Սուրճն ընդդեմ հաստ աղիքի քաղցկեղի

Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Այս եզրահանգման են եկել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները` հետազոտելով ավելի քան 5100 տղամարդկանց և կանանց, որոնց մոտ վերջին վեց ամիսների ընթացքում ախտորոշվել է կոլորեկտալ կամ հաստ աղիքի քաղցկեղ, ինչպես նաև 4000 տղամարդկանց և կանանց, ովքեր կոլորեկտալ քաղցկեղի որևէ ախտանշան չունեն:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարդիկ որքան շատ են սուրճ սպառում, այնքան ցածր է նշյալ հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը: Հետազոտության ընթացքում հավասարապես գնահատվել են այն գործոնները, որոնք կարող են նպաստել քաղցկեղի վերոնշյալ տեսակի զարգացմանը` ընտանեկան պատմությունը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ծխելու հակվածությունը և այլն: Վերլուծվել է նաև հիվանդ ու առողջ մասնակիցների կողմից սուրճի և այլ խմիչքների օգտագործման հաճախականության գործոնը:

Արդյունքում փորձագետները պարզել են, որ կոլորեկտալ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը համեմատաբար ցածր է այն մարդկանց շրջանում, ովքեր հաճախ են սիրում սուրճ խմել: Ավելին` սուրճի չափավոր սպառումը` օրական մեկ կամ երկու գավաթ, հաստ աղիքի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը կրճատում է 26 տոկոսով: Այս գործակիցը կարող է հասնել մինչև 50 տոկոսի` օրական երկու և ավելի բաժակ սուրճ խմելու դեպքում:

(http://healthvesti.com/colon-cancer/201655204/neskolko-chashek-kofe-v-den-snizhayut-risk-razvitiya-raka-kishechnika.html)

Հովհաննես Պառաշյան