանիզմում ընթացող կենսառիթմերը հարմարեցված են մեկը մյուսին, այլապես դրանք ապրել չէին կարող, կկործանվեին:

Կենսառիթմերն արտահայտվում են կյանքի բոլոր մակարդակներում ՝ անձրևաջրի կաթիլում, վխտացող մանրագույն էակներից մինչև մարդը, սկսած բուսական և կենդանական բջիջներում ընթացող կենսաքիմիական, մոլեկուլային մակարդակից մինչև բարդ վարքագծային ռեակցիաները, մինչև կենսոլորտը: Ներկայումս մարդու օրգանիզմում հայտնաբերված են կենսաքիմիական տարբեր գործընթացների և ֆիզիոլոգիական ֆունկցիաների մոտավորապես 400 կենսառիթմեր:

Իսկ ինչո՞ւ են բջիջները, օրգանները, օրգանների համակարգերն օժտված ժամացույցի մեխանիզմով, ճշգրիտ ընթացող ռիթմով, այսինքն՝ կենսաբանական ժամացույցով: Ի՞նչ գործընթացներ են կատարվում օրվա այն ժամերին, երբ, օրինակ, դանդաղ է կծկվում սիրտը (դանդաղ սեփական ռիթմով՝ մեկ րոպեում 70-80 անգամ), դանդաղ է շրջանառվում արյունը, դանդաղ է շնչառությունը, նյութափոխանակությունը, ցածր է մարմնի ջերմաստիճանը և այլն:

Հայտնի է, որ օրգանիզմի հյուսվածքների (որոշ բացառությամբ) բջիջներն ունեն կյանքի որոշ տևողություն, ապա ծերանում, մահանում են, քայքայվում ու հեռանում են օրգանիզմից: Սակայն «ծնվում են» նրանց նման նոր, երիտասարդ բջիջներ (այնքան, որքան մահացել էին) և փոխարինում են հներին: Գիտնականները պարզել են, որ այդ գործընթացն առավել ուժգնորեն կատարվում է օրվա այն ժամերին, երբ տվյալ օրգանում, հյուսվածքում դանդաղ են ընթանում կենսաքիմիական գործընթացներն ու ֆիզիոլոգիական ֆունկցիաները, նրանցից ակտիվորեն հեռանում են նաև նյութափոխանակության արգասիքները՝ թունավոր նյութերը, ավելորդ, օգտագործված ջուրը, ավելորդ հանքանյութերը, օրինակ՝ NaCl (կերակրի աղ), կուտակվում է էներգիա: Այս հակադարձ համեմատության արդյունքը լինում է հյուսվածքների, օրգանների «երիտասարդացումը, թարմացումը», որոնք էլ օրգանիզմի երկարակեցության գրավականն է:

Սակայն կենսաբանական ռիթմերի մասին անտեղյակության հետևանքով մարդը օրական «փչացնում է» իր օրգանիզմի կենսաբանական ժամացույցները և նպաստում որոշ հիվանդությունների առաջացմանը, որոնք էլ վաղաժամ ծերացման ու կարճատև կյանքի պատճառ են դառնում:

Երկար ժամանակ գիտնականները կենսաբանական և բժշկական հարցեր լուսաբանելիս անտեսում էին կենսառիթմերը, դրանց նշանակությունը: Այդ մասին են վկայում օրգանիզմի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական գիտափորձերից ստացված հակասական արդյունքները և բժշկության՝ հիվանդությունների պատմությունների վրա հիմնված փաստերը, այն է՝ զանազան հիվանդությունների ախտանշաններ դրսևորվում են խիստ արտահայտված պարբերականությամբ՝ ռիթմով:

Ուստի որոշ մարդիկ կարող են ճշտորեն կանխագուշակել իրենց քրոնիկական հիվանդության սրացման վրահասի ամիսը, օրը, նույնիսկ՝ ժամը, այլ կերպ ասած՝ թե «երբ կհնչեն այդ ժամացույցները»: Այս դեպքում հեշտ է կիրառել կանխարգելիչ միջոցներ:

Ժամացույցի ճշտությամբ հիվանդությունների պարբերական կրկնությամբ պայմանավորված՝ գիտնական Ռիխտերն առաջարկել է տեսություն, ըստ որի՝ մարդու բնականոն ֆիզիոլոգիական վիճակը կախված է նրա «կենսաբանական ժամացույցներից», այսինքն՝ երբ «փչանում է» որևէ օրգանի, հյուսվածքի ժամացույցը, օրինակ՝ սրտի կծկման, արյան ճնշման, արյան շաքարի պարունակության և այլ ցուցանիշների օրական բնականոն տատանումները՝ օրական ռիթմերը, և առաջանում են համապատասխան հիվանդություններ: Բուժելու համար էլ պետք է «նորոգել» այդ ժամացույցները: Ամբողջական օրգանիզմի ժամացույցների «փչանալու» դեպքում էլ մարդը մահանում է:

Այդ «փչացած ժամացույցները» պետք է «նորոգել»: Նորոգող որակյալ «ժամագործն» էլ օրգանիզմի կենսաբանական ռիթմերը լավ իմացող բժիշկն է:

Կուտակված են դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի քրոնազգայնությանը վերաբերող տվյալներ, որոնք վկայում են, որ հիվանդությունների բուժման արդյունավետությունը որոշվում է ոչ միայն դեղանյութի ճիշտ ընտրությամբ և չափաքանակով, այլև օրգանիզմ ներմուծելու օրվա ժամանակով: Դեղանյութերի թերապևտիկ առավել արդյունքն ապահովում է դրա ընդունումն օրվա այն ժամերին, որը պետք է համապատասխանի տվյալ օրգանի ֆունկցիայի բնականոն կենսաբանական ժամացույցին: Օրինակ՝ շաքարախտ հիվանդության ինսուլինային բուժման ժամանակ ներարկվող ինսուլինի քանակը, ներարկման ժամանակը պետք է համապատասխանեն առողջ ենթաստամոքսային գեղձի արտադրած ինսուլինի քանակի օրական ռիթմին՝ նրա կենսաբանական ժամացույցին: Հակառակ դեպքում բուժումը կնմանվի «Ունքը սարքելու փոխարեն աչքը կհանեն» ասացվածքին:
Համասփյուր Հովհաննիսյան,

կենս. գիտ. թեկնածու, դոցենտ