Մոսկվաբնակ հայ բժիշկները հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ

Արցախա-ադրբեջանական շփման գոտում քառօրյա լայնածավալ մարտերի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց նեղ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալներում վիրահատություններ են կատարում Մոսկվայի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի բժիշկները:

Ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգոր Կարապետյանի խոսքերով` բարեգործական ծրագրի առաջին փուլի շրջանակում Երևան և Ստեփանակերտ են ժամանել չորս բժիշկներ, ովքեր արդեն վիրահատել են մարտերի հետևանքով վիրավորված վեց զինվորականների և քաղաքացիական անձանց: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Զինվորական հոսպիտալներում Մոսկվայից ժամանած բժիշկները հիմնականում կատարել են ներհոդային բարդ վիրահատություններ: Ապրիլի 23-ին ՊՆ ԿԿԶՀ-ում ասոցիացիայի բժիշկների կողմից իրականացվել է վերջին վիրահատությունը: Վիրահատվել է կապիտան Հովհաննես Աֆթանդիլյանը, ով ձախ արմունկահոդի շրջանում ունեցել է ոսկրային դեֆեկտներով ձեռքի հրազենային լուրջ բեկորային վնասվածքներ: Վիրահատական միջամտության արդյունքում կատարվել է արտօջախային օստիոսինտեզ:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանի պնդմամբ` նմանօրինակ վիրահատություններ ՀՀ բուժհաստատություններում, այդ թվում՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հաճախ են կատարվում, սակայն մեր հայրենակիցների բարեգործական նախաձեռնությունը միանշանակ արժանի է մեծ գնահատանքի, ըստ այդմ` երկկողմ համագործակցությունը շարունակական է լինելու:

Մասնավորապես ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանի և Արցախի զինվորական հոսպիտալներում նոր վիրահատություններ կատարելու նպատակով մայիսին Մոսկվայից կժամանեն ևս երկու բժիշկ-մասնագետներ: Ինչպես տեղեկացրեց Մոսկվայի Յուդինի անվան 79-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Մացակյանը, նախատեսվում են նաև բժիշկների փոխայցելություններ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: Ըստ նպատակահարմարության` բարդ վիրահատությունների անհրաժեշտություն առաջանալու դեպքում հիվանդները անվճար հիմունքներով կուղարկվեն նաև Մոսկվա, որտեղ կցուցաբերվի բարձր մակարդակի բուժօգնություն:

Ռուսաստանի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի անդամ Արտակ Մացակյանը նաև հավաստեց, որ ասոցիացիան ստեղծվել է մեկ առաքելությամբ. այն է՝ անվճար բուժօգնություն ցուցաբերել հայ ժողովրդին: Այս պահին ասոցիացիան ներկայացնում են 5 հայ բժիշկներ` Գրիգոր Կարապետյան, Արտակ Մացակյան, Նորայր Զաքարյան, Արմեն Պետրոսյան և Արթուր Սահակյան: Առաջիկայում ասոցիացիան նախատեսում է ընդլայնել գործունեության շրջանակները` բժիշկ-մասնագետների կազմում ընդգրկելով նաև նեյրովիրաբույժների, սրտաբանների և կարդիովիրաբույժների:

Նշենք նաև, որ Հայաստան կատարած այցի շրջանակում Մոսկվայի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի բժիշկները, անվճար վիրահատություններից բացի, ՊՆ ԿԿԶՀ-ին նվիրաբերել են ոսկրային կոտրվածքների վիրահատական միջամտությունների և հետագա բուժման համար նախատեսված բժշկական մի շարք գործիքներ ու սարքավորումներ:

Հովհաննես Պառաշյան

  • IMG_0116 (Medium)
  • IMG_0133 (Medium)