95-ամյա բժիշկն ամեն օր աշխատանքի է շտապում. նրան սպասում են հիվանդները

Շուրջ մեկ ամիս առաջ 95-ամյակը բոլորած վաստակաշատ բժիշկն ինձ սպասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի՝ ի պատիվ իրեն անվանակոչված (Ակադեմիկոս Ս. Գ. Զոհրաբյանի անվան նեյրովիրաբուժական բաժանմունք) նյարդավիրաբուժական բաժանմունքի իր աշխատասենյակում:

Դուռը կամացուկ թակում եմ, ապա կիսաբաց ճեղքից նկատում՝ ծերունազարդ բժիշկն իր հերթական հիվանդին է զննում:

Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը, չնայած պատկառելի տարիքին, ամեն առավոտ աշխատանքի է շտապում, որտեղ նրան սպասում են իր հիվանդները:

Հայրենական մեծ պատերազմի բովով անցած ականավոր բժիշկը Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից է (1946 թ.-ին հիմնադրել է առաջին նյարդավիրաբուժական բաժանմունքը, որն այսօր կրում է իր անունը) և անգնահատելի ավանդ ունի առողջապահության կազմակերպման, բժշկագիտության զարգացման գործում:

Մարտի դաշտում և հետագայում Սուրեն Զոհրաբյանի հրաշագործ ձեռքերը հարյուրավոր կյանքեր են փրկել: Հիրավի, փառավոր ուղի է անցել նշանավոր նյարդավիրաբույժը: Նրա կյանքի գրեթե մեկդարյա պատմությունը լի է նշանակալի իրադարձություններով ու ձեռքբերումներով:

Սուրեն Զոհրաբյանը ծնվել է 1921 թվականի ապրիլի 5-ին Աղավնատուն գյուղում՝ մանկավարժների ընտանիքում: Ծնողները վաստակավոր ուսուցչի բարձր կոչում ունեին, հայրը՝ Գեղամ Զոհրաբյանը, արժանացել է Խորհրդային Միության ամենաբարձր պարգևին՝ Լենինի շքանշանին:

«Ծնվել ու մեծացել եմ վաստակաշատ ուսուցիչների ընտանիքում: Նախ սովորել եմ մեր գյուղում՝ հորս՝ վարժապետ Գեղամի հիմնադրած դպրոցում: Հայրս 1915 թվականին մեծ ջանքերի գնով կարողացավ ստեղծել այդ դպրոցը: Մինչ այդ մեր և հարևան գյուղերում ուսումնական հաստատություն չկար, և դա իսկապես կարևոր իրադարձություն էր: 1928 թվականին հայրս Գիքորի նման ձեռքս բռնեց և բերեց Երևան»,- հիշում է բժիշկն ու կարծես վերադառնում մանկություն:

Երևանում հարազատներ չունեին: Հայրը Կոնդ թաղամասում մի փոքրիկ սենյակ վարձակալեց:

«Անգամ ջուր չկար: Ես Կոնդից երկար ճանապարհ էի կտրում՝ ջուր բերելու համար»,- շարունակում է վաստակաշատ բժիշկը:

Սուրեն Զոհրաբյանն ուսումը շարունակել է Երևանի լավագույն կրթօջախներից մեկում՝ կենտրոնական ցուցադրական դպրոցում, որտեղ ուսանում էին ժամանակի լավագույն գրողների, արվեստագետների, մշակութային գործիչների երեխաները:

«Գյուղից գալով Երևան՝ ես հայտնվեցի ինձ միանգամայն անծանոթ ու անսովոր միջավայրում: Մեր դպրոցում սովորում էին Չարենցի, Բակունցի, Ստեփան Զորյանի և այլ նշանավոր մարդկանց երեխաները: Ես և կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը մի դասարանում էինք սովորում, նստում էինք կողք կողքի, հաճախ էլ արտագրում իրարից. ես՝ նոտաները, նա՝ երկրաչափություն: Ես այնքան էլ հանգիստ երեխա չէի: Երկու անգամ հեռացվել եմ դպրոցից,- ժպտում է զրուցակիցս,- առաջին անգամ դասընկերներիցս մեկի չարաճճիության պատճառով էր: Հետագայում, իհարկե, վերականգնվեցի: Երկրորդ պատճառն ավելի օբյեկտիվ էր: Մի քանի հոգով պատի թերթ էինք պատրաստել, որտեղ երգիծական բանաստեղծություններ կային թե՛ աշակերտների, թե՛ մի քանի ուսուցիչների մասին: Դժվար չէր պարզել, թե ում ձեռագիրն է: Մի քանի ընկերներով կրկին հեռացվեցինք դպրոցից: Իհարկե, հասկացան, որ այդքան էլ սարսափելի հանցանք չենք գործել և մեզ հետ կանչեցին: 1938 թ.-ին դպրոցն ավարտեցի գերազանցությամբ: Քանի որ մեծ սեր ունեի կենսաբանության, անատոմիայի նկատմամբ, ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտ»:

Երրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց 2-րդ աշխարհամարտը: Ամբողջ կուրսով վճռեցին գրիչները փոխարինել զենքով, մեկնել ճակատ, հաղթել, ապա վերադառնալ՝ ուսումը շարունակելու, սակայն զինկոմիսարիատում ասացին, որ պատերազմը շարունակվում է, և բժիշկների անհրաժեշտությունը հետագայում էլ մեծ է լինելու: 1942 թ.-ի սկզբներին շուտափույթ ավարտելով այն առարկաների ուսուցումը, որոնք առավել անհրաժեշտ էին դաշտային պայմաններում, եղբոր հետ կամավոր մեկնեց ծառայության: Մի քանի ամիս ծառայեց որպես շարքային գնդացրորդ:

«Որոշ ժամանակ անց ես դարձա բուժծառայության սպա և ծառայության անցա դաշտային շարժական հոսպիտալում, որն ըստ անհրաժեշտության տեղափոխվում էր տեղից տեղ: Դժվարին տարիներ էին… Մեծ թվով ծանր վիրավորներ էինք ունենում, պայքարում նրանց կյանքի համար: Երկու տարի անց տեղափոխվեցի էվակոհոսպիտալ և նշանակվեցի գլխի ու մեջքի վիրավորների բաժնի վարիչ՝ երեք տարի ծառայելով որպես նյարդավիրաբույժ:

…Եթե չլիներ պատերազմը, միգուցե նյարդավիրաբույժ չդառնայի, սակայն պետք է նշեմ՝ այն փորձը, հմտությունը, որ ես՝ որպես բժիշկ, ձեռք բերեցի պատերազմի ժամանակ, չէի կարող ձեռք բերել աշխարհի որևէ կլինիկայում: Դժվար է պատմել պատերազմի մասին: Բժշկի կյանքն անվերջ պայքար է: Հիվանդի կյանքը փրկելը, նրան ոտքի կանգնեցնելն աննկարագրելի զգացողություններ են, միևնույն ժամանակ սարսափելի դժվար է, երբ հասկանում ես, որ չես կարող փրկել… Ես կյանքի երկու ակադեմիա եմ անցել: Առաջինը Կոնդն էր, որտեղ ես դաստիարակվեցի, սովորեցի ճան խաղալ, Զանգվի ափին ծաղիկ քաղել, ծիրան գողանալ, և պատերազմը, որտեղ սովորեցի պայքարել՝ հանուն կյանքի:

Պատերազմի ավարտից հետո դժվար էր ապրել բնականոն կյանքով: Երկակի զգացողություններ ունեինք. ուրախ էինք, որ ավարտվել է պատերազմը, սակայն ընկերների կորստի ցավը դեռ կսկծում էր: Ետպատերազմյան տարիներին հարյուրավոր մարդիկ վերականգնողական բուժման կարիք ունեին: Պատերազմից հետո ստեղծեցինք Վնասվածքաբանության և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտ: Այնտեղ էլ կազմակերպեցի առաջին նյարդավիրաբուժական բաժանմունքը, որը գործում է կես դարից ավելի»:

1947-1959 թվականներին բժիշկն ապրել և աշխատել է Մոսկվայում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսության թեզերը:

Ինչպես ինքն է պատմում, Բժիշկների կատարելագործման համամիութենական ինստիտուտը մրցույթ էր հայտարարել. «Ես անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկեցի Մոսկվա: Որոշ ժամանակ անց պատասխան նամակով ինձ տեղեկացրին, որ ես ընտրված եմ՝ որպես նյարդավիրաբուժական ամբիոնի ասիստենտ: Իհարկե, հաշվի էին առել իմ պատերազմական փորձը»:

Կարճ ժամանակում նա կարողացավ աչքի ընկնել և լուրջ ձեռքբերումներ ունեցավ: Ընտրվեց դեկանի տեղակալ, ապա՝ և դեկան:

Վերադառնալով հայրենիք՝ 1958 թ.-ին նշանակվեց Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտոր, նույն թվականին կազմակերպեց բժիշկների կատարելագործման ֆակուլտետը: Ղեկավարեց նյարդաախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան։

Բժիշկ Սուրեն Զոհրաբյանը մեծ ճանաչում ունի նաև արտերկրում: 1960 թ.-ին գործուղվել է Իրաք, որտեղ կազմակերպել է նյարդավիրաբուժական կլինիկա, միաժամանակ դասավանդել Բաղդադի բժշկական ինստիտուտում: Հետագա տարիներին աշխատել է ԱՄՆ-ում, ապա գործուղվել Աֆրիկա, Զամբիայի համալսարանում կազմակերպել է բժշկական ֆակուլտետ:

1960-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժը, 1960 թ.-ից՝ Նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահը, 1983 թ.-ից՝ Նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային ընկերակցությունների, Եվրասիական նյարդավիրաբույժների ակադեմիայի անդամ։

1989 թ.-ին Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցում ստեղծել է նեյրովիրաբուժական բաժանմունքը:

Անվանի նյարդավիրաբույժը 4 մենագրությունների՝ «Կաուզալգիա-կլինիկան և բուժումը», «Գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների ախտորոշիչ վիրահատությունները», «Գանգուղեղային վնասվածք», «Նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ ներվիզմի գաղափարը», և 247 գիտական աշխատանքների հեղինակ է: Նա արժանացել է ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի, «Մխիթար Հերացի», «Բաղրամյան» շքանշանների, Երևանի պետական համալսարանի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ոսկե մեդալների:

Սուրեն Զոհրաբյանի կինը՝ Լարիսա Մելիք-Մկրտչյանը, ով արմատներով Շուշիից էր, ևս բժշկուհի է եղել: Երեք զավակները, թոռը նույնպես բժիշկներ են և շարունակում են անվանի բժշկի գործը:

Հ.Գ.: 7 տասնյակ և ավելի տարիների վաստակ ունեցող, նշանակալի բարձունքներ նվաճած բժիշկը նաև չիրականացված երազանք ունի. Հայաստանում ստեղծել նյարդաբանության և նյարդավիրաբուժության ինստիտուտ և համախմբել ոլորտի մասնագետներին:

Հասմիկ Գյոզալյան

  • 13231185_1419533721424339_1279337625_n
  • 13219797_1419533688091009_101990515_n
  • IMG_7518