Բուժծառայության ղեկավարման և բժշկական ապահովման նոր՝ զուտ հայկական մոդել

Ապրիլի 27-ին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանը ևս մեկ անգամ ներկայացրին ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները, որոնց արդյունքները գերազանցել են ոլորտի նախկին ցուցանիշները՝ շնորհիվ ռազմական բուժծառայության ղեկավարման և բժշկական ապահովման նոր մոդելի՝ նոր մոտեցման, որը կիրառվել է այդ օրերին:

«Քառօրյա պատերազմը բանակի բուժծառայության համար կարծես փորձաշրջան եղավ (ամեն օր չէ, որ մենք կարողանում ենք գնահատել մեր ուժերը. եթե խնդիրների լուծման սահմանված եղանակները չեն կիրառվում համապատասխան իրավիճակներում, ապա դժվար է ճշգրիտ պատասխանել՝ արդյոք կարող ենք այն լուծել, թե ոչ): Պատերազմի դաշտում գործնականում կիրառելով խնդիրների լուծման հնարավոր և ամենաարդյունավետ ուղիները՝ զինված ուժերում ձևավորվեց բուժծառայության ղեկավարման և բժշկական ապահովման նոր մոդել: Այն չի նմանվի և չի լինի ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ռուսական և ո՛չ էլ որևէ այլ երկրից ներմուծված, այլ կլինի զուտ հայկական: Կլինի մեր ստեղծածը:

Սովորաբար մենք կիրառում ենք այն մոտեցումները, որոնք բնորոշ են մեծ պետություններին, բայց մեր պետությունը փոքր է, բժշկական հաստատությունները մոտ են առաջնագծին: Պետք է ամեն ինչ կազմակերպել՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը»,- նշեցՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա փաստեց, որ մարտական գործողությունների ընթացքում բացառիկ վիրահատություններ են կատարվել առաջնագծից ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող ռազմաբժշկական հաստատությունում. կատարվել է վիրավոր զինծառայողի ենթածնկային անոթի պլաստիկ վիրահատություն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ոտքի ամպուտացիայից, և այսօր զինվորն արդեն քայլում է: Եղել են վիրավորներ՝ քներակի, սրտի և այլ բարդ վնասումներով, սակայն զինվորական բժիշկները, ցուցաբերելով մասնագիտական գերազանց ունակություններ, փրկել են նրանց կյանքը: Հաշմանդամության տանող վիրահատություններն անհամեմատ քիչ են եղել:

«Վիրավոր զինծառայողներից միայն երկուսին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով, փրկել չի հաջողվել, իսկ մյուս վիրավորները, ովքեր հասել են վիրահատական սեղանին, փրկվել են՝ վիրավորների առաջին բուժօգնությունը և տարհանումը ճիշտ կազմակերպելու, ժամանակի կորուստներ չունենալու, նյութատեխնիկական ապահովման և իհարկե մասնագետների բարձր պատրաստվածության շնորհիվ»,- հավելեցԿամավոր Խաչատրյանը:

Իրենց խիզախությամբ, նվիրումով փայլել են նաև զորային օղակում ծառայող բժիշկները, բուժակները, սանհրահանգիչները: Չդադարող հրետակոծությունների ներքո հասնելով վիրավորներին՝ վիրակապել, օգնել են և դուրս բերել մարտադաշտից։Մարտական գործողությունների գոտում նկատելով սանիտարական մեքենաները՝ հակառակորդը նպատակային կրակ է բացել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը կորցրել է 4 սանիտարական մեքենա. բժշկական անձնակազմից եղել են վիրավորներ, սակայն մահվան դեպք, բարեբախտաբար, չի գրանցվել:

Տիրապետելով ինքնօգնության և փոխօգնության հմտություններին, ունենալով անհատական դեղատուփ և վիրակապական փաթեթ՝ մարտի դաշտում վիրավոր զինվորները նույնպես կարողացել են օգնել և՛ իրենց, և՛ ծառայակից ընկերներին: Մարտական հենակետերի ինժեներական կահավորումը, տեղանքում ճիշտ կողմնորոշվելը թույլ են տվել հնարավորինս պաշտպանվել, խուսափել վիրավորումներից:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը բարձր գնահատեց բազմաթիվ բժիշկների, մասնագետների՝ բանակի բուժծառայությանը սատարելու, իրականացվող աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը: Ապրիլյան մարտական գործողությունների օրերին ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական կառույցը, սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, կարողացել է պատվով կատարել իր ծառայությունը և պատրաստ է մարտահրավերներին դիմակայելուն:

Էդիտա Մելքոնյան