Մեծ եղեռն. ցավի ու կսկիծի մշտարթուն մորմոք

Հայոց ցեղասպանության ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (ռազմածովային ուժերի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (Երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Մտադրվելով ոչնչացնել հայերին` նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը. հայերը և Հայաստանը արգելք էին երիտթուրքերի ծրագրի ճանապարհին: Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ: 1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր:

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացնել 3 փուլով: Առաջին փուլում բանակ զորակոչեցին 15-ից 45 տարեկան բոլոր հայ տղամարդկանց: Նրանց զինաթափեցին և 50-100 հոգանոց խմբերով կոտորեցին: Բռնագրավվեցին նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: Երրորդ փուլում թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին:

Կազմակերպվեցին մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում` Դեր-Զոր, որտեղ էլ բնաջնջվեցին: Սա, փաստորեն, նաև ծրագրված հայրենազրկում էր:

Ըստ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալների`հայ բնակչության թիվն Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հիմնական փուլից առաջ և հետո ունեցել է հետևյալ պատկերը.

Սեբաստիայի վիլայեթ (նահանգ)՝ 225.000 և 16.800

Էրզրումի վիլայեթ՝ 215.000 և 1.500

Խարբերդի վիլայեթ` 204.000 և 35.000

Դիարբեքիրի վիլայեթ` 124.000 և 3.000

Բիթլիսի վիլայեթ` 198.000

Վանի վիլայեթ` 197.000 և 500

Կիլիկիա` 205.000 և 182.500

Թուրքիայի մնացյալ շրջաններ` 623.000 և 416.700

Ըստ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալների` հայերի թիվն Օսմանյան կայսրությունում կազմել է 2.026.700, ըստ այլ աղբյուրների` 2.500.000, որոնցից կենդանի է մնացել ընդամենը 592.200 մարդ:

Մշակութային ցեղասպանություն

Որևէ ժողովրդի կամ էթնիկական խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում:

Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի` ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումն է, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը: Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց` երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը ոչնչացրել է եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Շատ դեպքերում էլ հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում: Սկսած 1920-ական թվականներից` Թուրքիայում թրքացվել է Արևմտյան Հայաստանի պատմական հայկական տեղանունների ավելի քան 90%-ը:

Ցեղասպանության սահմանումները

«Ցեղասպանություն» բառը` իբրև մարդկության դեմ ուղղված ոճրի իրավական տերմին, առաջինը կիրառել է գերմանացի գրող, իրավագետ Արմին Վեգները` հայերի բնաջնջումը բնորոշելու համար:

«Ցեղասպանություն» տերմինը 1944 թ.-ին շրջանառության մեջ է դրել քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը, ում ընտանիքը հրեական Հոլոքոստի զոհերից էր: Այդ տերմինով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների ու բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը («ցեղասպանություն»/«գենոցիդ» տերմինը կազմվել է հունարեն genos-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն cide-սպանել բառերի համակցումից):

1948 թ.-ի դեկտեմբերի 9-ին Հոլոքոստի հիշողության ազդեցության ներքո Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի` ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և փաստաթուղթը ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Կոնվենցիայի համաձայն` ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

Խմբի անդամների սպանություն,

Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում,

Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը,

Խմբի երեխաների` բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի համընդգրկուն սահմանումներ: Այսպես` 1959 թ.-ին իրավագետ Փիթեր Դրոստը ցեղասպանությունը սահմանել է որպես «Մարդկանց` որևէ խմբի պատկանելիության համար կյանքից կանխամտածված զրկելը»: Անվանի ցեղասպանագետ Իսրայել Չառնին` «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիրը, առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունն ընդհանրական իմաստով զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»:

Միջազգային ճանաչում

Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային առաջին արձագանքը Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915 թ.-ի մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Սկսած 1915 թ.-ից` տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը: Հայոց ցեղասպանությունն ընդունել են միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

1965 թ.-ին Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը, իսկ ըստ միջազգային իրավունքի պաշտոնապես դատապարտել և ճանաչել են հետևյալ երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան:

Քաղվածքներ Թալեաթ փաշայի` Հալեպի իշխանություններին ուղղած գաղտնի հրահանգներից ու ծածկագրերից (1914-1918 թթ.)

***

«…Թուրքիայում միակ ուժը, որը կարող է կազմալուծել քաղաքական կյանքը, հայերն են… Որոշվել է հայրենիքն ազատել այդ անիծյալ ցեղի փառամոլությունից և մեր իսկ անձնական ուսերին առնել հանցանքի արատը, որն օսմանյան պատմությունը մրոտելու է: Որոշված է գլխատել Թուրքիայում ապրող բոլոր հայերին, չթողնել, որ որևէ մեկը կենդանի մնա»:

***

«…Թուրքիայում ապրող բոլոր հայերի իրավունքները ջնջված են: Այս նկատառումով կառավարությունը տեր է կանգնում ամբողջ պատասխանատվությանը և հրամայում չխնայել նույնիսկ օրորոցի երեխաներին»:

***

«…Որբանոցի հարկ բնավ չկա: Ժամանակը չէ զգայական մղումներով տարվելու: Որբերին քշե՛ք դեպի անապատ ու մեզ այդ մասին տեղյա՛կ պահեք»:

Թուրք պատմաբանները Ցեղասպանության մասին

Սելիմ Դերինգիլ. «Թուրքիայի Հանրապետության կերտողները հազարավոր մարդիկ չէին: Նրանք մի քանի հարյուրի հասնող մարդիկ էին, ովքեր բոլորն էլ 1915 թ.-ի հայերի տեղահանության ժամանակ այս կամ այն պաշտոնն են զբաղեցրել: Նրանք կա՛մ իմացել են դեպքերի մասին, կա՛մ էլ անմիջականորեն մասնակցել են դրանց: Մեծ հաշվով նույն մարդիկ էին: Տեղահանությունը, կոտորածը, ցեղասպանություն կամ ինչ էլ որ լինի, այն իրականացրել են երիտթուրքերը: Շատ լավ, իսկ ովքե՞ր են այդ երիտթուրքերը. հանրապետության հիմնադիրները բոլորն էլ երիտթուրքեր էին»:

Հալիլ Բերքթայ. «Թուրքիայի պետական և կիսապետական դիրքորոշման խնդիրը բավականին դժվար է: 1915-1930 թվականներին բոլորը գիտեին կոտորածների մասին: Դրա համար էլ, երբ ուսումնասիրում ենք այդ ժամանակաշրջանի պատմագրությունը, երբեք չենք հանդիպում «այդպիսի բան չի եղել, դա սուտ է» արտահայտությանը: Պատճառն այն է, որ այդ իրադարձությունները դեռևս սերունդների հիշողությունների մեջ էին, և բոլորն էլ գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Կային նաև մարդիկ, ովքեր հպարտանում էին` ասելով. «Եթե մենք չսպանեինք, նրանք էին սպանելու»»:

Մեջբերումներ Հայոց ցեղասպանության մասին

***

«…1915 թ.-ի օգոստոսի 31-ին Թալեաթ փաշան Գերմանիայի դիվանագետներին հայտարարեց. «Հայկական հարցն այլևս գոյություն չունի»: Նա իրավացի էր, քանի որ հայերի տեղահանումն ավարտվել էր: Մնում էր միայն ձերբազատվել այն հատուկենտ զոհերից, ովքեր, քայլելով մահվան ճանապարհով, հրաշքով փրկվել էին»:

Ֆրիտյոֆ Նանսեն,

բևեռախույզ, Նոբելյան

մրցանակի դափնեկիր

***

«…Ես վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա ավելի զազրելի էջ, ինչպիսին սա է: 1915 թ.-ին հայկական ընտանիքների տեղահանման մասին հրամանով մահվան դատապարտվեց մի ամբողջ ազգ»:

Հենրի Մորգենթաու,

1913-1918 թթ. Օսմանյան

կայսրությունում ԱՄՆ դեսպան

***

«…Երիտթուրքերը, հասնելով իշխանության, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին: Այդ ժողովրդին, որ սիրում է մեզ, ոչնչացնելու մասին որոշումն ընդունվել է թուրքական կառավարության անդամների խորհրդակցության ժամանակ… Արյան այն փոքր չափաբաժինը, որ դեռ հայերը պահպանել են, թանկարժեք է, դրանից կծնվի հերոսական սերունդը: Այն ժողովուրդը, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»:

Անատոլ Ֆրանս,

ֆրանսիացի գրող,

Նոբելյան մրցանակի դափնեկիր

***

«Ցեղասպանության առաջին ոճիրը գործվեց 20-րդ դարի սկզբին` 1914-1918 թթ.-ի պատերազմի ընթացքում, իր երկրում ապրող մի ժողովրդի դեմ: Եվ այդ ոճիրը բոլորովին չդատվեց ու չդատապարտվեց: …Այդ իսկ պատճառով հայերը չեն կարողանում մոռանալ պատմական այդ թվականը, որը կարող էր վերջ դնել ամբողջ մի ժողովրդի գոյությանը: …Նրանք չեն կարողանում մոռանալ այն մեկ ու կես միլիոն նահատակներին»:

Լուի Արագոն,

ֆրանսիացի գրող

***

«Սարսափի երկիր: Ով էլ որ այժմ անցնում է ամայացած Հայաստանով, չի կարող չցնցվել, այնքան արտառոց շատ բան են ասում ավերակների ու մահվան այդ անվերջ հեռաստանները: Չկա մի ծառ, մի ժայռ, մի կտոր մամուռ, որ պղծված չլինի հեղված արյան վտակներով: Չկա մի առվակ, գետ կամ գետակ, որ դեպի հավիտենական մոռացության քշած-տարած չլինի հարյուրավոր, հազարավոր մեռյալ մարմիններ: Չկա մի անդունդ, մի կիրճ, որոնք չլինեն գերեզմաններ բաց երկնքի տակ, որոնց խորքում սպիտակին չտային կմախքների բաց-բաց կույտերը»:

Անրի Բարբի,

20-րդ դարի ֆրանսիացի լրագրող

Եղեռնը վերապրածների և ականատեսների վկայություններից

Եղիսաբեթ Քալաշյանը (ծնվ. 1888 թ., Մուսա լեռ) պատմում է իր կյանքի պատմությունը. «Արաբստանի անապատում մեր եղած ժամանակ կենդանիների պես էինք` ո՛չ հագուստ, ո՛չ ապրուստ, ո՛չ լվացվել, ո՛չ խմել… Բնական պետքի համար անգամ ժանդարմը գլխուդ կայնած կըլլար. ո՛չ կին կճանչնային, ո՛չ աղջիկ, ո՛չ նամուս… Կերակո՞ւր, ի՞նչ կերակուր. խո՜տ էինք հավաքում, անասունների պես խո՛տ էինք արածում: Աղ գտնվեր նէ` աղեկ. կթաթխեինք աղին, ավելի համով կըլլար: Իմին երեք պզտիկ ձագուկներս ալ աքսորի ճամփաները մեռան»:

Յոզղատցի Վերոնիկա Բերբերյանը (ծնվ. 1907 թ.) հիշում է թուրքական զորահավաքը. «…Շաբաթ օրը` իրիկվան դեմ, բոլոր տղամարդկանց կհավաքեն` թուրքական բանակ ղրկելու, բայց այնտեղ հայերը կզատեն թուրքերից` ըսելով. «Հայերը պիտի գնան ճանապարհ շինելու, թուրքերը պիտի գնան ռուսական ճակատ»: Հաջորդ օրը` կիրակի, ջրաղացպանը կտեսնա ջրաղացին քովը լիքը մարդկանց գլուխներ, ոտքեր, ձեռքեր. նախորդ օրվա զինվոր տարվածները գիշերով մորթվել էին: …Պապիկիս տարին ղայմաղամին մոտ: Երբ նա ծունկ չոքած կաղոթե, թուրք զինվոր մը կացինով կհարվածե, պապիկիս գլուխը կգլորվի գետին: Կսկսին ֆուտբոլ խաղալ իմ խելացի պապիկիս գլխուն հետը…»:

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «…Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ է ստեղծել, որոնք զբաղվում են լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով են վաճառվում… Գիտության գրքերը թուրքերն օգտագործում են շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:

Ռուս զինվորականների վկայությունները. «…Ընդհանրապես հայկական տաճարների նկատմամբ թուրքերն առանձնակի բարբարոսական մոտեցում են ցուցաբերում, առանձնահատուկ վայրենություն: Մուշում ընդամենը մեկ եկեղեցի էր մնացել, քանի որ նրանում հանգրվանել էր թուրքական ալյուրի պահեստը: Սրբապատկերներն ամենուրեք աղտոտված էին և պղծված ամենաբարբարոսական կերպով: Թուրքը հաստատ ուզում է աշխարհի վրայից մաքրել ամեն հայկականը…»:

«Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ»

1918 թ.-ին Նյու Յորքում անգլերենով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, որում հեղինակը` Ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է բռնագաղթի ճանապարհի իր սարսափները: Նրա պատմությունն արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին վկայություններ են:

Նույն թվականին Կալիֆորնիայում ռեժիսոր Օսկար Ափֆելը գրքի սյուժեի հիման վրա նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում` հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ), որը Եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր և ընդհանրապես ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմն աշխարհում:

Ցուցադրվելով ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում` ֆիլմն արժանացել է «դարակազմիկ կինոնկար» գնահատականին:

Հետագայում գրաքննության ենթարկվելով` ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել, իսկ գիրքը հանվել է ամերիկյան և բրիտանական գրադարաններից: Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել, և միայն 1994 թ.-ին արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենի 20 րոպեանոց մի հատվածը միայն, որի պատճենը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում:

***

Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվը 2350 էր (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը թալանվեց, այրվեց և ավերվեց:

Պատրաստեց Գեղամ Մելիքբեկյանը