Տեղի է ունեցել բժիշկների խրախուսման և մեծարման արարողություն

Մայիսի 6-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իրենց մասնագիտական պարտքը նվիրումով կատարած բժիշկների, բուժաշխատողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակից բժիշկ-վետերանների, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների խրախուսման և մեծարման արարողությունը։

Միջոցառմանը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն, ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան պատերազմի մասնակից բժիշկներ, հոսպիտալային օղակի զինվորական բժիշկներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներ, այլ հյուրեր:

Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար նահատակված զինծառայողների հիշատակը:

Բացման խոսքում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը փաստեց, որ հայ ժողովրդի պատմությունը գոյատևման և ազատագրական պայքարի պատմություն է: Յուրաքանչյուր դարաշրջան նոր մարտահրավերներ է բերել, որոնք հայ ժողովուրդը հաղթահարել է միասնականությամբ, աննկուն կամքով, ուժով:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կերտման գործում հայորդիների ունեցած անուրանալի ներդրման մասին՝ Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ զինվորների հետ հայազգի մեծաթիվ բժիշկներ և բուժծառայողներ անձնվեր ու անգնահատելի ծառայություն են իրականացրել՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

«Լինելով առաջնագծում և թիկունքում, ծառայելով դժվարին, ծանր պայմաններում՝ նրանք միլիոնավոր կյանքեր էին փրկում: Ռազմական բժիշկների շնորհիվ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շարք վերադարձավ վիրավորների շուրջ 72 տոկոսը: Մեր հայրենակից, նշանավոր զորավար, մարշալ Բաղրամյանը պատերազմի ավարտից հետո ասել է. «Այն, ինչ արվեց խորհրդային ռազմաբժշկության շնորհիվ, արդարացիորեն կարող ենք անվանել սխրանք»:

Անդրադառնալով Արցախյան ազատամարտին՝ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրենն ասաց. «Մենք ապրել ու շարունակում ենք ապրել լինել-չլինելու դարավոր պայքարի մեջ: Արցախյան գոյամարտում էր, որ ունեցանք ամենամեծ ձեռքբերումները. վերականգնվեց պետականությունը, և ծնունդ առավ մեր անկախ հանրապետությունը, կազմավորվեց հայոց բանակը: Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում, որ ունենք ուժեղ, կայացած, մարտունակ բանակ: ՀՀ զինված ուժերի կազմավորման տարիներին ձևավորվեց ռազմաբժշկական ծառայությունը, առանց որի անհնար է պատկերացնել մարտունակ բանակ: Թե՛ Հայրենական մեծ պատերազմի, թե՛ Արցախյան ազատամարտի հաղթական ելքի ապահովման գործում բժիշկների դերը չափազանց մեծ է: Նրանք զինվորներին հավասար կրեցին պատերազմի բոլոր դժվարությունները՝ ցուցաբերելով բացառիկ արիություն: Արեցին հնարավորն ու անհնարինը՝ գիշեր ու զօր պայքարելով վիրավորների կյանքի համար: Արցախյան պատերազմի տարիներին բժիշկները բուժեցին և շարք վերադարձրին վիրավորների 75 տոկոսին՝ գերազանցելով Հայրենական մեծ պատերազմի ցուցանիշները»:

Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ բժիշկները պատվով դիմակայեցին նաև նոր մարտահրավերներին՝ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ անձնվիրաբար կատարելով իրենց մասնագիտական պարտքը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ իր ելույթը սկսեց «Փա՛ռք ու պատի՛վ հայ զինվորներին» նախադասությամբ. «Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ միշտ եղել է առանձնահատուկ՝ իր հաղթանակներով, հույսով: Մայիսը Սարդարապատն է, մեր առաջին հանրապետությունը, մայիսը ֆաշիզմի դեմ պայքարի մեծ հաղթանակն է, Շուշիի ազատագրումը, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումը… Ես գլուխ եմ խոնարհում նահատակված զինծառայողների հիշատակի առաջ: Մեր վիրավորված զինծառայողներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Նրանց տոկուն աչքերում տեսել եմ միայն մեկ ցանկություն՝ արագ վերադառնալ խրամատ և անառիկ պահել հայրենի սահմանները: Շնորհակալություն եմ հայտնում մեր բժիշկներին, ովքեր այս օրերին զինվոր են դարձել: Մենք միասին ենք, մենք անպարտելի ենք: Փա՛ռք հայ զինվորին»:

Ելույթներին հաջորդեց բժիշկների, բուժաշխատողների պարգևատրման արարողությունը:

Զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու ընթացքում ցուցաբերած մեծ նվիրումի, երկարամյա և անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը և ՀՀ առողջապահության նախարարության Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Պողոսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով՝ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու, մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար 79 բուժաշխատողներ պարգևատրվեցին պատվոգրերով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ ապրիլի 2-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ բժշկական ապահովման գործում ունեցած ակտիվ մասնակցության և համագործակցության համար պատվոգրով պարգևատրվեցին Գորիսի ԲԿ-ի տնօրեն Սաշա Խաչատրյանը, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վիրաբույժ Սերգեյ Միրզոյանը, «Աստղիկ» ԲԿ-ի շտապօգնության ծառայության բուժակ Վլադիմիր Սարգսյանը, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ Արմեն Աթանեսյանը, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» վիրաբույժ Արմեն Հակոբյանը, «Անդրանիկ Օզանյան» մեդալով՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, «Գարեգին Նժդեհ» մեդալով՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը: Պարգևները հանձնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի կողմից Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերաններ, ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը նվիրումով կատարած մի խումբ բժիշկներ և բուժաշխատողներ էլ պարգևատրվեցին պատվոգրերով:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության և քաջության համար շնորհակալագրերով պարգևատրեց ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Միքայել Սահակյանին, Շանթ Ղազարյանին, շարքայիններ Արման Ավետիսյանին, Բենիկ Եղիազարյանին:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց մշակութային մասը, որի ժամանակ ազգային բանակը, հայ զինվորի ու սպայի սխրանքը փառաբանող երգեր հնչեցին:

Հասմիկ Գյոզալյան

  • 20167600 (Medium)
  • 20167602 (Medium)
  • 20167610 (Medium)
  • 20167622 (Medium)
  • 20167630 (Medium)
  • 20167631 (Medium)
  • 20167647 (Medium)
  • 20167675 (Medium)
  • 20167690 (Medium)
  • 20167702 (Medium)
  • 20167717 (Medium)
  • 20167720 (Medium)
  • 20167732 (Medium)
  • 20167735 (Medium)
  • 20167740 (Medium)
  • 20167888 (Medium)
  • 20167894 (Medium)
  • 20167773 (Medium)
  • 20167776 (Medium)
  • 20167781 (Medium)
  • 20167791 (Medium)
  • 20167795 (Medium)
  • 20167797 (Medium)
  • 20167805 (Medium)
  • 20167806 (Medium)