«Ուզում ես իսկական վիրաբույժ դառնալ, հետևի՛ր զորքին»

«…Թո՛ւյլ տվեք ներկայացնել մեր թիմի նշանաբանը. «Ուզում ես իսկական վիրաբույժ դառնալ, հետևի՛ր զորքին»: Սրանք Հիպոկրատի խոսքերն են, որոնք դարերի ընթացքում չեն կորցրել իրենց արդիականությունը: Ապրիլյան մարտական գործողություններն էլ ևս մեկ ապացույց են, որ ռազմական բժիշկները կանգնել են զինվորների կողքին ու իրենց մասնագիտական պարտքը նվիրումով կատարել: Նրանց շնորհիվ են փրկվել վիրավորները:

Սակայն, ցավոք, չի լինում պատերազմ… առանց զոհերի: Մեկ րոպե լռությամբ հարգենք մեր ընկած հերոսների՝ երիտասարդ զինվորների ու սպաների հիշատակը»:

Ողջույնի այս խոսքերով են ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսի 6 կուրսանտներ՝ Կարեն Ասլոյանը, Գարիկ Գրիգորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Մհեր Մկրտչյանը, Տիգրան Մովսիսյանը, Նարեկ Վարդանյանը, ներկայացել ԵՊԲՀ-ում կայացած Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի միջազգային օլիմպիադային և գիտելիքների ստուգման հետագա փուլերում, գործնական առաջադրանքները կատարելիս ցուցաբերելով լավագույն արդյունքները, գրավել 1-ին տեղը:

Կուրսանտները պատմեցին, որ Ուլյանովի անվան ՉՊՀ դոցենտ Մ. Վ. Կոնկովան, ով նույնպես ընդգրկված էր գնահատող հանձնաժողովի կազմում, ինչպես նաև մյուս հյուրերը բարձր են գնահատել ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների մասնակցությունը. «Նրանք նաև քաջատեղյակ էին՝ ինչպես են զորային օղակում ծառայում երիտասարդ ռազմաբժիշկները, և մեզ ՝ որպես նրանց «հետնորդների», հարգանքով էին վերաբերվում: Քաջատեղյակ էին՝ ինչ վայրագություններ է կատարել թշնամին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: Նրանք նույնպես խոնարհվում էին զոհված տղաների հիշատակի առջև և որպես մարդ կիսում են մեր կորստի, վրեժի ցավը…»:

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի օլիմպիադան իրականացվել է՝ համապատասխան Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի կողմից սահմանված միջազգային չափանիշների:

ԵՊԲՀ Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը նշեց. «Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության դասընթացները ավելի արդյունավետ դարձնելու, ուսանողների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ուսանողները մասնակցում են ամբիոնին կից գործող, պրոֆեսոր Ք. Պետրոսյանի անվան սկսնակ վիրաբույժների խմբակ-միության աշխատանքներին, կենդանիների վրա փորձարարական վիրահատություններ կատարում, ապա ներկայացնում են զեկույցներ՝ իրականացված գործնական պարապմունքների վերաբերյալ:

Օլիմպիադայի հիմնական նպատակն էր միջազգային չափանիշներով գնահատել ուսանողների գործնական հմտությունները (արագություն, որակ) և հետագայում դրանք զարգացնել՝ լրացնելով առկա բացթողումները»:

  • sa2
  • 20167897
  • 20167580
  • 20167577
  • 20167585
  • 20167582
  • 20167584
  • 20167587
  • 20167588