Բանուկ մայրուղու հարևանությամբ ապրելը վնասակար է սրտի համար

Գերմանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ բանուկ մայրուղու մերձակայքում ապրելն ավելացնում է սրտային հիվանդությունների հավանականությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Սրտաբանների եվրոպական համայնքի (Cardiologists European Community) կայքում: Միջինը 60 տարեկան 4.814 մարդու առողջական վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ կեղտոտ օդի երկարաժամկետ ազդեցությունն անոթների աղտոտման (աթերոսկլերոզի) պատճառ է դառնում: Գիտնականները պարզել են, որ փորձի մասնակիցները որքան մոտ էին ապրում բանուկ մայրուղուն, այնքան նրանց սրտի շրջանում բարձր էր կալցիումի մակարդակը. այն բարձրանում էր 10 տոկոսով՝ յուրաքանչյուր 100 մետրը մեկ: Կալցիումի ավելցուկը, ի վերջո, հանգեցնում է կալցիֆիկացիայի ու աորտայի աթերոսկլերոզի:

Դանիացի գիտնականների՝ ավելի վաղ արած հետազոտությունները նաև ապացուցել են, որ փողոցի՝ 10 դեցիբելով աղմուկի մակարդակի բարձրացումը 12%-ով ավելացնում է սրտի նոպայի հավանականությունը: «Այս տվյալները փաստում են, որ կեղտոտ օդն ու ճանապարհների աղմուկը նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը: Ընդ որում՝ դրանք երկարաժամկետ ազդեցության դեպքում բացասական հետևանքներ կարող են ունենալ»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Հագեն Կալշը:

(http://www.dailymail.co.uk/health/article-2310853/Living-near-busy-roads-cause-heart-disease-long-term-exposure-traffic-pollution-clogs-arteries.html)