Կարեկցանք

Մարտը դադարել էր: Փոքրիկ ձորակում ձեռքերը որովայնին սեղմած` ցավից գալարվում էր թշնամու ջահել մի զինվոր: Նրա հառաչն ու հոգոցները խլանում էին ձորակով վազող փոքրիկ առվակի քչքչոցից: Երբ բուժքույր Անահիտը կռացավ վերքը վիրակապելու, վիրավորի աչքերում ցավ ու սարսափ տեսավ: Բուժքույրը անխոս կատարեց իր գործը, և վիրավորի հայացքում քիչ առաջվա սարսափն ու վախը տեղի տվեց կարեկցանք, խղճահարություն հայցելուն: Որոշ ժամանակ անց, երբ վիրավորին պատգարակով տեղափոխում էին, բուժքույրը շշուկով պատմում էր հրամանատարին.
-Ջահել է, մեղք է, դեռ աղվամազ կա երեսին: Վիրավոր թողել են, փախել, մի քիչ էլ ուշ նկատեի` արնաքամ կլիներ:

Գնել Շահնազարյան