Շուշիի ազատագրումը կամ «Հարսանիքը լեռներում»

Պատմությունը գալիք սերունդների համար շատ հաճախ վեր է հառնում որպես առասպել, որպես անիրական մի եղելություն: Եվ գալիք սերունդները դրվագ առ դրվագ փորձում են առասպելականը զատել իրականից, ճշմարիտը` մտացածին հորինվածքից:

Սակայն այն, ինչ 20-րդ դարի վերջին տեղի ունեցավ Հայոց աշխարհի պատմական Արցախ նահանգում, ոչ թե առասպել է, այլ իրական եղելություն: Եղելություն, որտեղ, այնուամենայնիվ, կա հերոսական մի ասք, մարդկային մտքի և ոգու աներևակայելի մի թռիչք, որ վեր է հառնում որպես առասպել: Դա հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումն է…

Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին հնագույն ժամանակներում Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը, հետագայում պարսպապատվելով, վերածվել է բերդի: Տարբեր դարաշրջաններում այն ունեցել է տարբեր անուններ` Շիկաքար, Քարագլուխ, Քարագլխի բերդ, Շոշի բերդ: Բերդաքաղաք Շուշին երկար դարեր եղել է Արցախ աշխարհի սիրտը: Ըստ այդմ` ով տիրել է բերդաքաղաքին, նա տիրել է ամբողջ Արցախին: Եվ պատահական չէ, որ Արցախ ներխուժած օտարներն առաջին հերթին փորձել են նվաճել անառիկ Շուշին:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախ պետականությունը: Նույն թվականի աշնանը փլուզվեց նախկին Խորհրդային Միությունը: Չհամակերպվելով ԼՂ-ի ընդունած քաղաքական որոշման հետ և օգտվելով ստեղծված իրավիճակից` Ադրբեջանը քաղաքական հարցը տեղափոխեց ռազմական հարթություն` փորձելով ուժով ճնշել նորաստեղծ հանրապետությունը և հայ բնակչությանը զրկել իր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքից: Եվ ահա 1992 թ.-ի սկզբին Արցախյան քաղաքական հակամարտությունը վերածվեց զինված ընդհարումների, որոնք էլ փոխակերպվեցին իսկական պատերազմի:

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը մի կերպ դիմակայում էին թշնամու հարձակումներին: Գրեթե ամեն օր հրթիռահրետակոծվում էին Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: Առավելապես ծայրահեղ իրավիճակ էր ստեղծվել մայրաքաղաքում. չկային էլեկտրաէներգիա, վառելիք, հաց: Ջրի ու դեղորայքի պակասը համաճարակի բռնկման իրական վտանգ էր… Այսպիսով` առկա իրավիճակում կա՛մ պետք էր հայոց հերթական հողակտորը հանձնել արյունռուշտ ոսոխին, կա՛մ կենաց ու մահու պատերազմի մեջ մտնել նրա հետ: Եվ հայ ժողովուրդն ազգային արժանապատվությամբ ընդունեց մարտահրավերը:

Նախ հարկ էր լռեցնել Ստեփանակերտը և նրա հարակից բնակավայրերը հրետակոծող ադրբեջանական կրակակետերը: 1992 թ.-ի հունվարի վերջին առաջինն ազատագրվեց Կրկժանը, ինչից հետո հաջողությամբ կազմակերպվեց Քարինտակի ինքնապաշտպանությունը, ապա վնասազերծվեց Խոջալուում տեղակայված հենակետը: Դրանց հաջորդեց Շուշիի շրջանի Մալիբեյլու և Ղուշչուլար, Մարտունու շրջանի Ղարադաղլու և Վեյսալու գյուղերի կրակակետերի ոչնչացումը, ինչից հետո ավելի կատաղի դարձան Ստեփանակերտի հրթիռակոծությունը և գնդակոծությունը:

Ընդ որում` թիվ մեկ կրակակետը շարունակում էր մնալ Շուշին. այդտեղից Ստեփանակերտի վրա օրական առնվազն 300-350 հրթիռ և ռումբ էին թափվում: Ստեղծված իրավիճակը միայն մի ելք ուներ` վերցնել Շուշին և ցամաքային կապ ապահովել Հայաստանի հետ:

Շուշիի ազատագրման պլանը 1992 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին խիստ գաղտնիության պայմաններում կազմվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի, Ֆելիքս Գզողլյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Գուրգեն Դալիբալթայանի, Լեոնիդ Մարտիրոսովի և այլոց գործուն մասնակցությամբ: Այն կազմվել է հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները վերջնականորեն ճշգրտելուց հետո: Ըստ հետախուզության տվյալների` Շուշիում և նրա պաշտպանական թևերում կենտրոնացած էր հակառակորդի մոտ 2500 զինվոր: Այնինչ 40 կմ երկարությամբ ճակատում մենք ունեինք ընդամենը 3500 կամավորական, և դա այն պարագայում, երբ հարձակվող կողմը պաշտպանվող կողմից պետք է ունենա նվազագույնը 3 անգամ շատ անձնակազմ:

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը, պատրաստվել էր մարտական հրամանը, որը պարունակում էր հետևյալ մանրամասները.

«1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում` մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում` մոտ 100 մարդ, Լիսագորում` մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ` մոտ 300 մարդ:

2. Մեր խնդիրը`

ա. ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,

բ. ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (այս պայմանական անվանումն է տրվել հակառակորդին),

գ. հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:

3. Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով:

Հակառակորդին ջախջախելու միջոցները` գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ: Ուժերի վերախմբավորումից հետո` նույն ժամանակում, սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել Շոշի (արևելյան), «26-ի» (հյուսիսային), Լաչինի (հարավային) և Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններով:

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին»:

Ըստ այս մարտական հրամանի` Շոշի կամ արևելյան ուղղության հրամանատար է նշանակվել Արկադի Կարապետյանը, «26-ի» կամ հյուսիսային ուղղության հրամանատար` Վալերի Չիթչյանը, Լաչինի կամ հարավային ուղղության հրամանատար` Սամվել Բաբայանը, Քյոսալարի կամ հյուսիսարևմտյան ուղղության հրամանատար` Սեյրան Օհանյանը:

Կազմավորվել էին նաև պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Շուշիի ազատագրման մարտական գործողությունը պայմանականորեն կրում էր «Հարսանիքը լեռներում» ծածկանունը:

Հարկ է նշել, որ Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստման շրջանում ահռելի աշխատանք են կատարել ինքնապաշտպանական ուժերի հետախուզական, հրետանային և կապի ստորաբաժանումները, ինչպես նաև բժշկական ծառայությունը: Ճշտվել էին բոլոր նշանակետերի տեղանքները, պարզվել էին Շուշիում գտնվող ադրբեջանցի բոլոր հրամանատարների անունները, նրանց նշանաբառերը, բոլոր զինվորների ցանկը: Լեռնային «հարսանիքի հրավառությունն» էլ ապահովեցին հայ հրետանավորները: Դեռևս ապրիլին Լեոնիդ Մարտիրոսովի ղեկավարությամբ սկսվեցին ինքնապաշտպանական ուժերի հրետանավորների կրակի կառավարման պարապմունքները:

Շուշիի գործողության նախապատրաստման ընթացքում առաջին անգամ ստեղծվեց հրետանու խմբավորում, ընտրվեցին հրետանու կրակադիրքերը, որոշվեց, թե կրակելուց հետո ով ուր պիտի տեղափոխվի:

Կապի կազմակերպման առումով ինքնապաշտպանության ուժերի համար Շուշիի ազատագրումն առաջին դասական գործողությունն էր, որի նախապատրաստությունը տևեց շուրջ մեկ ամիս: Մարտական հրամանից դեռ քսան օր առաջ բերվեցին առաջին քսան «Ալինկո» գերկարճալիք կայանքները, որոնք գրոհի նախօրեին բաժանվեցին ջոկատների հրամանատարներին:

«Հարսանիքը լեռներում» գործողության նախապատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ բուժծառայության հստակ և ժամանակին կազմակերպումն էր: Ինքնապաշտպանության ուժերի ռազմաբժշկական ծառայության հիմնադիր Վալերի Մարությանի նախաձեռնությամբ Սղնախի ու Քարինտակի միջև բացազատվեց դաշտային հոսպիտալ, որը պատրաստվեց ծղոտի խրձերից, իսկ տանիքը ծածկվեց ունեցած երկու վրաններով: Մայիսի 8-ի կեսօրին` Շուշիի գրոհից ժամեր անց, հոսպիտալ բերվեցին առաջին վիրավորները…

Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակում ձեռնարկվել է նաև միջազգային հանրությանը տեղեկացնելու դիվանագիտական աշխատանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված ԼՂՀ ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա` մասնավորապես հիշատակելով Մարաղայի եղեռնագործությունը: Մայիսի 1-ին էլ միջազգային հանրությանը հայտարարվել է, որ Ղարաբաղի ժողովուրդը սովահար է, զրկված ջրից, էլեկտրականությունից, դեղորայքից… Եվ չնայած դրան` Ադրբեջանն Արցախում շարունակում էր հայաթափման ու հայասպան քաղաքականությունը:

Եվ ահա երկամսյա նախապատրաստական աշխատանքներից հետո տրվում է հրամանը` մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին, անցնել հարձակման: Եվ պետք էր միայն տեսնել այն ոգևորությունը, որ տիրում էր Շուշիի ազատագրման գործողության մեջ ներգրավված կամավորականների շրջանում: Նրանք քաջ գիտակցում էին, որ գնում են խելահեղ քայլի, գնում են դեպի մահ իմացյալ, բայց այդ մահն ավելին չէր, քան հայրենիքը, հավատի սրբությունը, ազատությունն ու ազգի արժանապատվությունը: Այնքան մեծ էր այդ ոգևորությունը, որ կարծես բոլորը ոչ թե մարտի, այլ հարսանիք էին գնում: Այո՛, լեռներում էր ազգի ազատության, արժանապատվության ու վսեմ գոյության «հարսանիքը»:

Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարական գլխավոր կետը Շոշ գյուղից հյուսիս էր` 1207 մետր բարձունքի վրա: Ընդհանուր հարձակումը սկսելուց 10 րոպե առաջ կրակ բացեց ՄՄ21 մարտկոցը: Ապա ինքնապաշտպանական ուժերի 1200 մարտիկներից բաղկացած 4 գրոհային խմբերը միաժամանակ անցան հարձակման: Առաջին և երկրորդ ուղղությունների զորախմբերին, որոնք համապատասխանաբար ղեկավարում էին Արկադի Կարապետյանը և Վալերի Չիթչյանը, տրվել էր հետևյալ մարտական առաջադրանքը` ճանապարհին ոչնչացնել հակառակորդի կրակակետերը, հասնել Շուշիի պարիսպներին, ճեղքել պաշտպանությունը և մտնել քաղաք:

Երրորդ ուղղությամբ գործող ուժերը` Սամվել Բաբայանի հրամանատարությամբ, պետք է շարժվեին Շուշի-Լաչին մայրուղով` Կուբաթլուի շրջանից հակառակորդի հնարավոր թափանցումից ապահովելով Շուշին գրոհող ջոկատների թիկունքը, ինչպես նաև փակելով Լաչին-Շուշի ճանապարհը, ինչը Շուշիում տեղակայված ադրբեջանցիներին կզրկեր Լաչինից և Զառիստ գյուղից եկող օգնությունից:

Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ հարձակվող ստորաբաժանումներին էլ հիմնական գործողություններից հակառակորդի ուշադրությունը շեղելու առաջադրանք էր տրված: Միաժամանակ Ջանհասան-Քյոսալար ուղղության հայ ռազմիկները, հրամանատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Շուշիի մերձակայքի բնակավայրերը մեկուսացնելով, պետք է խոչընդոտեին նրանց փոխգործողություններին և հնարավորության դեպքում ճնշեին նաև Ջանհասան, Քյոսալար, Կարագյավ գյուղերի կրակակետերը:

Հրետանային կրակի աջակցությամբ հարձակվելով բոլոր ուղղություններով` հայկական ստորաբաժանումները շփոթության մեջ գցեցին ադրբեջանցի զինվորներին, ովքեր խայծը կուլ էին տվել և չէին կռահում հարձակման գլխավոր ուղղությունը: Խուճապն աստիճանաբար ահագնանում էր ադրբեջանցիների շարքերում, ինչը հանգեցնում էր հուսահատության ու բարոյալքման: Նրանք սկսեցին սարսափահար փախչել Շուշիից: Հայկական կողմը, խուսափելով ավելորդ զոհեր տալուց, բացեց Շուշի-Լաչին ճանապարհը և չխոչընդոտեց ադրբեջանցիների փախուստը:

Այսպիսով` մայիսի 9-ի գիշերը` ժամը 4-ին, հակառակորդի վերջին զինվորները լքեցին Շուշին, և առավոտյան հայ զինյալները մուտք գործեցին հայոց հինավուրց բերդաքաղաք: Ազատագրվեց Շուշին` հնամյա, տանջահար ու վիրավոր: Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը, և մոմի բույրը բարձրացավ եկեղեցու պատերն ու կամարներն ի վեր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցավ 47 զոհ, հակառակորդը` 150-200 սպանված, շուրջ 300 վիրավոր, 13 գերի: Ադրբեջանական բանակը Շուշիում թողել էր հրետանային 6 կայանք, մի քանի հազար հրթիռ ու արկ:

Շուշիի ազատագրմամբ, սակայն, «Հարսանիքը լեռներում» գործողությունը չավարտվեց: Դրան հաջորդեց Լաչինի մարդասիրական միջանցքի բացման գործողությունը, որով ճեղքվեց ԼՂՀ շրջափակման օղակը, և մայիսի 18-ին բացվեց Արցախը Հայաստանին միացնող կյանքի ճանապարհը:

Շուշիի ազատագրումը դարձավ մեր հերոսական ազատամարտի հաղթական ավարտի հաղթական մեկնարկը: Լինելով ազատագրական պայքարի առաջին ծաղիկը` այն դարձավ նաև հետագա հաղթանակների բանալին: Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որը նախ մեզ, ապա աշխարհին ցույց տվեց, թե ինչ ասել է պատմությունից դասեր քաղած հայ, այսինքն` մենք լռեցրինք և այսուհետ ևս, եթե հարկ լինի, կլռեցնենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր խաղաղ սահմանների վրա:

Տարիներն ակնթարթ առ ակնթարթ հեռանում են, սակայն ժամանակի մշուշից վեր են հառնում Շուշիի գործողության մշակմանն ու իրականացմանը մասնակցած բոլոր հերոսները, ովքեր «Հարսանիքը լեռներում» առասպելը կերտեցին:

Գեղամ Մելիքբեկյան

  • 2 (1)
  • 3a
  • 4 (1)