«Փոխվստահության մթնոլորտ է ստեղծվել»

2-րդ բանակային զորամիավորման` գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամաս կատարած այցելության ժամանակ զորային օղակում ատամնաբուժական ծառայության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ զրուցել ենք զորամասի բժիշկ-ստոմատոլոգ, բուժծառայության ավագ լեյտենանտ Միքայել Ղազարյանի հետ:

2007 թվականին նա ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ, 2011 թվականին` տեղափոխվել ռազմաբժշկական ֆակուլտետ: Ինտերնատուրան ավարտելուց հետո՝ 2014 թվականին, որպես բժիշկ-ստոմատոլոգ ծառայության է նշանակվել 2-րդ բանակային զորամիավորման` գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

«Ծնողներս ատամնաբույժներ են: Ինքս էլ, մեծանալով ատամնաբույժների ընտանիքում, մշտապես հետաքրքրվել եմ այդ մասնագիտությամբ: Այս ճանապարհն ինձ համար, կարծես թե, կանխորոշված էր»,- պատմում է զրուցակիցս:

Միքայել Ղազարյանը գոհունակությամբ է փաստում, որ զորամասի ատամնաբուժական կաբինետի համալրվածությունը լիարժեք է:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ կաբինետն ամբողջությամբ համալրված է թե՛ ժամանակակից սարքավորումներով, թե՛ որակյալ դեղորայքով: Մենք կարողանում ենք լիարժեք իրականացնել ատամնաբուժական ծառայությունը՝ զորային օղակում թույլատրելի ծավալով,- ասում է զրուցակիցս և հավելում,- կարևորում եմ գործիքների նկատմամբ խնամքն ու հետևողական վերաբերմունքը. դա, կարծում եմ, ատամնաբույժի աշխատանքի, անգամ էության մի մասն է»:

Զորամասի բժիշկ-ստոմատոլոգը համոզված է՝ բերանի խոռոչի և առհասարակ առողջության պահպանման ամենակարևոր նախապայմաններից մեկը տեղեկացված լինելն է. «Զորային օղակում անչափ կարևորում եմ սանլուսավորչական աշխատանքները: Սահմանված կարգով և ժամկետով իրականացվող խորացված բուժզննումների ժամանակ զրույցներ եմ անցկացնում բոլոր զինվորների հետ, հանգամանորեն ներկայացնում նրանց բերանի խոռոչի խնամքի առանձնահատկությունները, նաև անպայման խրախուսում այն զինվորներին, որոնք ավելի հետևողական, առավել ուշադիր են իրենց առողջության նկատմամբ: Դա նաև ոգևորում է նրանց:

Շատ հաճախ իրենք են դիմում իրենց հետաքրքրող հարցերով: Կարելի է ասել, որ այնպիսի փոխվստահության մթնոլորտ է ստեղծվել, որ զինվորը ցանկացած մտահոգության դեպքում կարող է դիմել ատամնաբույժին և ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները, եթե անգամ որևէ միջամտության անհրաժեշտություն չկա»:

Միքայել Ղազարյանի խոսքով՝ դիմելիությունը բավականին մեծ է:

«Ժամանակի ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ անգամ ամենաթեթև խնդիրների դեպքում զինվորները դիմում են ատամնաբույժին, և դա, իհարկե, ուրախալի է: Սանլուսավորչական աշխատանքները ծառայում են իրենց նպատակին և իսկապես մեծ դեր ունեն հիվանդությունների կանխարգելման առումով: Մենք այդ աշխատանքների ծավալն ընդլայնելու և զրույցներից բացի՝ նաև լսարանային պայմաններում զինվորների տեսական գիտելիքները հարստացնելու նպատակ ունենք»,- եզրափակում է բուժծառայության ավագ լեյտենանտը:

Հասմիկ Գյոզալյան

  • vlcsnap-2016-03-25-10h38m35s701