«Պարտավոր էինք կռիվ տալ ու պաշտպանել մեր հողը»

Վերջին օրերին ամբողջ հայության ու գրեթե ողջ աշխարհի ուշադրության կիզակետում Արցախն է. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հարձակողական գործողություններ ձեռնարկվեցին: Իրենց ծավալով ու բնույթով աննախադեպ մարտական գործողությունները շարունակվեցին մինչև ապրիլի 5-ը: ԼՂՀ պաշտպանության բանակը պատվով ընդունեց այդ մարտահրավերը՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը և մեկ անգամ ևս վերահաստատելով այն իրողությունը, որ հայ զինվորը պատրաստ է թեկուզ կյանքի գնով պաշտպանելու իր հողը: Ցավոք, հայկական կողմը ևս ունեցավ ցավալի կորուստներ և տասնյակ վիրավորներ…

Ծավալված մարտերի ընթացքում թե՛ առաջնագծի տարբեր հատվածներում և առանձին բժշկական ջոկատներում, թե՛ հոսպիտալներում անձնվեր ծառայություն են իրականացրել զինվորական բժիշկները՝ ամբողջ ծավալով կատարելով իրենց առջև դրված խնդիրները:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Արամ Ասատուրյանը, խոսելով այս օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների մասին, շեշտեց, որ դրանք իսկապես աննախադեպ էին, սակայն հաշվի առնելով մշտապես լարված, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը, բուժանձնակազմը մշտապես պատրաստ է իր խնդիրների կատարմանը:

«Նման հակառակորդ ունենալու պարագայում անսպասելի չէին պատերազմական իրավիճակը, մարտական գործողությունների վերսկսումը, այդ պատճառով մեր անձնակազմը մշտապես պատրաստ է վստահորեն իրականացնելու իր խնդիրը»,-վստահեցրեց հոսպիտալի պետը:

Պարոն Ասատուրյանն արդյունավետ գնահատեց բուժտարհանման բոլոր օղակների գործունեությունը մարտական գործողությունների ժամանակ և հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

Ինչ վերաբերում է ներկայում ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում բուժում ստացող զինծառայողներին, ապա նրանց առողջական վիճակը, ըստ հոսպիտալի պետի, գնահատվում է միջին ծանրության, ծանր կայուն և բավարարին մոտ: Սակայն կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներ:

Ի՞նչ են պատմում հայրենիքի նորօրյա պաշտպանները

Հոսպիտալ կատարած այցի շրջանակում հանդիպեցինք նաև ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողներից մի քանիսին: Ընդ որում՝ տղաները հիացրին իրենց լավատեսությամբ, լուսավոր ժպիտներով ու ոգու ամրությամբ:

Արման Ավետիսյան, շարքային

Ժամկետային զինծառայող, շարքային Արման Ավետիսյանը ապրիլի 2-ի թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանական դիրքերում: Նույնիսկ վիրավորվելուց հետո շարունակել է օգնել ծառայակից ընկերներին՝ զենք մատակարարելով:

«Ես առույգ հերթափոխի էի՝ կացարանի մոտ, երբ տեղեկացա, որ մեր դասակի հրամանատարն ինչ-որ կասկածելի ձայներ լսելուց հետո միայնակ առաջացել է դեպի խրամատի առավել վտանգավոր հատված: Զենքս լիցքավորելով՝ գնացի նրա հետևից, որպեսզի միայնակ չլինի: Հասա դիտակետ, դիտորդին հարցրի, թե որտեղ է դասակի հրամանատարը, ապա կանչեցի: Անմիջապես արձագանքեց: Իմանալով, որ մոտենում եմ իրեն՝ ասաց, որ վերցնեմ նաև գիշերային տեսանելիության սարքը: Մի տեսակ սիրտս անհանգիստ էր, նույնիսկ ուզում էի խնդրել, որ հետ գա, հետո մտածեցի՝ սարքը տանեմ, միասին կվերադառնանք,- հիշում է Արմանը և շարունակում ներկայացնել միջադեպի մանրամասները,- առաջացա դեպի դասակի հրամանատարը: Հենց ձեռքս պարզեցի, որ սարքը տամ նրան, անմիջապես մեզ մոտ մի նռնակ պայթեց: Ես ընկա գետնին: Քիչ անց փորձեցի կանգնել, սակայն զգացի, որ չեմ կարողանում (կորցրել է ձախ ոտքի ոտնաթաթը): Դասակի հրամանատարն էլ թեթև վիրավորում էր ստացել: Այդ պահին ցավ չէի զգում, բայց հասկացա՝ ինչ է կատարվել: Հիշում եմ՝ մտքերով մեր տանն էի… Սակայն կրակոցները շարունակվում էին, սթափվել էր պետք: Փորձեցինք փոքր-ինչ առաջանալ, ապա մեր ընկերները շտապեցին մեզ օգնության և տեղափոխեցին կացարան: Դեղարկղից լարանը հանելով՝ փորձեցին կանգնեցնել արյունահոսությունը: Այդ ամբողջ ընթացքում մեր դիրքերի ուղղությամբ շարունակում էին կրակել: Տղաները վերադարձան, իսկ ես և դասակի հրամանատարը սկսեցինք պահեստային զինամթերքը բացել ու արագ լիցքավորել բոլոր պահեստատուփերը»:

Արմանը հիշում է, որ զորամասի հրամանատարի տեղակալն է գնացել իրեն օգնության, սակայն թշնամին՝ նկատելով, որ վիրավոր են տեղափոխում, սկսել է կրակ վարել նրանց ուղղությամբ:

«Ես երկրորդ անգամ վիրավորվեցի՝ նույն ոտքից,- շարունակում է Արմանն ու ժպտում,- անընդհատ կրակում էին մեր ուղղությամբ: Շուտով զգացի, որ ինքնազգացողությունս վատանում է: Մոտ 60 մետր սողալով հասել եմ մեքենային: Այլևս ոչինչ չեմ հիշում: Հետո երբ ուշքի եկա, Ստեփանակերտի հոսպիտալում էի արդեն»:

Դավիթ Գրիգորյան, կրտսեր սերժանտ

Պայծառ աչքեր ու զարմանալի լուսավոր ժպիտ. ահա այսպիսին է կրտսեր սերժանտ Դավիթ Գրիգորյանը, ով ականապայթյունային վիրավորում է ստացել և զրկվել ստորին վերջույթներից: Արիությունն ու լավատեսությունը, սակայն, չեն լքել զինվորին:

Դավիթը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից է, հայրը ԶՈՒ սպա է, և որդուն էլ միշտ հոգեհարազատ է եղել զինվորական ծառայությունը: Դավիթ Գրիգորյանն ականի պայթյունից վիրավորվել է մարտական հենակետում:

Ինչպես պատմում է զինվորը, տիրապետելով ինքնօգնության կանոններին՝ առաջին օգնությունն ինքն է իրեն ցուցաբերել: Գտնվելով դժվարին իրավիճակում՝ կարողացել է արագ կողմնորոշվել և գոտին ու ճտքակոշիկի քուղերն օգտագործելով որպես լարան՝ ինչ-որ չափով նվազեցրել է արյունահոսությունը:

«Ինձ տեղափոխեց դասակի հրամանատարը: Կացարանում առաջին օգնություն ցուցաբերեցին: Ընկերներս հուսադրում էին, որ ամեն ինչ լավ է լինելու: Շուտով տեղ հասավ զորամասի սանիտարական մեքենան, մեր բժիշկներն անմիջապես գոտին և քուղը փոխարինեցին լարաններով, արյունահոսությունը դադարեցրին: Սակայն երբ մեքենան շարժվեց, անտանելի ցավեր զգացի ազդրերիս շրջանում: Մեր զորամասի բժիշկն ամբողջ ճանապարհին ամուր բռնել էր ոտքերս, որ ցավերս հնարավորինս քիչ լինեն: Երբ հասանք Թալիշ, հրամանատարն ընդառաջ եկավ: Քիչ անց մեզ հասավ նաև շտապօգնության մեքենան: Ես ոչինչ չեմ հիշում, բայց ինձ տեղափոխել են Մարտակերտի առանձին բժշկական ջոկատ, վիրահատել, որից հետո տեղափոխել Ստեփանակերտի, ապա և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մորեղբայրս ու պապիկս անմիջապես հասել էին Ստեփանակերտ: Բժիշկները նրանց ասել էին, որ իմ վիճակը ծանր է, միևնույն ժամանակ հիացմունքով նշել էին, թե որքան ամուր օրգանիզմ ունեմ, որ կարողանում եմ դիմակայել և պայքարել ապրելու համար»:

Նարեկ Վարդումյան, շարքային

Շարքային Նարեկ Վարդումյանը ծննդով Արմավիր քաղաքից է, ծառայության ավարտին մնացել է ընդամենը 3 ամիս: Նարեկը կոնքային շրջանի բեկորային վիրավորում է ստացել:

«Մարտական հերթափոխը նոր էի հանձնել և իջել մշտական տեղակայման վայր: Գիշերվա ժամը 2-ի մոտակայքում սկսեցին հրետանային հարվածներ հասցնել: Մենք պատսպարվեցինք թաքստոցներում… Մի քանի ժամից դիքրեր բարձրանալու հրաման ստացանք՝ մեր ընկերներին օգնելու: Երբ զենք էինք ստանում, կրկին սկսեցին կրակ վարել մեր ուղղությամբ, հենց այդ ժամանակ էլ կոնքային շրջանի բեկորային վիրավորում ստացա: Սակայն իմ բախտը բերեց, որովհետև այդ թեժ պահին տղաներից երկուսը մոտեցան և օգնեցին ինձ: Ապա բժիշկները ցավազրկեցին: Տեղափոխվել եմ նախ Մարտակերտի ԱԲՋ, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, ապա ՀՀ ՊՆ ԿԿԶՀ: Այժմ արդեն ինձ լավ եմ զգում: Ամեն ինչ լավ կլինի»,- պատմում է զինվորը, ապա կատակով ավելացնում, որ ազգանվան մեջ լսվող թ հնչյունի փոխարեն անպայման դ տառը գրեմ:

Համբարձում Վարդանով, շարքային

Շարքային Համբարձում Վարդանովը մարտական հենակետում վիրավորվել է ապրիլի 2-ին՝ հակառակորդի առաջխաղացումը հետ մղելիս:

«Մարտական հերթապահության էի: Վիրավորվել եմ հակառակորդի նետած նռնակից: Մինչև վերջ գիտակցությունս չեմ կորցրել: Ամեն ինչ հիշում եմ շատ հստակ: Տղաները վերքս վիրակապեցին, որ չարյունահոսի… Ցավ կար, բայց ես շարունակել եմ կռվել: Մնացել եմ ընկերներիս կողքին, քանի որ թշնամին արդեն շատ մոտ էր, և պետք է օգնեի ծառայակից ընկերներիս: Մեր համախմբվածության, ճիշտ կազմակերպված գործողությունների արդյունքում կարողացանք հետ մղել թշնամուն: Պարտավոր էինք կռիվ տալ ու պաշտպանել մեր հողը: Իմ վերքն այդքան էլ ծանր չէ: Ես ցանկանում եմ օր առաջ ապաքինվել և վերադառնալ՝ շարունակելու պաշտպանել հայրենիքս»,- ասում էՀամբարձում Վարդանովը:

Պայմանագրային զինծառայող, շարքային

Հայցելով մեր ընթերցողների ներողամտությունը՝ մեր վերջին հերոսի անունը չենք հրապարակի, չենք նշի նաև այն ուղղությունը, որտեղ նա վիրավորվել է, քանի որ պայմանագրային զինծառայողի որդիներն այս պահին կանգնած են մարտական հենակետերում և հայրենիքն են պաշտպանում. նրանք դեռևս չգիտեն, որ իրենց հայրը հոսպիտալում է: Պարզապես փոխանցենք նրա խոսքերը.

«Վիրավորվել եմ ապրիլի 3-ին՝ պատերազմական գործողությունների ժամանակ, արկի պայթյունի հետևանքով: Լուսաբաց էր, փորձում էինք կասեցնել հակառակորդի ներխուժումը մեր դիրքեր: Վիրավորումից հետո ինձ գրկած իջեցրին սանիտարական մեքենային ընդառաջ: Դրանից հետո դեպքերի հաջորդականությունն աղավաղված եմ հիշում:

Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բժիշկներին, բոլորին. նրանց, ովքեր ինձ տեղափոխել են առաջնագծից, ովքեր վիրահատել են՝ կյանքս փրկելով: Եվ ուզում եմ վստահեցնել մեր ժողովրդին, որ մեր դիրքերն ամուր են: Մեր երիտասարդ զինվորներն այնքան հզոր ու անհաղթ են… Իսկ երբ մեզ օգնության եկան կամավորները, զինվորներն առյուծ էին կտրել»:

Հ.Գ: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մեր հերոս տղաներին:

Հասմիկ Գյոզալյան

  • 8
  • 4
  • 5
  • 6
  • 2
  • 3
  • 7