Խորհրդակցություն ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում

Մայիսի 23-ին ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն՝ նվիրված ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության իրականացրած աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում ներկաները գոհունակությամբ փաստեցին, որ զորային և հոսպիտալային օղակներում զինվորական բժիշկները բարձր պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց ծառայությանը՝ յուրաքանչյուր վիրավորի նկատմամբ ցուցաբերելով առավելագույն զգոնություն, ուշադրություն: Բժիշկները իրենց ելույթներում նշում էին, որ հակառակորդի այսօրվա լռությունը խաղաղության երաշխիք չի կարող լինել, և հարկ է պատրաստվել հետագա մարտահրավերներին:

Ի թիվս այլ կազմակերպչական աշխատանքների՝ խորհրդակցության մասնակիցները կարևորեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին մարտական պատրաստության բերելու, առաջին բուժօգնության կանոններին վարժեցնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա զինվորական բժիշկները՝ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի բուժանձնակազմի անդամները, հակառակորդի նշանակետում գտնվող սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին լինելու և իրենց մասնագիտական կարողություններով նրանց սատարելու պատրաստակամություն հայտնեցին:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը տեղեկացրեց, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, վիրավոր զինծառայողներին նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել: Ապա Երևանի կայազորային հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, բ/ծ մայոր Տիգրան Թունյանը, հակիրճ ներկայացնելով հոգեբուժական ոլորտի կլինիկական գործունեությանը վերաբերող որոշ խնդիրներ, նշեց, որ անհրաժեշտ է լրջորեն ուշադրություն դարձնել հետտրավմատիկ սթրեսային խանգարումների բուժմանը:

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Վահան Գևորգյանը՝ առաջարկելով ՊՆ ղեկավարությանը ներկայացնելու նպատակով կազմել ամփոփ հաշվետվություններ՝ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև հրատապ խնդիրների շուրջ առաջիկայում կազմակերպել առողջ, կառուցողական քննարկումներ:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Վահան Գևորգյանի ուղեկցությամբ շրջեց հոսպիտալի ախտորոշման բաժանմունքում, ծանոթացավ բաժանմունքի նյութատեխնիկական ապահովվածությանը, ինչպես նաև զրուցեց զոհված ազատամարտիկի մայր Շողիկ Իխտիարյանի հետ: Կատարվեց շրջայց թերապևտիկ բաժանմունքում. Ռուզաննա Խաչատրյանը զրուցեց հիվանդ զինծառայողների հետ, ծանոթացավ նրանց բուժման ընթացքին:

Էդիտա Մելքոնյան

  • 21.27-05-1in
  • 2323
  • 20169247
  • ktrac
  • 20169250
  • anjela
  • 20169276
  • 20169346
  • 6767
  • lab1d
  • lab2
  • 20169369
  • 20169388
  • 20169389
  • 3434
  • 4545