Հանդիպում- խորհրդակցություն ամերիկահայ բժիշկ-վնասվածքաբան Հովհաննես Ներսեսյանի հետ

Ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հանդիպումը ամերիկահայ հայտնի բժիշկ, Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի օրթոպեդիկ վիրաբույժ (մեջքի և ծնկի վնասվածքներ), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ներսեսյանի և նրա տիկնոջ՝ անեսթեզիոլոգ Հասմիկ Սարգսյանի հետ:

Հանդիպում-խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության հետ համագործության ծրագրերի շուրջ հարցեր, մասնակցում էին նաևՀՀԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՊՆ ԿԿԶՀ պետ, բ/ծ գնդապետ Արամ Ասատուրյանը և վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Լևոն Ժամագործյանը:

Հովհաննես Ներսեսյանը, լինելով միջազգային առաջատար բժշկական կազմակերպությունների անդամ, բժշկական համալսարանների պրոֆեսոր, շուրջ 6 տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, վաստակաշատ բժիշկ, իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու ազգային բանակի ռազմաբժշկական ծառայությանը՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու հարցում:

«Սա իմ 40-րդ այցելությունն է Հայաստան, իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ առաջինը: Թեպետ հանդիպեցինք այս դժվարին օրերին, սակայն չեմ կարող թաքցնել հիացմունքս, հպարտությունս, որ տարիների ընթացքում բանակի ռազմաբժշկական ծառայությունն առաջընթաց է ունեցել: Ես այցելել եմ Հայաստան թե՛ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, թե՛ հետպատերազմական տարիներին, քաջատեղյակ եմ սփյուռքահայ բարերարների կատարած նվիրատվությունների մասին: Ես նույնպես պատրաստ եմ մշտապես համագործակցել բանակի ռազմաբժշկական կառույցի հետ՝ կարևորելով նրա դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության ապահովման գործում, և ցանկանում եմ նվիրել տարբեր բուժսարքավորումներ: Լինելով վնասվածքաբան-օրթոպեդ՝ հույս ունեմ, որ իմ ներդրումը կունենամ հատկապես վնասվածքաբանության բաժանմունքի զարգացման, կատարելագործման գործում»,- իր խոսքում նշեց Հովհաննես Ներսեսյանը:

Հասմիկ Սարգսյանը, ով մասնագիտությամբ անեսթեզիոլոգ է, կարևորեց վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդների բուժօգնության կազմակերպման առանձնահատկությունները, խնամքը՝ խոստանալով իր մասնակցություն ունենալ այդ բաժանմունքի զարգացման գործընթացին:

Հովհաննես Ներսեսյանը հետաքրքրվեց նաև ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների առողջական վիճակով և բուժման ընթացքով: Քննարկումների ժամանակ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Լևոն Ժամագործյանը փաստեց, որ բաժանմունքի բուժանձնակազմն աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ: Նա գոհունակությամբ նշեց, որ վիրավորների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. նրանցից մի քանիսն արդեն ուղարկվել են բուժական արձակուրդի:

Հասմիկ Գյոզալյան

  • 20166548 (Large)
  • 20166469 (Large)
  • 4-drsum
  • 3-mijancq
  • 20166465 (Large)
  • 20166459 (Large)
  • 20166384 (Large)
  • 8989