«Ոչ միայն զինծառայողների, այլև ռազմական բժիշկների մարտական ոգին բավականին բարձր է»

Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց բացահայտ աննախադեպ հարձակողական գործողություններ: Բացի առաջնագծում ընթացած թեժ մարտերից՝ հակառակորդը հրթիռահրետանային արկակոծման ենթարկեց խաղաղ բնակավայրերը: Մարտական գործողությունների արդյունքում մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան մի քանի տասնյակ զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Նրանց բուժման և շուտափույթ ապաքինման ընթացքն այժմ գտնվում է հայկական երկու հանրապետությունների ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: Իրականացվող բժշկական միջոցառումների մասին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով զրուցել ենք ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի հետ:

– Պարո՛ն գնդապետ, այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների բուժման ընթացքը:

– Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ վիրավոր զինծառայողների շուրջ 70 տոկոսի առողջական վիճակը այս պահին բավարար է: Հիմնականում գերակշռում են ականապայթյունային բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողները: Նրանք համաչափորեն տեղաբաշխված են ԶՈՒ բուժհաստատություններում, որտեղ բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվում են բուժական բոլոր միջոցառումներն ու լուրջ մասնագիտացված վիրահատությունները, և, բարեբախտաբար, մտահոգիչ խնդիրներ չկան: Ծանր հիվանդները չորսն են, սակայն նրանց բուժման գործընթացում ևս կա դրական տեղաշարժ, և առաջիկա երեք օրերին նրանք կտեղափոխվեն համապատասխան բաժանմունքներ:

– ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ այս օրերին առողջապահական համակարգի ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Այսինքն` բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվում են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ:

– ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության մակարդակը գնահատում եմ բավականին բարձր: Այս պահի դրությամբ տարվում են երկկողմ ակտիվ աշխատանքներ, բացազատված է անկողնային ֆոնդ ինչպես ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ենթակա բուժհաստատություններում, այնպես էլ քաղաքացիական բուժհիմնարկներում: Ըստ ուղղությունների՝ ԱՆ-ի կողմից նշանակված են պատասխանատուներ, ովքեր տեղերում համակարգում են աշխատանքները:

– Արդյո՞ք ԶՈՒ բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով՝ վիրավորների բուժօգնությունն արդյունավետ և բարձր մակարդակով կազմակերպելու համար:

– Հավաստիացնում եմ, որ զորամասային օղակից սկսած մինչև ռազմաբժշկական հոսպիտալներ բժշկական միջոցների և դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան: Այն, ինչ անհրաժեշտ է, արդեն հատկացվել է զինվորական համապատասխան ստորաբաժանումներին: Ավելին՝ բազմաթիվ զանգեր, նամակներ ունենք գործարարների, դեղ արտադրող ընկերությունների և բարերարների կողմից, ովքեր ԶՈՒ բուժծառայությանը տարբեր միջոցներով աջակցելու ցանկություն են հայտնում, սակայն այն, ինչ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունն ունի իր պահեստներում, ավելի քան բավարար է մեր առջև դրված խնդիրը պատշաճ կատարելու համար:

– Հայտնի է, որ այս օրերին ստացել եք բազմաթիվ դիմումներ և նամակներ, որոնցում զինվորական բժիշկներն առաջնագիծ մեկնելու ցանկություն են հայտնել…

– Այո՛, իսկապես այդպես է: Այն, որ մեր բժիշկները հավատարիմ են իրենց երդմանը և միշտ պատրաստ են թե՛ հոսպիտալներում, թե՛ մարտադաշտում դարմանելու հայրենիքի պաշտպանի վերքերը, երբեք կասկածի տեղիք չի տվել, սակայն առաջնագիծ մեկնելու դիմումների, խնդրանքների ու հեռախոսազանգերի այդպիսի տեղատարափ… Անկեղծորեն փաստում եմ, որ ոչ միայն զինծառայողների, այլև ռազմական բժիշկների մարտական ոգին բավականին բարձր է: Բժիշկների՝ յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցումը, նրանց անքուն գիշերներն ու անխոնջ աշխատանքը, առաջնագիծ մեկնելու մշտական ցանկությունն աներևակայելի մեծ գնահատանքի են արժանի: Եվ այս ամենով է պայմանավորված նաև այն, որ այս օրերին ԶՈՒ բուժծառայողներն իրենց առջև դրված խնդիրները կատարում են բարձր մակարդակով` հավատարիմ մնալով հիպոկրատյան երդմանն ու իրենց կոչմանը:

Հովհաննես Պառաշյան

  • Sequence 01.Still008
  • image-90f82176b875c42723ec2064f2cbb5c12f8410596ded97f9c36fb09691b84cb6-V