ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մասնակցելու է բազմազգ զորավարժությանը

Մարտի 31-ից ապրիլի 23-ը Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողների մասնակցություն:

Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվելու ու գործարկվելու է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Հոսպիտալը և դրա անձնակազմն արդեն ժամանել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և ակտիվորեն ներգրավված են զորավարժության նախապատրաստական աշխատանքներում:

Նշված զորավարժությունը, միջազգային առաքելություններին 2-րդ մակարդակի բժշկական հոսպիտալ տրամադրելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման նախապատրաստական փուլի հիմնաքարարերից մեկն է հանդիսանալու:

http://www.mil.am/hy/news/3938