Երբ ցավից մի բուռ են դառնում, բայց չեն կորցնում սերը

Ժամկետային զինծառայող, նշանառու օպերատոր Հովհաննես Սարգսյանին, ով վիրավորվել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում, հանդիպեցինք ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժության բաժանմունքում:

– Մեր ժպիտն է,- ասաց բաժանմունքի բուժքույրը, երբ մեզ ուղեկցում էր նրա հիվանդասենյակ,- զարմանում եմ՝ ինչպես են կարողանում թաքցնել իրենց ցավն ու ժպտալ, երբ մայրը կամ թեկուզ որևէ մեկը նայում է իրենց դեմքին, կամ համոզել, որ ոչ մի տեղը չի ցավում: Մտե՛ք, Դուք էլ «կլիցքավորվեք» հաստատ…

«Ծիծաղով ծնվում է գյումրեցին, ծիծաղով շնչում է, ծիծաղով ապրում, ծիծաղով լացում…» Սակայն ծիծաղն անէացավ, երբ գյումրեցի երիտասարդին՝ Հովհաննես Սարգսյանին, խնդրեցի պատմել՝ ինչպես և որտեղ է վիրավորվել:

– Ստանալով մարտական առաջադրանք՝ մենք մեկնում էինք մարտական գործողությունների գոտի: Թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներով հարվածում էր բոլոր ուղղություններով, բոլոր կողմերից պայթյուն ու որոտ էին լսվում: Չեմ կարող ասել՝ ինչ պատահեց, չեմ հիշում… Մեր ՀՄՄ-ն կտրուկ կողաշրջվեց ու դուրս գլորվեց ճանապարհից: Ես ընկել եմ… ու երբ արթնացա, արդեն հոսպիտալում էի:

Մայրը, որ մինչ այդ լուռ լսում էր որդուն, ընդհատեց նրան.

– Երբ աչքերը բացեց, գիտե՞ք՝ ինչ է հարցրել. «Ընկերներս ո՞ւր են»:

– Ասացին, որ ողջ-առողջ են: Իսկ Դուք ինչ-որ բան գիտե՞ք նրանց մասին,- հարցրեց Հովհաննեսը:

– Ես չեմ կարող իմանալ:

– Մինչև իմ աչքերով չտեսնեմ նրանց, մինչև չխոսեմ նրանց հետ, չեմ հանգստանա: Արդեն լավ եմ, երևի հոսպիտալում երկար չեմ մնա ու ծառայության կվերադառնամ:

– Դեռ չի կարողանում քայլել, դեռ չի նստել,- փորձեց առարկել մայրը,- բայց արդեն գնալու մասին է մտածում:

– Պիտի գնամ, սահմանին կանգնած ընկերներ ունեմ: Պիտի գնամ, որպեսզի պաշտպանեմ այն մարդկանց, որոնց սիրում եմ, որոնց կյանքը թանկ է ինձ համար:

– Ունե՞ս սիրած աղջիկ:

– Անպայման:

– Եկե՞լ է քեզ այցելության:

– Թույլ չեմ տվել, չեմ ուզում՝ ինձ տեսնի հիվանդ…

– Դու հիվանդ չես, վիրավոր ես:

Հովհաննեսը ծիծաղեց.

– Մեծ տարբերություն չկա. պառկած եմ, չէ՞:

Երբ մայրը պատմում էր որդու դպրոցական արկածների, դպրոցից ամեն օր զանգող ուսուցիչների ու դասընկերների մասին, հիվանդասենյակ մտավ բուժքույրը.

– Ո՞նց ես, բալե՛ս, ցավեր չունե՞ս:

…Ես հիշեցի Ջավահիրին, նրա որդուն՝ Արշակ Հարությունյանին, ով ծառայակից երկու ընկերների հետ զոհվել էր 2015 թ. մարտի 19-ին՝ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների հարձակումը կասեցնելիս. շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում հայ դիրքապահ զինծառայողները և օգնության հասած ուժերը ոչ միայն դիմադրել էին հակառակորդին, այլև փախուստի մատնել և հետապնդելով ոչնչացրել էին նրանց իսկ դիրքերի մատույցներում:

…Ես անբացատրելի սարսուռով նայեցի ցավից մի բուռ դարձած որդեկորույս մորը… ու փառավորեցի բոլոր հայ մայրերին, ովքեր իրենց որդիներին նվիրաբերել են հայրենիքի ազատությանն ու մխիթարվել՝ այլոց որդիներին իրենց սիրով, հոգատարությամբ պարուրելով:

Էդիտա Մելքոնյան