Օսմանյան բանակից մինչև Տավուշ…

Տավուշի մարզի Բերդ քաղաքում և հարակից գյուղերում այսօր էլ հիշում են նրան, պատմում նրա զարմանալի կյանքի պատմությունը, արժևորում վաստակաշատ բժշկի գործը…

Օսմանյան բանակում զինվորական բժշկի ծառայությունից մինչև Բերդի առաջին հիվանդանոցի ստեղծում, շրջանի առողջապահական գործի կազմակերպում… Չափազանց հարուստ ու հագեցած է բժիշկ Սարգիս Հովսեփյանի կենսագրությունը: Նրա կյանքը դաժան փորձությունների, տառապանքների շղթա է, բայց նաև արարումների, հաղթանակների զարմանալի պատմություն:

Օսմանյան բանակի հայ բժիշկը

Սարգիս Հովսեփյանը ծնվել է 1888 թ.-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Պապը Գեյվեի շրջանի դատավորն է եղել, իսկ հայրը` շրջանի շերամապահության հիմնադիրներից մեկը: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ 1908 թ.-ին Սարգիսն ընդունվել է Կ. Պոլսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ:

Բժշկի թոռնուհու՝ Նուբար Սահակյանի կողմից մեզ տրամադրված, 1939 թ.-ին գրված ինքնակենսագրականում բժիշկ Հովսեփյանը գրում է, որ Բալկանյան երկրների և Թուրքիայի միջև սկիզբ առած պատերազմի ժամանակ մեկ տարի ծառայել է թուրքական կարմիր մահիկի դաշտային հիվանդանոցներից մեկում, որը տեղակայված էր առաջնագծին մոտ հատվածում: Ուսումը շարունակել է Լայպցիգում, ապա` Ժնևում: Վերադառնալով Թուրքիա՝ նշա­նակ­վել է Տրապիզոնի նահանգի Թեր­մե գա­վա­ռի քաղաքապետարանի բժիշկ։

1914 թ.-ի դեկտեմբերին Սարգիս Հովսեփյանը զորակոչվել է բանակ և նշանակվել թուրքական 10-րդ կորպուսի 92-րդ գնդի ավագ բժիշկ: Սարիղամիշի ռազմաճակատում մի թուրք զինվոր նրան հայտնել է, որ բոլոր հայ զինվորականներին գաղտնի սպանելու որոշում է կայացվել: Սարգիս Հովսեփյանը բժիշկ ծառայակցի հետ մեծ դժվարությամբ փախուստի է դիմել և գերի հանձնվել ռուսական կողմին։

Բժշկի ինքնակենսագրականում կարդում ենք, որ նա Թիֆլիսի զինվորական հիվանդանոցում կարճ ժամանակ բուժում ստանալուց հետո հարկադիր աշխատանքի է անցել այդտեղ:

1915 թ.-ի փետրվարին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի միջնորդությամբ բժիշկ ընկերները տեղափոխվել են Էջմիածին: Շուրջ 75000 գաղթականներ տառապում էին տարբեր համաճարակներից: Երիտասարդ բժիշկները փրկել են նրանցից շատերի կյանքը: Հարազատներից մեկը, հանդիպելով Սարգսին, նրան հայտնել է ջարդերի ժամանակ ողջ ընտանիքը կորցնելու բոթը…

Բժշկի թոռնուհին պատմում է, որ պապը Էջմիածնում բուժել է նաև Անդրանիկի զինակից Քեռուն, ով ծայրահեղ ծանր վիճակում էր: Նա, որպես երախտագիտության նշան, բժիշկ Հովսեփյանին է նվիրել իր մատանին:

1915 թ.-ի սեպտեմբերին Սարգիսը տեղափոխվել է Դիլիջան: Ինքնակենսագրականում կարդում ենք, որ շուրջ 10.000 գաղթականների տեղավորել է հիվանդանոցում և որբանոցում, բուժել, հոգ տարել նրանց մասին: Որպես հիվանդանոցի վարիչ՝ աշխատել է մինչև 1916 թ.-ի ապրիլի 1-ը: Կրկին հիվանդանալուց և բուժվելուց հետո Սարգիս Հովսեփյանը 1916 թ.-ի ամռանը նշանակվել է Կարինի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ապա տեղափոխվել է Թիֆլիս, որից հետո կրկին աշխատանքի է անցել Դիլիջանում:

Բժիշկը գրում է, որ մինչև Հայաստանի խորհրդայնացումը մի քանի ամիս եղել է զինվորական ծառայության մեջ՝ որպես գնդի բժիշկ:

1920 թ.-ին ամուսնացել է: Ժոզեֆա Սարգսյանը Վանից էր: Հայրը սպանվել էր 1896-1897 թվականների ջարդերի ժամանակ, մայրը՝ մահացել տիֆից: Ինքը երկու քույրերի հետ հաստատվել էր ֆրանսիացիների կողմից Վանում բացված որբանոցում, ապա՝ գաղթել Հայաստան:

Բերդի հիվանդանոցի հիմնադիրը

Բժիշկ Հովսեփյանը 1920 թ.-ի դեկտեմբերին տեղափոխվել է նախկին Շամշադինի շրջանի շրջկենտրոն Բերդ:

«Իմանալով կնոջ կյանքի պատմությունը՝ պապս գտել է նաև նրա քույրերին: Քույրերից մեկը՝ օրիորդ Նուբարը, ով միանձնուհի էր, նրանց հետո տեղափոխվել է Բերդ և բնակվել նույն տանը»,-պատմում է բժշկի թոռնուհին:

Հաստատվելով Բերդում՝ բժիշկ Հովսեփյանը հիմնել է առաջին հիվանդանոցը, ապա սկսել շրջանի համար ապագա բուժքույրերի պատրաստման գործը։

«Նախքան խորհրդայնացումը Շամշադինում ոչ մի բուժական հաստատություն չի եղել: Առաջին հիվանդանոցը կազմակերպվել և բացվել է 1921 թ.-ի հունվարից, որտեղ որպես առաջին աշխատող բժիշկ՝ ես էի: Աշխատել եմ բավականին դժվարին պայմաններում: Մինչև 1925 թվականն ամբողջ շրջանում միակ բժիշկը ես եմ եղել»,-նշված է բժշկի ձեռագրում:

Սարգիս Հովսեփյանի գրառումները հաստատում են, որ նա աշխատել է մշտական լարվածության պայմաններում.

«Շրջանի սանիտարական կենցաղի բարելավման ուղղությամբ անվերջ աշխատանք եմ տարել: Իմ նախաձեռնությամբ կառուցվեցին հիվանդանոցի շենքը, երկու փոքրիկ հանրակացարաններ՝ բուժանձնակազմի համար, փոքր բաղնիք՝ հիվանդանոցին կից: Ընդարձակվեց հիվանդանոցի շենքը: Գյուղական բնակավայրերում կառուցվեցին բուժական կայանների համար նախատեսված շենքեր, բաղնիքներ»:

«Այդ ժամանակահատվածում, երբ բժիշկ Հովսեփյանը հաստատվեց Բերդում, ինչպես ամբողջ Հայաստանի տարածքում, այնպես էլ մեր շրջանում, մեծ վտանգ էին ներկայացնում մալարիան, տիֆերը (հատկապես բծավոր տիֆը), աղիքային մի շարք ինֆեկցիաներ: Բժիշկ Հովսեփյանն իր բուժական աշխատանքի հետ զուգահեռ լայնածավալ սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ միջոցառումներ իրականացրեց՝ համոզված լինելով, որ ավելի հեշտ է վերացնել հիվանդության առաջացման պատճառները, քան բուժել հիվանդին: Նրա նախաձեռնությամբ վերացվեցին բոլոր ճահիճները: Պետք է նշեմ, որ նա մեծ հաջողությունների է հասել այդ գործում և անուրանալի ավանդ ունի», – մեզ հետ զրույցում պատմում է Բերդի քաղաքային հիվանդանոցի՝ այժմ արդեն վաստակավոր հանգստի անցած երկարամյա բժիշկ Էդիկ Պողոսյանը:

Զրուցակիցս պատմում է նաև, որ բժիշկ Հովսեփյանի պահանջով և անմիջական մասնակցությամբ Բերդում գտնվող հայտնի Միջին աղբյուրից ջուրը հասցնելով հիվանդանոցի մոտ՝ հասարակական բաղնիք է կառուցվել: Բժշկի օգնությամբ և հսկողությամբ հիվանդանոցը, հացի փուռը ևս ապահովվել են ջրով:

«30-ական թվականներին ժողովրդի միջոցներով, առանց պետական միջնորդության, 30 մահճակալանոց հիվանդանոց է բացել, որը մեծ, կանաչապատ բակ ուներ: Հիվանդանոցի կառուցումից հետո պետությունը խրախուսել է նրան, հիվանդանոցին գույք է տրամադրել: Շուտով բացվել են ինֆեկցիոն, թերապևտիկ բաժանմունքները, ծննդատունը: Մինչև 1948 թվականը Սարգիս Հովսեփյանը եղել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը, իսկ հետագա աշխատանքային տարիները նվիրել է սանիտարաէպիդեմիկ աշխատանքներին. հսկողության տակ է պահել շրջանի սանիտարական վիճակը, սննդամթերքի վիճակը, կազմակերպել և ղեկավարել է պրոֆիլակտիկ պատվաստումների անցկացումը և այլն»,- շարունակում է բժիշկը:

«Պապիկս խիստ կարգուկանոն էր սիրում: Պատմում են, որ անգամ գիշերն էր գնում ստուգելու, թե արդյոք հիվանդանոցում ամեն ինչ իր տեղում է: Ձիով շրջում էր բոլոր գյուղերով, բուժում հիվանդներին,- պատմում է թոռնուհին՝ Նուբար Սահակյանը,- մեզ համար հրաշալի պապիկ էր: Ես շատ լավ եմ հիշում՝ լուսանկարչության նկատմամբ մեծ սեր ուներ և իր լուսանկարչական ապարատով անմահացնում էր մեր երջանիկ մանկության գեղեցիկ պահերը: Անգամ 80 տարեկանում պապիկս փառահեղ տեսք ուներ, հաղթական քայլվածք»:

«1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրի ողջ ընտանիքս, 2-րդի ժամանակ՝ որդուս»

Բժիշկ Հովսեփյանն անամոքելի վիշտ ուներ: Նրա ընտանիքը թուրքական վայրագությունների զոհ էր դարձել: Ինչպես ինքն է նշում իր ձեռագրերում, մայրը և երկու քույրերը մահացել են աքսորավայրում՝ սովից և տառապանքներից: Եղբորը սպանել են թուրքական բանակում ծառայելու տարիներին: Հայրն էլ մասսայական կոտորածների զոհ է դարձել: Որդին, որ բացառիկ ունակությունների տեր երիտասարդ էր, զոհվել է Հայրենական պատերազմի ժամանակ:

«1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրի ողջ ընտանիքս, երկրորդի ժամանակ՝ որդուս »,- գրել է բժիշկը:

Բժիշկ Սարգիս Հովսեփյանն ապրել է ակտիվ հասարակական կյանքով: 13 անգամ ընտրվել է Շամշադինի շրջանային խորհրդի պատգամավոր և 25 տարի եղել է շրջխորհրդի գործադիր կոմիտեի անդամ։

Պարգևատրվել է «Աշ­խա­տան­քա­յին կար­միր դրո­շի» և Լենինի շքանշաններով, արժանացել Վաստակավոր բժշկի և ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի կոչումների։

Վաստակաշատ բժիշկը 87 տա­րե­կա­նում մահացել է 1975 թ.-ին։

2010 թ.-ին Բերդ քա­ղա­քում Սար­գիս Հով­սե­փյա­նի անվամբ փո­ղոց է անվանակոչվել, իսկ քաղաքային հիվանդանոցի բակում տեղադրվել է նրա հուշաքարը:

Հասմիկ Գյոզալյան

  • 14c8dac4-57a2-417a-a1c1-a11650277c64