«Էջեր իմ կյանքից»

Ներկայացնում ենք Հայրենական պատերազմի վետերան, բուժծառայության գնդապետ Ռաֆիկ Նիկողոսյանի հուշերից հատվածներ: Հուշեր, որոնք ամփոփված են «Էջեր իմ կյանքից» ինքնակենսագրական գրքում:

«Տանիքից լավ երևում է Սիբիրը»

(1954-1962 թթ. Ռաֆիկ Նիկողոսյանը ծառայել է Լեհաստանում՝ որպես Հյուսիսային խմբավորման զորքերի բուժծառայության բաժնի ավագ սպա, սանէպիդ բաժանմունքի պետ-փոխգնդապետ)

Լեհաստանի գլխավոր շտաբից նամակ էր ուղարկվել Խորհրդային Միության Գլխավոր շտաբ՝ թույլատրել, ապահովել շփումները Հյուսիսային խմբավորման զորքերի բուժծառայության հետ՝ փորձի փոխանակման և գիտելիքների հարստացման նպատակով: Մենք ստացանք հրահանգ Գլխավոր շտաբից՝ նման շփումների թույլտվության: Սակայն հրահանգի մեջ նշված էին հարցեր և թեմաներ, որոնց մասին մտքերի փոխանակում չէր թույլատրվում:

Մեր՝ Հյուսիսային խմբավորման զորքերի բուժծառայության պետը պայմանավորվեց Վարշավայի ղեկավարության հետ և ինձ իր հետ վերցնելով՝ մեկնեցինք Վարշավա: Լեհաստանի զինված ուժերի բժշկական ծառայության պետ, գեներալ Կովալսկին, որը շատ լավ խոսում էր ռուսերեն, բարեկամաբար ընդունեց մեզ, և իր կաբինետում՝ սուրճի սեղանի շուրջ, քննարկեցինք նախատեսված հարցերի թնջուկը:

Բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք ստեղծել բժշկական խմբեր՝ ըստ մասնագիտությունների, և նրանց հանդիպումները հաջորդաբար կազմակերպել Վարշավայում և Լեգնիցայում (Հյուսիսային զորքերի խմբավորման շտաբը տեղակայված էր Լեգնիցա քաղաքում, այն ուներ 2 օդային կործանիչ դիվիզիաներ, տանկային, մոտոհրաձգային, հրետանային դիվիզիաներ, կապի, ինժեներական և այլ առանձնացված զորամասեր. բժշկական ծառայությունն ուներ 8 հոսպիտալ, սանէպիդ ջոկատ, տարբեր պոլիկլինիկաներ):

Մի քանի օր հետո մեր՝ հակաէպիդերմիկ-ինֆեկցիոն մասնագիտությամբ բժիշկների խումբը, իմ ղեկավարությամբ, ժամանեց Վարշավա: Լեհական կողմը ղեկավարում էր նրանց զինված ուժերի գլխավոր էպիդերմիոլոգ, գնդապետ Զելինսկին, ով ծառայել էր ռուսական բանակում և շատ լավ խոսում էր ռուսերեն:

Մենք ազատ խոսում էինք զորքերի հակաէպիդերմիկ պաշտպանության հարցերի շուրջ, քանի դեռ չէր շոշափվել բակտերիոլոգիական զենքի և դրանից պաշտպանվելու հարցը: Ես լավ էի հիշում մեր Գլխավոր շտաբի հրահանգը, որով չէր թույլատրվում լեհերի հետ քննարկել այդ հարցը, առավել ևս այն ձեռնարկը, որով առաջնորդվում էինք մենք, ուներ «միայն ծառայողական օգտագործման համար» նշանաբանը: Իսկ լեհ գնդապետն անընդհատ ճնշում էր ինձ, զգում էր իմ կաշկանդվածությունը: Եվ հանկարծ նա դարակից հանում է ձեռնարկը և ասում, որ ուզում է ճշտել այդ ձեռնարկի որոշ դրույթներ: Ինձ համար վիրավորական էր. մեզ չէին թույլատրում քննարկել այդ հարցերը, միաժամանակ ձեռնարկն ուղարկում էին լեհերին:

Այդ օրերին, երբ հյուրանոցից գնում էինք Գլխավոր շտաբ, մեզ ուղեկցող գնդապետը ցույց տվեց մի հինգհարկանի շենք և ասաց, որ դա Վարշավայի «ամենաբարձր» շենքն է: Մեզ զարմացրեց դա, որովհետև Վարշավայում կային բազմաթիվ բազմահարկեր (օրինակ՝ Սովետա-լեհական բարեկամության՝ 32-հարկանի պալատը): Նա կատակով նշեց, որ այդ շենքում տեղակայված է Լեհաստանի Ազգային անվտանգության կոմիտեն, և «տանիքից լավ երևում է Սիբիրը»:

Այդ հանդիպումների ընթացքում մենք այցելեցինք լեհական մի շարք հակահամաճարակային և գիտական կենտրոններ, այդ թվում՝ նաև ակադեմիական մասնաճյուղ: Ամենուր մեզ ընդունում էին հարգանքով, բարեկամաբար:

Պորտ-Սաիդի ռմբակոծումը

(1969-1970 թթ. Ռաֆիկ Նիկողոսյանը ծառայել է Եգիպտոսում՝ որպես Եգիպտոսի պաշտպանության նախարարության մասնագետ-խորհրդատու՝ բարձրագույն մակարդակով)

Պորտ-Սաիդը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիս-արևմուտքում՝ Սուեզի ջրանցքի ափին: 5-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը գրավել էր ամբողջ թերակղզին, բայց Պորտ-Սաիդը մնացել էր Եգիպտոսի ձեռքին: 1970 թ. գարնանը այդ քաղաքը ենթարկվեց դաժան ռմբակոծման: Քաղաքի բնակիչներից մոտ 450-500 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ էին ստացել: Երկրի ղեկավարությունը որոշել էր տուժածներին օգնություն ցուցաբերելու և բուժելու նպատակով Միջերկրական ծովով (այլ ճանապարհ չկար) տեղափոխել Ալեքսանդրիա:

Ծովային փոխադրամիջոց ընտրելու և այդ աշխատանքը կազմակերպելու համար բանակի բժշկական դեպարտամենտի ղեկավարությունը խնդրեց իմ օժանդակությունը (ես ծառայել էի Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմում, ունեի որոշ պատկերացումներ և փորձ՝ այդպիսի աշխատանքներ իրականացնելու): Շատ շտապ ես, բուժդեպարտամենտից մի գեներալ և թարգմանիչը ճեպընթաց գնացքով մեկնեցինք Ալեքսանդրիա: Կայարանում մեզ դիմավորեց ռազմածովային նավատորմի ղեկավարությունը. նրանք որոշել էին ընտրել մի հարմար նավ, այն կահավորել վիրավորներին տեղափոխելու համար:

Հատկացվեց մի կատեր. ես և ինձ ուղեկցող անձինք եղանք Ալեքսանդրիայի ծովածոցում գտնվող մի քանի նավերի վրա, որոնցից և ոչ մեկը, իմ կարծիքով, հարմար չէր վիրավորներին տեղափոխելու համար, դրանց կահավորման համար շատ ժամանակ կպահանջվեր (ալեկոծման դեպքում պատգարակները պետք է ամրացվեին, պետք էր ունենալ փոքրիկ վիրակապարան և այլ հարմարություններ): Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները՝ ես առաջարկեցի վիրավորների բուժօգնությունը և բուժումը այլ եղանակով կազմակերպել: Դրա համար պետք էր ոչ թե տուժածներին տեղափոխել Պորտ-Սաիդից Ալեքսանդրիա, այլ ընդհակառակը՝ այնտեղ շտապ ուղարկել դաշտային շարժական հոսպիտալ: Խնդրի՝ այդպիսի պարզ և համեմատաբար հեշտ որոշումը բոլորի կողմից հավանության արժանացավ, և նույն օրը սկսվեց շարժական հոսպիտալի տեղափոխումը: