«Հաղթած զինվորների մոտ վերքերն ավելի արագ են սպիանում»

Ապրիլի 15-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Գալստյանը և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը լրագրողներին ներկայացրին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից վիրավորված զինծառայողների առողջական վիճակը:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Գալստյանի հավաստմամբ՝ ներկայումս 125 զինծառայողներ, ովքեր վիրավորվել են վերոնշյալ ռազմական գործողությունների հետևանքով, բուժում են ստանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններում: Բոլոր վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ, սակայն նրանցից 5-ի վիճակը ծայրաստիճան ծանր է: Բոլորի ապաքինման ընթացքը վերահսկվում է ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և Առողջապահության նախարարության բարձրակարգ մասնագետների կողմից:

45 վիրավոր այժմ գտնվում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Վիրավոր զինծառայողների մեծամասնությունն ունի բեկորային վնասվածքներ: «Հաղթած զինվորների մոտ վերքերն ավելի արագ են սպիանում»,- նշեց Հարություն Գալստյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կքննարկվի նաև վիրավոր զինվորների բուժումն արտասահմանում կազմակերպելու հարցը:

Ի դեպ, Հարություն Գալստյանը տեղեկացրեց, որ վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսն արդեն դուրս են գրվել հոսպիտալներից, իսկ ևս մի քանիսը դուրս կգրվեն առաջիկայում, չնայած նրանցից ոմանք կարող են ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնման կարիք ունենալ: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալն ընդգծեց, որ վիրավորում ստացած յուրաքանչյուր զինծառայող, ինչպես այժմ, այնպես էլ հետագայում կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:

Գեղամ Մելիքբեկյան

  • asulis hospital.Still004