Անուշը քաղցր անուն է…

Սիաննա Մնացականյանը ծնունդով Արարատից է: Պատերազմական օրերին կամավոր մեկնել է Արցախ և որպես բուժքույր մասնակցել է սահմանային տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներին: Ամուսնացել է Արցախում, ամուսինը` Արթուրը, որը նույնպես մարտնչում էր նույն ջոկատում, Ստեփանակերտից է:
-Երբ ծնվեց աղջիկս` անունը չէի որոշել: Արթուրը երբ եկավ Ստեփանակերտի ծննդատուն, հարցրի, թե ինչպես պիտի կոչենք մեր աղջկան, ասաց.
-Անուշ կդնենք, հիշում ես Անուշին…
-Հիշեցի Անուշին, որը զոհվեց 1993-ի փետրվարի 7-ին, Վաղուհասում: Կարո Բաբայանի ջոկատից էր: Նրանք եկել էին մեզ փոխարինելու: Երբ տեղ հասան` մեր ջոկատը հանգստանում էր: Ես քնել էի ԲՄՊ-ին հենված: Ինձ արթնացրին, հանձնեցինք հերթափոխն ու վերադառնում էինք Ստեփանակերտի ճանապարհին լուր տվին, որ Անուշը զոհվել է: Երբ հետ դարձանք, տեսա, որ Անուշը նստել էր նույն իմ տեղը` ԲՄՊ-ին հենված: ՈՒ այդպես էլ զոհվել էր արկի բեկորից: Այ քեզ ճակատագիր` եթե քիչ ուշացումով գային մեզ փոխարինելու, արկի բեկորը միգուցե ինձ բաժին հասներ` ինչ իմանաս… Հետո, երբ Ստեփանակերտ հասանք, հոսպիտալում ով տեսնում` փաթաթվում էր ինձ, ուրախության արցունքներով հարցնում` ՙԴու ողջ ես, բա ասում էին՚…
ՈՒ հիմա ծնվել է իմ աղջիկը, ու ամուսինս առաջարկում է Անուշ անվանակոչել: Մենք լուռ հասկացանք մեկմեկու: Հիմա Անուշս օրիորդ է, գեղեցիկ պարմանուհի, որը գիտի իր անվան պատմությունը: Անուշը քաղցր անուն է, որը հիշեցնում է բուժքույր-մարտիկ Անուշ Ավագյանին, որը նույնպես ծնվել էր Ստեփանակերտում,- պատմեց Սիաննա Մնացականյանը:

Գնել Շահնազարյան