Սեղմած բռունցքն օգնում է հիշողության լավացմանը

Ամերիկացի գիտնականներն առաջարկում են հիշողությունը լավացնելու նոր, սակայն բավականին պարզ միջոց, այն է՝ կարևոր տեղեկություն մտապահելու համար պարզապես ամուր սեղմե՛ք աջ ձեռքը՝ դարձնելով բռունցք:

Մասնագետները վստահեցնում են, որ այդ շարժումն աշխուժացնում է ուղեղի այն մասերը, որոնք մասնակցում են հիշողությունների պահպանմանը: Հիշողության մեջ արձանագրված տեղեկությունը մտապահելու համար պետք է ձախ ձեռքը բռունցք դարձնել: Այդ շարժումը խթանում է ուղեղի այն գոտիները, որոնք պատասխանատու են մտապահված տվյալները պահպանելու համար:

Մարմնի շարժումների և ուղեղի գործունեության կապը հաստատող գործնական ապացույցներ ստանալու համար գիտնականները մի խումբ կամավորների շրջանում անցկացրել են հետազոտություն: Նրանց առաջարկել են մտապահել 72 բառից կազմված մի ցանկ, իսկ մի քանի րոպե անց խնդրել են հիշել դրանց առավելագույն հնարավոր քանակը: Փորձի ընթացքում մասնակիցներին մի քանի խմբերի են բաժանել, որոնցից մեկը բառերը հիշելիս ու մտապահելիս աջ ձեռքում սեղմում էր մի փոքրիկ գնդակ, իսկ 2-րդ խմբի մասնակիցները՝ ձախ ձեռքում: Երրորդ խումբն աջ ձեռքը սեղմում էր մտապահելիս, ձախը՝ երբ հիշում էր բառերը, իսկ չորրորդն անում էր հակառակը: Մնացած մասնակիցները գնդակը պարզապես բռնել էին:
Վերլուծությունը ցույց է տվել, որ երրորդ խմբի կամավորները հիշում էին գրեթե բոլոր բառերը, իսկ երկրորդ տեղում նրանք էին, ովքեր երկու դեպքում էլ բռունցք էին դարձրել աջ ձեռքը: «Արդյունքները հավաստեցին, որ մարմնի հասարակ շարժումները, որոնք ժամանակավորապես փոխում են ուղեղի աշխատանքի ձևերը, կարող են լավացնել հիշողությունը»,- ասում է առաջատար հետազոտող, բժիշկ Ռութ Փրոփերը:

(http://healthland.time.com/2013/04/29/grasping-memory-with-both-hands/)

Վարդուհի Զաքարյան

Գեղամ Մելիքբեկյան