«Այս հեռուստամարաթոնը մեր խոնարհումն է ապրիլյան հերոսներին»

Մայիսի 13-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանն ընդունեց Լոս Անջելեսում հեռարձակվող «Բարև» հեռուստածրագրի հեղինակ-վարող Նունե Ավետիսյանին:

Հանդիպման ընթացքում Նունե Ավետիսյանը ներկայացրեց Մայր հայրենիք կատարած այցի նպատակը, այն է՝ Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը տրամադրել ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

«Երբ ապրիլյան մարտական գործողությունները սկսվեցին, մեզ՝ աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերիս, նույն ցավի, վրեժի, խոնարհումի ալիքը համախմբեց: Դարձանք մի բռունցք, ինչպես տարիներ առաջ, երբ սկսվեց Արցախյան պատերազմը: Այն ժամանակ մենք հաղթեցինք մեր խիզախությամբ, նվիրումով ու թերևս չէինք կարող պատկերացնել, որ տարիներ անց մեր երիտասարդներն Արցախը նույնքան հերոսաբար անառիկ են պահելու: Մեր զինվորներն իրենց խիզախությամբ ու հերոսություններով զարմացրին ամբողջ աշխարհին»,- ասաց տիկին Ավետիսյանը:

Նշելով, որ այդ օրերին ինքը խոսել է Արցախյան հերոսամարտում հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկ Հրանտ Թումասյանի հետ, ով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և այսօր Լոս Անջելեսում ապրող հայերի համար Արցախն ազատագրած հերոսների մարմնացումն է ու շարունակում է ապրել, գործել հանուն հայրենիքի և ժողովրդի, Նունե Ավետիսյանը փաստեց, որ համատեղ ջանքերով իրենց շուրջն են համախմբել բազմաթիվ մարդկանց՝ քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների, և շատ արագ իրականացրել այդ ինքնաբուխ մարաթոնը:

«Մարաթոնի բացումը սկսվեց աղոթքով. քար լռություն էր: Տեր Մամբրեն կարդում էր աղոթքը, իսկ ես մտածում էի. «Տե՛ր Աստված, ե՞րբ կհնչեն զանգերը…»: Եվ այդ վայրկյանից սկսած՝ 9 ժամ 14 հեռախոսներով զանգերը հնչում էին անդադար: Զանգերին պատասխանում էին մեր կամավորները՝ 12 տարեկանից բարձր պատանիներն ու աղջիկները: Մեր գործարարները նույնպես կանգնեցին մեր կողքին և մասնակցեցին հանգանակությանը: Հարյուրավոր մարդիկ, չկարողանալով զանգահարել մեզ, անձամբ եկել էին, հավաքվել հեռուստակայանի դիմաց՝ իրենց խոնարհումը բերելով ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և հայտնելով նրանց ու վիրավորների ընտանիքների կողքին լինելու պատրաստակամության մասին»,- ասաց ամերիկահայ հյուրը և հավելեց, որ մարաթոնը բացառիկ իրադարձություն էր՝ ևս մեկ ապացույց, որ «մենք ընտրյալ ժողովուրդ ենք»:

Երբ հայտարարվում է հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը՝ 350.000 ԱՄՆ դոլար, հեռուստամարաթոնի հանձնախումբը՝ Հրանտ Թումասյանի ղեկավարությամբ, որոշում է Նունե Ավետիսյանին գործուղել Հայաստան՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցելով մարաթոնի հասույթի բաշխումը համակարգված իրականացնելու՝ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների (ըստ վիրավորվածության աստիճանի) ընտանիքներին տրամադրելու նպատակով:

Էդիտա Մելքոնյան

  • n1 (1)
  • n2
  • n3
  • n4
  • n5
  • n6