«Կյանքս չեմ պատկերացնում առանց սպիտակ խալաթի»

Արդեն 2 տասնամյակից ավելի է, ինչ Օֆելյա Արամյանը որպես բուժքույր ծառայում է 2-րդ բանակային զորամիավորման`գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Նախքան Զինված ուժերում ծառայության անցնելը նա մասնագիտական երկար կենսագրություն է հյուսել նաև քաղաքացիական հիվանդանոցում: Զորամասի երկարամյա բուժքույրն այսօր էլ իր կյանքը չի պատկերացնում առանց ծառայության, առանց զինվորի…

Երևի իմ կոչումը բուժքույր լինելն էր…

Ծնվել եմ նախկին Կրասնոսելսկի շրջանի Օրջոնոկիձե (այժմ՝ Վահան) գյուղում՝ կոլտնտեսականի ընտանիքում: Հայրս ֆերմայի վարիչ էր, մայրս՝ մանկավարժ: 6 երեխա էինք՝ 5 եղբայր և ես: Սովորել եմ տեղի ութնամյա դպրոցում, որից հետո ուսումս շարունակել եմ Կրասնոսելսկի միջնակարգ դպրոցում: Չէի մտածում, որ երբևէ կընտրեմ բուժքրոջ մասնագիտությունը: Ցանկանում էի մորս նման մանկավարժ դառնալ, սակայն հանգամանքների բերումով չընդունվեցի Մանկավարժական ինստիտուտ: Նույն թվականին Վարդենիսի բժշկական ուսումնարան ընդունվելու որոշում կայացրի: Հետագայում, սակայն, դժվարությամբ ընտրած մասնագիտությունս դարձավ այնքան սիրելի, որ ինձ այլ ոլորտում չէի պատկերացնում: Երևի իմ կոչումը բուժքույր լինելն էր: Ուսումս ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցա Կրասնոսելսկի հիվանդանոցում՝ նախ ինֆեկցիոն բաժանմունքում, ապա վերապատրաստվեցի որպես օպերացիոն բուժքույր:

Ոգի կար, կամք, վճռականություն…

Երկար տարիներ աշխատել եմ քաղաքացիական հիվանդանոցում, 1972 թվականից մինչև զինադադարի կնքումը՝ շտապօգնության ծառայությունում: Երբեք չէի պատկերացրել՝ ինչ է պատերազմը: Մենք շրջանից բացակայելու իրավունք չունեինք: Անընդհատ կազմ ու պատրաստ սպասում էինք: Առաջին անգամ ինձ գործուղեցին Քեղուտ կոչվող տարածք, որը գտնվում է դեպի Տավուշի մարզ (նախկին Շամշադինի շրջան) տանող ճանապարհահատվածում: Ամռան ամիսներին մարդիկ տեղափոխվում էին այնտեղ՝ անասուններին պահելու: Ձմռանը հակառակորդը հասցրել էր տարածքն ականապատել… Հիշում եմ, թե որքան զգուշավոր էինք, շարժվում էինք մի նեղ արահետով, որն արդեն ականազերծված էր: Մեծ դժվարությամբ վիրավորին դուրս բերեցինք վտանգավոր հատվածից, հասցրինք հիվանդանոց: Արյուն շատ էր կորցրել: Գլխավոր բժշկի որոշմամբ՝ գիշերը վիրավորին տեղափոխեցինք Երևան: Պատերազմի տարիներից ցավոտ հուշերը շատ են:

Հիշում եմ՝ Արծվաշենի գործողությունների ժամանակ տեսա Վազգեն Սարգսյանին: Մեր շտապօգնության մեքենան քողարկել էին, որ չդիտարկվի թշնամու կողմից: Անընդհատ կրակում էին, չէինք կարողանում մեքենայից հեռանալ: Օրեր շարունակ աշխատում էինք առանց հերթափոխի: Վազգեն Սարգսյանը զայրացավ. «Տղամարդ բժիշկներ չկա՞ն, որ կանանց եք բերել այստեղ»: Հիշում եմ՝ այդ օրը նաև զոհ ունեցանք՝ Վահան գյուղից Կարո Խառատյանը: Հիշում եմ նաև Վանաձորիմոտոհրաձգային գնդի տղաներին: Պատանիներ էին՝ հայկական բանակի առաջին զինվորները, որոնցից 12-ը հերոսաբար զոհվեցին:

Ամուսինս ևս մասնակցել է մարտական գործողություններին և վիրավորվել:

Դժվարին տարիներ էին, բայց ոգի կար, կամք, վճռականություն… Օրերով տանը չէինք գիշերում. ամենաանհավանական պահերին մեր օգնության անհրաժեշտւթյունը կարող էր լինել:

Զինվորական ծառայություն

1994 թվականից ծառայության անցա այս զորամասում՝ մեր հիվանդանոցի գլխավոր բժշկի առաջարկով: Տարիների ընթացքում ծառայությունս դարձավ կենսակերպ: Ես 2 որդիների մայր եմ և ի սկզբանե զինվորներին ընդունել եմ որպես իմ որդիներ:

Այս օղակում անչափ կարևորում եմ խնամքը, հոգատարությունը զինվորի հանդեպ, քանի որ նա զրկված է մայրական ջերմությունից: Հետևում եմ, որ անպայման լավ սնվեն, որպեսզի շուտ ապաքինվեն: Մեր զորամասի բուժծառայության պետը ևս խիստ հետևողական է այդ առումով: Ծառայում եմ լավ անձնակազմի հետ, յուրաքանչյուրն իր գործի նվիրյալն է: Ինձ հիացնում են մեր երիտասարդ բժիշկների բանիմացությունը, հոգատարությունն ու մարդկային որակները:

Ես երջանիկ եմ

Ես երջանիկ կին եմ: Երջանիկ եմ իմ ընտանիքով: Երկու որդի ունեմ, 4 տղա թոռ, որոնցից մեկը հայրենիքի պաշտպան է. ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակի՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Մի ամիս առաջ մասնակցել եմ նրա երդման արարողությանը: Որպես տատիկ՝ զորամասից վերադարձել եմ հպարտության զգացումով: Այժմ ավելի հանգիստ եմ. թոռս հոգատար ձեռքերում է: Միայն խաղաղություն եմ երազում, որ բոլոր տղաները պատվով ծառայեն, առողջ վերադառնան ու երջանկացնեն իրենց հարազատներին:

Երջանկությունս ամբողջական ու լիարժեք է նաև իմ ծառայության շնորհիվ: Կյանքս չեմ պատկերացնում առանց սպիտակ խալաթի, առանց բանակի, առանց զինվորների…

Հասմիկ Գյոզալյան