«Քամու» ուղղությամբ

Օրեր առաջ հյուրընկալվեցի Հայրենական պատերազմի վետերան, բուժծառայության գնդապետ Ռաֆիկ Նիկողոսյանի տանը: Հյուրասենյակի պատին փակցված էին լուսանկարներ, որոնցից էլ սկսվեց մեր ծանոթությունը:

«Իմ նախնիները՝ հորս պապը՝ տեր Նիկողոսը, և պապս՝ տեր Գևորգը, մեր գյուղի՝ Վարդենիսի քահանաներն են եղել: Երբ սկսվում են հալածանքները, փակվում է եկեղեցին, և տեր Գևորգը բանտարկվում է: Իմ մայր Սաթենիկն Ավետարանը, շարականների գիրքն ու խաչը պահում է թաքստոցում և այդ մասին միայն երկար տարիներ անց՝ իր մահից 2-3 շաբաթ առաջ է ասում,- հիշում է Ռաֆիկ Նիկողոսյանը և շարունակում,- իսկ սա ես եմ՝ իմ կարած տրեխներով: Այս բոբիկ տղան եղբայրս է, այս աղջիկը՝ կարկատած հագուստով, քույրս (մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը և հետագա տարիներին մենք շատ հարուստ ենք եղել, բայց երբ սկսվեց կոլեկտիվացումը, մեզ կուլակաթափեցին, անօրենները մեզ մերկ էին թողել): 30-35 տարի անց այս աղջիկը կենսաբանական գիտությունների թեկնածու դարձավ, եղբայրս՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, իսկ ես՝ Եգիպտոսի պաշտպանության նախարարության մասնագետ-խորհրդատու՝ բարձրագույն մակարդակով՝ վստահված և նշանակված խորհրդային իշխանությունների կողմից»:

Գնդապետի ուղեկցությամբ դուրս եկանք պատշգամբ: Սեղանի վրա դրված էին ինքնակենսագրական գրքեր և լուսանկարների մի մեծ ալբոմ: Խնամքով հավաքված ու պահպանված լուսանկարները, նրանցից յուրաքանչյուրի մասին գնդապետի հիշողությունները՝ ողողված կարոտով ու հուզմունքով, անցյալն ավելի պատկերավոր դարձրին:

«1941 թ. հունիսի 22-ն էր՝ կիրակի: Ֆրանսահայ մի ուսանող ականջիս շշնջաց, որ ինքը վաղ առավոտյան լսել է՝ ինչպես են Ֆրանսիայի ռադիոյով հայտարարել. «Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա, նրանց զորքերն անցել են սահմանը և արագ շարժվում են առաջ»: Այդ ժամանակ դեռ 18 տարիս չէր լրացել, Երևանի պետական բժշկական ինստիտուտի 2-րդ կուրս էի փոխադրվում: Զորակոչվեցի 1944 թ. հուլիսի 2-ին՝ բուհն ավարտելուց մեկ օր անց: Մեզ՝ նորավարտ բժիշկներիս, տարան Թբիլիսի, այնտեղից էլ՝ ուկրաինական ճակատ: Ինձ ուղարկեցին 57-րդ բանակային զորամիավորում: Այն արագ մոտենում էր Հարավսլավիայի սահմաններին և դարձել էր 3-րդ ուկրաինական ճակատի հարվածային ուժը:

1944 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծաքանակ պարտիզանական ջոկատներ՝ Իոսիֆ Բրոզ Տիտոյի ղեկավարությամբ, կարողացել էին ջլատել, մասնատել թշնամու ուժերը: Հետագայում նրանք համախմբվեցին 57-րդ բանակային զորամիավորման հետ և ի վերջո կոտրելով գերմանացիների դիմադրությունը՝ հասան Բելգրադ, ազատագրեցին այն: Ազատագրված քաղաքի բոլոր պատերին գրված էր. «Խայ ժիվե մարշալ Տիտո ի դրուգ Ստալին»: Այդ օրերին մարշալ Տիտոն եկավ հոսպիտալ՝ վիրավորներին տեսակցելու: Ես նույնպես պարգևատրվեցի Բելգրադի ազատագրման մեդալով»,- հիշում է բժիշկ-վետերանը:

Հաղթարշավը շարունակվում է դեպի Հունգարիա: Ազատագրելով Հարավսլավիան և մոտենալով Հունգարիայի սահմաններին՝ մի քանի զորամիավորումներ անցել էին Դունայի վտակ Տիսանը և ամրացել գետի մյուս ափին: Անհրաժեշտ էր շտապ կազմակերպել նաև հիմնական զորքերի տեղափոխումը Դունայի մյուս ափ, սակայն կամրջի վրա մի քանի կիլոմետրանոց խցանում էր առաջացել:

Ռաֆիկ Նիկողոսյանը հիշում է, որ այդ օրերին ինքը 57-րդ բանակի 139-րդ առանձին ճանապարհային շահագործման գումարտակում էր և լինելով բժիշկ՝ խցանումը հնարավորինս արագ բացելու հրաման է ստանում. «Հավաքեցի 10-հոգանոց մի խումբ, ձեռքներիս կապեցինք կարգավորողի թևկապները և վերցնելով դեղին, կարմիր դրոշակներ՝ մեկնեցինք ճանապարհային խցանման շրջան: Նոր էինք հասել այնտեղ, երբ նկատեցինք, որ անսովոր ավտոշարասյուն է մոտենում մեզ: Առաջին ավտոմեքենաները զինված էին զենիթային հրետանիներով, նրանց հետևում էին սև, շքեղ մեքենաներ: Ավտոմեքենաներից մեկի մեջ մարշալ Ֆ. Ի. Տոլբուխինն էր՝ 3-րդ ուկրաինական ճակատի հրամանատարը: Ինձ մոտ կանչեցին: Փորձեցի բացատրել, բայց Տոլբուխինն ընդհատեց և կոշտ հրամայեց արագ բացել խցանումը: Անհավանական միջոցներ գործադրեցինք հրամանը կատարելու համար, բայց, ինչ խոսք, նրա անունն էլ մեծ նշանակություն ունեցավ:

Հիշում եմ նաև, երբ Գեորգի Դիմիտրովը մոտեցավ և ձեռքս սեղմելով՝ ողջունեց ինձ, մեկ շաբաթ չէի լվացվում…»:

Հունգարիայի տարածքում մարտերն ավելի դաժան են դառնում, կորուստները՝ անհաշվելի: Անցնելով Բայան, Պեչը, Դոմբովարը, Կապոշվարը, Նադկանիժանը, Մարիոպոլը՝ 1945 թ. մայիսին 57-րդ բանակային միավորումը հասնում է Ավստրիայի սահմաններին: Եվ հենց այդտեղ էլ մայիսի 8-ի գիշերը նրանք լսում են, որ պատերազմն ավարտվել է:

«Երբ Հայրենական պատերազմն ավարտվեց, ես զինվորական էի՝ զինվորական բժիշկ, և խորհրդային իշխանություններն ինձ չէին զորացրում: Ես սկսեցի շարժվել «քամու» ուղղությամբ: Ինձ թույլ չտվեցին, որպեսզի իրականացնեմ իմ երազանքները. ես միկրոկենսաբան էի և այդ ոլորտում որքան հետաքրքիր մտահղացումներ, ծրագրեր ունեի… Երազում էի փորձարարական հետազոտություններ կատարելու մասին… Սակայն ինձ ուղարկում էին մի քաղաքից մյուսը»,- շարունակում է վետերանը:

Խորհրդային զորքերի կազմում Ռաֆիկ Նիկողոսյանը տեղափոխվում է Ռումինիա, իսկ 1945 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Սոֆիայի արվարձաններ (հարավային խմբավորման շինարարական տեխնիկական զորքերի կազմում), որտեղ ուրան պարունակող հանքեր կային, և Ստալինի հրամանով գործադրվում էին անհավանական ջանքեր՝ ատոմային զենքը հնարավորինս արագ ստեղծելու համար:

1946 թ. Ռաֆիկ Նիկողոսյանը հաջողությամբ ավարտում է Մոսկվայի Ռազմաբժշկական ֆակուլտետի վեցամսյա դասընթացները՝ բուժծառայության կազմակերպումը և տակտիկան թեմայով, և ծառայությունը շարունակում Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմում՝ որպես գլխավոր բազայի սանէպիդլաբորատորիայի բակտերոլոգիական բաժնի պետ:

«Խաղաղօվկիանոսյան ծառայության տարիները բազմաթիվ հիշողություններ են թողել՝ այցելություններ սուզանավեր, պերեսկոպով ջրի տակից արտաքին շրջապատի զննում, ամերիկյան ֆրեգատների ճոխությունը, այցելություններ այլ ռազմանավեր:

Սակայն նաև ցավալի հիշողություններ ունեմ… Ծովածոցում գնտվող սուզանավերի բրիգադը երկու տեսակի նավեր ուներ՝ щука և малютка: Մի անգամ малютка-ն դուրս էր գալիս ծով, իսկ щука-ն վերադառնում էր: Սուզանավերը գտնվում էին ջրի մակերեսին և իրար լավ էին տեսնում: Ըստ կանոնագրքի՝ մեծը՝ щука-ն, որը վերադառնում էր, պետք է ճանապարհը զիջեր փոքրին՝ малютка-ին, որովհետև նա դուրս էր գալիս, բայց համաձայն մյուս հոդվածի՝ փոքրը պետք է զիջեր մեծին: Երբ նրանք շատ են մոտենում իրար, և բախումից խուսափելը դառնում է անհնար, սուզանավերում հայտարարվում է մարտական տագնապ, որի ժամանակ սուզանավերի միջնապատերը հերմետիկ փակվում են, և նավը սուզվում է ջրի հատակը: Ուժեղ հարվածից малютка-ի սկզբնամասի ձախ կողմում խոռոչ է առաջանում, և շատ կարճ ժամանակում այն լցվում է ջրով: Այնտեղ երեք ծովայիններ կային: Նրանք հասկանում են, որ փրկություն չկա, որովհետև մոտակա միջնապատի դռները հերմետիկ փակվել էին, ու գրում են պատի վրա. «сволочи, вы могли нас спасти»:

Սուզանավը ջրի հատակից 20-22 ժամ հետո դուրս բերվեց հատուկ սարքի օգնությամբ: Ողջ մնացածները՝ 18 մարդ, շատ էին մրսել, դողում էին, գունատ էին ու վախեցած: Անմիջապես օգնություն ցուցաբերեցինք նրանց, և բոլորին տեղափոխեցինք հոսպիտալ»,- վերհիշում է Ռաֆիկ Նիկողոսյանը:

Ազգությամբ հայ ռազմական բժշկի հեղինակությունն օրեցօր բարձրանում է: Կարևորագույն և պատասխանատու առաջադրանքները նրան են վստահվում: Սակայն այդ տարիների մասին հիշելիս ալեզարդ գնդապետը տխրում է. «Ճիշտ է, ես շատ էի սիրում իմ աշխատանքը, բայց ինձ ճնշում էր աշխարհի այդ հեռավոր անկյունը, կենցաղային վատ պայմանները, զինվորական ծառայությունը: Անընդհատ ուզում էի զորացրվել բանակից, դիմում էի՝ ում հնարավոր էր, սակայն դիմումներս մերժվում էին»:

1948 թ. Ռաֆիկ Նիկողոսյանը տեղափոխվում է ռազմական ստրատեգիական ռմբակոծիչ օդային ուժեր՝ զբաղեցնելու Կիևի մոտակայքում գտնվող Ավիոտեխնիկական դիվիզիայի բուժծառայության պետի տեղակալի (նաև՝ դիվիզիայի էպիդեմիոլոգի) պաշտոնը… և վերջնականապես կորցնում զորացրվելու բոլոր հույսերը:

Գերազանց ավարտելով Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի 2-րդ ֆակուլտետը, որտեղ պատրաստվում էին նեղ մասնագետներ՝ բանակի և օկրուգի ծավալով, մեկնում է Լեհաստան՝ որպես Հյուսիսային խմբավորման զորքերի բ/ծ բաժնի ավագ սպա, փաստորեն սանէպիդ բաժանմունքի պետ-փոխգնդապետ:

1962 թ. աշնանն էլ Ռաֆիկ Նիկողոսյանը վերադառնում է Խորհրդային Միություն… և «սպառելով պայքարի բոլոր» ձևերը՝ մեկնում Կիրովաբադ՝ ստանձնելու դիվիզիայի բուժծառայության պետի պաշտոնը, իսկ 1969 թ.-ին Եգիպտոսի բանակի ռազմաբժշկական ծառայությանն օգնելու համար նրան՝ որպես մասնագետ-խորհրդատուի գործուղում են Եգիպտոս:

«Մոտ երկու շաբաթ ինձնից ոչինչ չէին պահանջում, խորհուրդներ չէին հարցնում, բայց ամեն օր տանում էին բուժծառայության ենթակա հոսպիտալներ, հիմնարկներ, ծանոթացնում դրանց կառուցվածքին և գործունեությանը:

Վերջապես 10-15 օր հետո ինձ հայտնեցին, որ Գլխավոր շտաբի կառուցվածքային-կազմակերպչական վարչությունում տեղի է ունենալու խորհրդակցություն, որտեղ հրավիրված ենք ես և բժշկական դեպարտամենտի օրգմոբ բաժնի պետը (նա գեներալ-մայոր էր):

Նշանակված ժամին ներկայացանք: Պարզվեց, որ խոսակցության թեման դիվիզիայի կառուցվածքն է և նրա խնդիրները: Բոլոր ելույթները արձանագրվում էին: Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչ գեներալը պաշտպանեց դիվիզիայի բուժծառայության ներկա կառուցվածքը և փոփոխություններ չառաջարկեց:

Ես այլ առաջարկություններ ունեի: Նախկինում Եգիպտոսի զինված ուժերի կառուցվածքը նման էր անգլիականին: Քանի որ Եգիպտոսի բանակն անցել էր խորհրդային բանակի կառուցվածքին, հետևաբար բժշկական ծառայության կառուցվածքը նույնպես պետք է փոխվեր:

Բոլոր խոսակցությունները ձայնագրվում էին, ամփոփումներ չեղան, իսկ մոտ մեկ շաբաթ հետո, երբ պետք է ներկայանայի Գլխավոր շտաբ՝ դարձյալ մտքերի փոխանակման համար, իմացա, որ անցյալ հանդիպումից հետո բժշկական դեպարտամենտի օրգմոբ բաժնի պետի առաջարկությունները համարվել են սխալ, և նախագահի հրամանով նրան ազատել են աշխատանքից ու զորացրել:

Երկրորդ խորհրդակցությունն ուսումնական բրիգադի մասին էր: Ես առաջարկեցի կիրառել խորհրդային բանակի՝ կրտսեր բուժծառայողներ պատրաստող ուսումնաբժշկական գումարտակի կառուցվածքը: Բրիգադի հրամանատարը (նա գեներալ էր) առարկեց՝ գտնելով, որ գործող կառուցվածքն է ճիշտ: Նա նույնպես ազատվեց աշխատանքից: Դրանից հետո իմ բոլոր առաջարկներն ընդունվում էին առանց առարկության:

Մոտ 2-3 ամիս հետո տեղի ունեցավ հաջորդ խորհրդակցությունը, որին ներկա էր Բժշկական դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Ռիֆայը: Երբ խոսք բացվեց հոսպիտալների մասին (դաշտային, շարժական, տեսակավորման և այլն), ես, նկատի ունենալով Եգիպտոսի աշխարհագրական դիրքը, շեղվեցի խորհրդային բանակում ընդունված կարգից և առաջարկեցի իմ կարծիքը: Իմ խոսքից հետո Ռիֆայը կանգնեց, սեղմեց ձեռքս ու հայտարարեց, որ ինքը վաղուց էր մտածում այդ մասին, բայց չէր ցանկանում դեմ դուրս գալ նախկինում Եգիպտոսում աշխատող խորհրդային խորհրդատուի առաջարկներին: Այդ դեպքից հետո մեր հարաբերությունները ջերմացան: Մենք ավելի հաճախ էինք հանդիպում և կարծիքներ փոխանակում»,- շարունակում է վաստակաշատ վետերանը:

Եգիպտոսում գնդապետ Ռաֆիկ Նիկողոսյանի ծառայության ժամկետը լրանում էր 1970 թ. մայիսի 25-ին: Նրա՝ Եգիպտոսից մեկնելուց 3 օր առաջ բժշկական դեպարտամենտի ղեկավարությունը բանակի կենտրոնական՝ Սպայի տանը նրա պատվին շքեղ ճաշկերույթ է կազմակերպում, իսկ հաջորդ օրը հրաժեշտի ոչ պաշտոնական երեկույթն էր լինելու:

Ռաֆիկ Նիկողոսյանը պատմում է, որ նշանակված ժամին եկել են իր ետևից և տարել Գիզայի բուրգերի հարևանությամբ գտնվող գիշերային ակումբ-ռեստորան. «Մուտքի մոտ ինձ սպասում էին գեներալ Աբդալուն, Աբդելազիզը, այլ բարձրաստիճան սպաներ: Ներս մտանք: Սեղանը նախօրոք պատվիրված էր և առատ: Ճաշկերույթը սկսվել էր, համերգը՝ նույնպես:

Ելույթ էին ունենում տարբեր արտիստներ, կեսգիշերից հետո սկսվեց պորտապարուհիների ելույթը: Նրանց թվում էր նաև Միջին Ասիայի ամենահայտնի պարուհին՝ Զեմֆիրան: Ամբողջ դահլիճի ուշադրությունը սևեռված էր նրա վրա, իսկ նա… պարելու ընթացքում հանկարծ մոտենում է ինձ ու նստում ծնկներիս:

Դա այնքան անսպասելի էր ինձ համար: Ես քրտնել էի, քրտնել… սառը քրտինքով… (մանավանդ նկատել էի, որ բեմից ինձ լուսանկարում են): Մեզ չէր կարելի: Խորհրդային բոլոր մասնագետներին և խորհրդատուներին կտրականապես չէր թույլատրվում գիշերային ակումբներ գնալ:

Մտածեցի՝ վերջ, վաղը Եգիպտոսի թերթերում կտպվեն այդ լուսանկարները, և կվերջանա… իմ կարիերան:

Հետո իմացա, որ լուսանկարիչն իրենց վարչության աշխատողն է, և պարուհու հետ նախնական պայմանավորվածություն է եղել (ինձ հետ նկարվելու համար բավականին մեծ գումար էին վճարել նրան)»:

Վերադառնալով Մոսկվա՝ Պաշտպանության նախարարությունում Ռաֆիկ Նիկողոսյանը զեկուցագիր է գրում, պատասխանում ՊՆ ղեկավարներին հետաքրքրող բոլոր հարցերին և հրաժարվելով առաջարկվող բարձր պաշտոններից՝ խնդրում է իրեն Երևան գործուղել՝ զբաղեցնելու Երևանի բժշկական ինստիտուտի ռազմական ամբիոնի պետի պաշտոնը:

«Իմ նշանակումը հաստատվեց 2 ամիս հետո, և 1971 թ. ուշ աշնանը ես տեղափոխվեցի Երևան՝ Բժշկական ինստիտուտ, որտեղից 1944 թ. ես՝ որպես նորաթուխ բժիշկ, մեկնել էի ռազմաճակատ: 8 տարի ղեկավարեցի ամբիոնը, իմ ուսանողներից մի քանիսը Հայաստանի առողջապահության նախարարներ դարձան, բազմաթիվ ուսանողներ՝ դոկտոր, դոցենտ, պրոֆեսոր:

Բայց երբ լրացավ 55 տարիս, Երևանի բժշկական ուսումնարանի զինղեկի թափուր պաշտոնի համար առաջարկեցի իմ թեկնածությունն ու այնտեղ տեղափոխվեցի: Մոտ 35 տարի աշխատեցի այնտեղ և իմ դիմումի համաձայն՝ 3 տարի առաջ (90 տարեկան էի) ազատվեցի աշխատանքից»,- իր անցած ուղին է ամփոփում բժիշկ-վետերանը:

«Ես հիմա թոշակառու եմ, մարդ, ով հարուստ կյանք է ապրել, և այն շարունակվում է…»,- կարդում եմ գնդապետ Ռաֆիկ Նիկողոսյանի «Էջեր իմ կյանքից» ինքնակենսագրական գրքի առաջին էջին:

Հ.Գ.: Երբ հրաժեշտ էի տալիս գնդապետին, նա ասաց.

– Ձեր հեռախոսահամարը կթողնե՞ք: Իմն էլ գրե՛ք. գիտեք՝ Ստալինի մահվան տարեթիվն է:

– Ինչո՞ւ Ստալինի, ո՞վ է Ստալինը Ձեզ համար:

– Դահիճ, բայց և՝ հանճար: Այն տրեխներով տղային հիշո՞ւմ եք, նա հնարավորություն տվեց ուսում ստանալու, բժիշկ դառնալու, նա…

Գնդապետը թվարկում է՝ կյանքը Խորհրդային Միությունում ինչպես է «ծաղկել» Ստալինի օրոք: Սակայն ես այլ պատմություններ եմ հիշում՝ հալածանք, աքսոր, գնդակահարություն… Ու ինձ հետաքրքրում է՝ մի՞թե բռնապետության ծանր բռունցքը երբեք չի՞ ճնշել նրան…

-Եղել է…,- մտախոհ պատասխանում է գնդապետը,- մի անգամ… Գրքի մեջ գրված է, կարող եք կարդալ…

Վերադառնալով տուն՝ ես կարդում եմ ամբողջ գիրքը՝ մի շնչով, կարդում եմ երկրորդ անգամ ու պատկերացնում՝ ինչեր չեն գրված…

Էդիտա Մելքոնյան