Գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը հիացմունքով է խոսել մեր անձնակազմի կատարած աշխատանքի մասին

ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումը մարտի 31-ից ապրիլի 23-ը մասնակցել է Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացված «Միաձուլված սուր-2016» զորավարժությանը, որին ներգրավված էին 16 երկրների շուրջ 5000 զինծառայողներ:

Մարտական գործողություններին հնարավորինս մոտեցված պայմաններում գերազանց կատարելով առաջադրված խնդիրները` հայկական ստորաբաժանումը նշանակալի հաջողություններ է արձանագրել, պատվով ներկայացրել մեր երկիրը և ՀՀ զինված ուժերը: Զորավարժության ընթացքում բուժանձնակազմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվել և առաջին անգամ արտերկրում գործարկվել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:

Զորավարժության նշանակության, փուլերի, ՀՀ ԶՈՒ բժշկական անձնակազմի հաջողությունների, հետագա համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության վերլուծության և պլանավորման բաժնի ավագ սպա, «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությանը մասնակցած բժշկական ստորաբաժանման հրամանատար, բ/ծ փոխգնդապետ Գեղամ Փաշիկյանի հետ:

– Պարո՛ն փոխգնդապետ, «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությանը հայկական կողմի մասնակցությունը, անշուշտ, չափազանց կարևոր քայլ է միջազգային հանրությանն արժանապատվորեն ներկայանալու, համագործակցությանը նոր զարկ տալու առումով և ոչ միայն… Խնդրում եմ` խոսենք զորավարժության դերի և նշանակության մասին:

– «Միաձուլված սուրը» մեծածավալ, բազմազգ, ամենամյա զորավարժություն է, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները: Հայաստանի մասնակցությունը (որպես համագործակցող պետություն) իրականություն դարձավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անմիջական ջանքերի շնորհիվ:

Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այդ ժամանակահատվածում մենք ընտրեցինք անձնակազմը, նախապատրաստեցինք հոսպիտալի ամբողջ գույքը և ներկայացանք նյութատեխնիկական լիարժեք ապահովվածությամբ, որպեսզի որևէ խնդրի չբախվենք: Նախքան զորավարժության մեկնարկը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանը և ՊՆպաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանը Գերմանիայում մասնակցեցին պլանավորման խորհրդակցությանը: Երկրորդ` վերջնական պլանավորմանը, որի ընթացքում հստակեցվեցին բոլոր կազմակերպչական հարցերը, մասնակցեցի նաև ես: Զորավարժությունից օրեր առաջ Գերմանիա մեկնեց նախ առաջավոր խումբը` իմ գլխավորությամբ, ապա մեզ միացավ ամբողջ անձնակազմը:

Նախ մեր անձնակազմին տրամադրվեց ռազմաբազայի կլինիկան, որը սպասարկում էր զորավարժությանը մասնակցող անձնակազմերին: Մի քանի օր շարունակ մասնակցեցինք տարբեր վարժանքների, ինչպես նաև բուժօգնություն ցուցաբերեցինք հիվանդներին: Այնուհետև տեղափոխվեցինք վրանային ճամբար: Շուտով ժամանեց նաև Իտալիայում գտնվող 173-րդ բրիգադը, որի հետ պետք է համագործակցեր մեր զորախումբը: Տասն օր շարունակ վարժանքներ իրականացրինք տարբեր սցենարներով, որից հետո տեղափոխվեցինք «մարտական գործողությունների»տարածք: Զորավարժության ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ պայմանները հնարավորինս մոտեցված էին իրական պատերազմական իրավիճակին: Ամեն ինչ անկանխատեսելի էր: Մեր անձնակազմը մի քանի գիշեր քնել է բաց երկնքի ներքո: Անտառում հնարավորինս հարթ տարածք գտնելով` սկսեցինք ծավալել հոսպիտալի նախ վիրաբուժական, ապա և մյուս բաժանմունքները և ընդունել «վիրավորներին»: Երկու օրվա ընթացքում մենք բուժօգնություն ցուցաբերեցինք 50-ից ավելի «վիրավորների»: Չնայած եղանակային պայմաններին (անընդհատ անձրևում էր) և չդադարող «պատերազմական գործողություններին»՝ մենք կարողացանք արագ կողմնորոշվել և պատշաճ կատարել մեր խնդիրը:

«Միաձուլված սուր-2016» զորավարժության դերըչափազանց մեծ է միջազգային համագործակցությունը խթանելու, բազմազգ միջավայրում փոխհամագործակցության կազմակերպման, մեր հոսպիտալի ամբողջ գույքն այլ պետության տարածք տեղափոխելու, հոսպիտալը ծավալելու փորձի ձեռքբերման, պատերազմական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում մեր ուժերը փորձելու առումներով: Կցանկանայի առանձնահատուկ շեշտել, որ ՆԱՏՕ-ի գնահատման փուլերին մասնակցելուց առաջ սա հիանալի հնարավորություն էր մեր անձնակազմի համար:

– Ի՞ նչ առանձնահատկություններ ունի ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:

– Դա ամերիկյան օդուժի դաշտային շարժական հոսպիտալ է, որի բազայի վրա ստեղծել ենք մեր 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալը: Այն իր կատարած գործառույթներով մոտ է առանձին բժշկական ջոկատի (ԱԲՋ) գործառույթներին. հիմնական ուղղվածությունը վիրաբուժականն է: Բաղկացած է 4 վրան-բաժանմունքներից, որոնք ծավալված են անգլերեն H տառի ձևով: Առաջին վրանում տեղակայված են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, ընդունարանը, ռենտգեն բաժանմունքը, լաբորատորիան, ատամնաբուժական կաբինետը: Այն վիրավորները, ովքեր վիրաբուժական միջամտության կարիք ունեն, անմիջապես տեղափոխվում են երկրորդ վրան, որտեղ վիրաբուժական բաժանմունքն է` նախավիրահատարանը, հետվիրահատարանը և վիրահատական սրահը: Երրորդ վրանը հիվանդների պահման և տարհանման բաժանմունքն է: Այնտեղ կազմակերպվում է հետվիրահատական բուժումը, որից հետո զինծառայողները վերադառնում են շարք, իսկ անհրաժեշտության դեպքում` տեղափոխվում բուժտարհանման հաջորդ էտապ: Վերջին` 4-րդ վրանը հոսպիտալի շտաբն է, որտեղ տեղակայված են նաև թիկունքային ապահովման ստորաբաժանումը և դեղատունը: Հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ի տարբերություն ցամաքային զորքերի շարժական հոսպիտալների՝ մեր հոսպիտալում հիվանդների հոսքն ապահովվում է բացառապես վրանների ներսում` միջանցքների շնորհիվ:

Ի դեպ, զորավարժությունն ընթացքի մեջ էր, երբ սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները: Մեր անձնակազմն օր առաջ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնեց, սակայն երբ կապ հաստատեցինք Ռազմաբժշկական վարչության ղեկավարության հետ, մեզ տեղեկացրին, որ վերադառնալու անհրաժեշտություն չկա, քանի որ թե՛ զորային, թե՛ հոսպիտալային օղակների բուժանձնակազմերը անձնվիրությամբ ու պատվով են կատարում իրենց խնդիրները:

– Պարո՛ն փոխգնդապետ, ես տեղեկացա, որ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսն այցելել է հայկական հոսպիտալ, ծանոթացել անձնակազմի հետ, Ձեզ հետ առանձնազրույց ունեցել: Ի՞նչ տպավորություններով հեռացավ գեներալ-լեյտենանտը:

– Գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը հենց հայկական հոսպիտալ այցելելու ցանկություն էր հայտնել: Այդ պահին մենք «վիրավորների» հոսք ունեինք, բուժօգնություն էինք ցուցաբերում մոտ 10-15 «վիրավորների»: Իսկ «օդուժը» «հարվածում էր» հոսպիտալին: Գեներալ-լեյտենանտը շրջեց բոլոր բաժանմուքներում, ծանոթացավ գործառույթներին, բուժսպասարկման առանձնահատկություններին, ինչից հետո առանձնազրույց ունեցանք: Առանց չափազանցության, նա հիացմունքով էր խոսում մեր անձնակազմի կատարած աշխատանքի մասին` շեշտելով, որ հայկական անձնակազմն օրինակելի է բոլորի համար:Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարը նշեց, որ ուրախ է այս համագործակցության համար և ցանկություն հայտնեց, որ այն շարունակական լինի: Մենք գեներալին հուշանվեր` հայկական խաչքար նվիրեցինք: Նա էլ իր հերթին հուշանվեր հանձնեց մեր ինժեներին` ավագ լեյտենանտ Արա Գրիգորյանին: Շատ ջերմ բաժանվեցինք, ինչպես նշեց գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը, կրկին հանդիպելու հույսով:

Եղել են բազմաթիվ այլ հանդիպումներ ևս: Վարժական կենտրոնի ղեկավար կազմը, 173-րդ բրիգադի հրամկազմը այցելել են մեր հոսպիտալ և հեռացել դրական տպավորություններով: Նրանց զարմացնում և հիացնում էին մեր անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, տոկունությունը, մարտական ոգին, անծանոթ միջավայրում արագ կողմնորոշվելու կարողությունը: Ընդ որում՝ տարբեր զորավարժությունների մասնակցելու և մեր համագործակցությունը շարունակելու բազմաթիվ հրավերներ ստացանք: Մեր կողքին էին նաև ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի (սերտորեն համագործակցում է ՀՀ ՊՆ-ի հետ) ներկայացուցիչները, որոնց հետ ևս նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Վերադառնալուն պես համագործակցության բոլոր առաջարկները ներկայացրել ենք մեր ղեկավարությանը:

Մեր անձնակազմի ներկայացուցիչներից շատերը հուշանվերների արժանացան, իսկ սերժանտ Արամ Սիմոնյանն արժանացավ հավաստագրի` փոխհամագործակցությունը կազմակերպելու և լավագույն արդյունքներ ցուցաբերելու համար: Մեր ամբողջ անձնակազմը ստացավ հատուկ հավաստագիր՝ առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:

– Խնդրում եմ` ներկայացրե՛ք «Միաձուլված սուր-2016» զորավարժությանը մասնակցած հայկական ստորաբաժանման անձնակազմը:

– Զորախմբի հրամանտարի տեղակալն էր ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ԲԾԿՄ ամբիոնի դասախոս, բ/ծ մայոր Ալբերտ Համբարձումյանը: Բժիշկները հիմնականում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից են. բժիշկ-վնասվածքաբան, բ/ծ մայորՎահե Պետրոսյան, բժիշկ-ռենտգենոլոգ, բ/ծ կապիտան Ռուբեն Խաչատրյան, վիրաբույժ, վիրաբուժական թիմի ղեկավար, բ/ծ մայոր Հայկ Հովհաննիսյան, անեսթեզոլոգ, բ/ծ մայորԿարապետ Սիմոնյան, ռեանիմատոլոգ, բ/ծ մայոր Հակոբ Ազիզյան, հիվանդների պահման և տարհանման բաժանմունքի ղեկավար, ՊՆ վարչական համալիրի բուժկետի բժշկուհի, էնդոկրինոլոգ, բ/ծ կապիտան Նելլի Հովսեփյան, բժիշկ-էպիդեմիոլոգ, բ/ծ լեյտենանտ Հովհաննես Զոհրաբյան: Բուժքույրերն ընտրվել են ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից և Երևանի կայազորային հոսպիտալից, իսկ բուժակները` խաղաղապահ բրիգադից: Զորախմբի կազմում էին նաև են ՀՀ ՊՆ ԿԿԶՀ դեղատան պետ, բ/ծ մայոր Գեղամ Անտոնյանը, ինժեներ, ավագ լեյտենանտ Արա Գրիգորյանը, ենթասպա Էդգար Ապրեսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աշխատակից Գևորգ Հայրապետյանը:

Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բժիշկներին, բուժակներին և հատկապես բուժքույրերին՝ նմանօրինակ դժվարին պայմաններում ամուր կամք ու վճռականություն դրսևորելու, մեր պետությունը և զինված ուժերը մեծ պատասխանատվությամբ ու պատվով ներկայացնելու համար:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17