Յուրաքանչյուր վիրավոր, որ հասել է վիրահատական սեղանին, փրկվել է

Ապրիլի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ընդունելով լրագրողներին, ներկայացրին այն աննախադեպ ծավալի աշխատանքը, որը ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունների կողմից իրականացվել է ապրիլի 1-ից առ այսօր՝ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հայտնեց, որ ապրիլի 1-ից առ այսօր հայկական կողմն ունեցել է 121 վիրավոր զինծառայող, որոնցից 10-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 5-ինը՝ ծայրահեղ ծանր: Մյուսները թեթև բեկորային վիրավորումներ ունեն և մշտապես գտնվելով ռազմաբժշկական հաստատությունների սպասարկող բուժանձնակազմի ուշադրության, հոգածության կենտրոնում՝ օրեցօր ապաքինվում են. նրանց մոտավորապես 90%-ն առաջիկա շաբաթվա ընթացքում, իհարկե միայն լիովին վերականգնված, կվերադառնա իր մշտական տեղակայման վայր:

Չափազանց բարձր գնահատելով ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի զորային և հոսպիտալային օղակներում ծառայող բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, խիզախությունը, մարտական գործողությունների գոտի մեկնելու պատրաստակամությունը՝ Կամավոր Խաչատրյանը նշեց, որ հենց նրանց նվիրումի, սխրանքի, բարեխիղճ ծառայության շնորհիվ է հոսպիտալային օղակում գրանցվել մահվան միայն մեկ դեպք, ինչը նմանօրինակ մարտական գործողությունների ընթացքում աննախադեպ արդյունք է: Մյուս վիրավորները, որ հասել են վիրահատական սեղանին, փրկվել են, և այսօր նրանց առողջական վիճակը գնահատելիս մասնագետները վստահաբար կարող են փաստել, որ դրական դինամիկան ակնհայտ է:

«Մարտական գործողությունների առաջին իսկ օրերին հատկապես ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում տեղակայված զորամասերի բուժծառայության աշխատակիցների կողմից անգնահատելի ծառայություն է իրականացվել. հենց առաջնագծում առաջին բուժօգնություն ցուցաբերելով վիրավորներին, հնարավորինս կանխելով կյանքին սպառնացող վտանգը՝ նրանք «ոսկե ժամվա» ընթացքում վիրավորներին տարհանել են կրակի տակից, տեղափոխել մոտակա հոսպիտալներ: Երեկ էլ, ինչպես գիտեք, երբ նրանք փորձել են կատարել հերթական մարտական առաջադրանքը՝ առաջնագծից դուրս բերել վիրավոր զինծառայողին, հակառակորդը կրակ է բացել նրանց՝ «կարմիր խաչով» մեքենայի վրա… Միջազգային գործող կառույցների կողմից խստիվ արգելված է կրակ բացել «կարմիր խաչով» մեքենաների վրա:

Անգնահատելի աշխատանք է կատարվել նաև առաջնագծին մոտ տեղակայված և կայազորային մյուս հոսպիտալներում, որտեղ վիրավորներից յուրաքանչյուրին որակավորված մասնագիտական լուրջ բուժօգնություն է ցուցաբերվել: Մեր բժիշկների մասնագիտական պատրաստվածությունն այնքան բարձր է եղել, որ առաջնագիծը սպասարկող հոսպիտալում նույնիսկ պլաստիկ վիրահատություն է կատարվել, ինչի շնորհիվ ոչ միայն վիրավորի կյանքն է փրկվել, այլև պահպանելով վնասված վերջույթը՝ կանխվել է հաշմանդամությունը»,- նշում է Կամավոր Խաչատրյանը:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը նաև հավելեց, որ կայազորային հոսպիտալների բժիշկները՝ մասնագիտացված հատուկ խմբերով, մեկնել են առաջնագիծ և լիարժեք կատարել իրենց մարտական առաջադրանքը, մասնագիտական պարտքը: Բազմաթիվ բժիշկներ, ովքեր նախկինում ծառայել են ՀՀ զինված ուժերում, և քաղաքացիական բժիշկներ նույնպես խնդրել են իրենց ուղարկել առաջնագիծ, իսկ մերժումը լսելիս անկեղծորեն վրդովվել են. «Ումի՞ց ենք պակաս, մենք էլ ենք ուզում առաջնագծում՝ զինվորի կողքին լինել…»: Այս օրերին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը սերտորեն համագործակցել է ՀՀ առողջապահության նախարարության հետ, որը մշտապես օժանդակել է տարաբնույթ խնդիրների լուծմանը:

«ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի ռազմաբժշկական կառույցները չեն օգտագործել իրենց ռեզերվները և այսօր էլ պատրաստ են, ի զորու են դիմակայելու բոլոր մարտահրավերներին, որոնք կպարտադրի հակառակորդը: Մենք պարտավոր ենք ոչ միայն առաջնագծում ապահովել առաջին օգնության անհապաղ ցուցաբերումը, այլև թիկունքում լիարժեք վերականգնել վիրավոր, հիվանդ զինվորի առողջությունը»,-ընդգծում է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը:

Հանդիպման ավարտին գնդապետ Կամավոր Խաչատրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին և թույլ տվեցին հանդիպել մեր նորօրյա հերոսների հետ, ովքեր հող հայրենին պաշտպանելիս իրենց կյանքն էին վտանգել և այսօր էլ մի ցանկություն ունեն՝ օր առաջ շարք վերադառնալ, մարտական հերթապահություն իրականացնող ընկերների կողքին լինել, սահմաններն անառիկ պահել:

«Սակայն մեր զորքերն այսօր լիարժեք, անթերի կատարում են իրենց պարտքը, մարտական առաջադրանքները, և մենք՝ բժիշկներս, չենք կարող թույլ տալ, որ որևէ վիրակապով զինծառայող վերադառնա զորամաս»,- ամփոփեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Էդիտա Մելքոնյան