«…մեր գերագույն նպատակը զինվորին օգնելն է»

2-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի բուժաշխատող, բուժծառայության մայոր Նաիրա Ղալեչյանի ծառայողական ուղին սկսվել է 1994 թվականից՝ այն պահից, երբ կազմավորվեց ստորաբաժանումը: Նա առաջիններից էր, որ համալրեց զորամասի նոր կազմավորվող բուժծառայության շարքերը և հետագա տարիներին զբաղեցրեց բուժկետի պետի, բուժծառայության պետի պատասխանատու պաշտոնները:

Նաիրա Ղալեչյանը ծնվել է Կրասնոսելկսում (այսօր՝ Ճամբարակ): Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, ապա վերադարձել հայրենի քաղաք և աշխատանքի անցել քաղաքային հիվանդանոցում:

«Ես դժվարությամբ հասա երազանքիս: Դպրոցական տարիներից որոշում էի կայացրել, որ անպայման բժշկուհի եմ դառնալու: Հարազատներիս շրջանում բժիշկներ կային, և դա ևս մեծ ազդեցություն ունեցավ մասնագիտության ընտրության առումով: Սակայն մայրս համաձայն չէր: Նա ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն էր ավարտել և ցանկանում էր, որ ես էլ անպայման Մայր բուհ ընդունվեմ: Պնդում էր, որ բժշկի մասնագիտությունը ծանր է… Սակայն իմ ցանկությունը շատ մեծ էր, և մայրս զիջեց»,- պատմում է Նաիրա Ղալեչյանը:

1993 թվականին նա աշխատանքի անցավ Կրասնոսելսկի քաղաքային հիվանդանոցում. «1994 թվականին կազմավորվեց զորամասը, մենք՝ հինգ բժիշկներով, անցանք զինվորական ծառայության: Ի սկզբանե զորամասի բուժկետը տեղակայված էր քաղաքային հիվանդանոցի շենքում, այնտեղ էինք կազմակերպում զինծառայողների բուժօգնությունը: Վազգեն Սարգսյանը ժամանեց մեր զորամաս, եղավ նաև բուժկետում և հրահանգեց, որ զորամասի տարածքում բուժկետի շենք կառուցվի, որպեսզի բուժապահովումն ավելի արդյունավետ կազմակերպվի: Նշեմ նաև, որ մեր զորամասն այդ տարիներին մարտական հերթապահություն էր իրականացնում: Շենքը կառուցվեց 1999 թվականին: Մայիսի 19-ին տեղափոխվեցինք բուժկետի ներկայիս շենք: Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել. ամեն տարի այդ օրը նշում ենք»:

2002-2004 թվականներին Նաիրա Ղալեչյանը զբաղեցրել է զորամասի բուժկետի պետի, 2004-2013 թվականներին՝ բուժծառայության պետի պաշտոնները: Այդ տարիների ընթացքում զորամասի բուժծառայությունը մշտապես լավագույն արդյունքներ է արձանագրել թե՛ 2-րդ բանակային զորամիավորման, թե՛ ամբողջ զինված ուժերի մակարդակով:

Զրուցակիցս նշում է, որ բոլոր հաջողությունները, ձեռքբերումները եղել են միասնական ջանքերի արդյունք. «Այսօր, երբ հետադարձ հայացք եմ ձգում, զարմանում եմ, թե ժամանակը որքան արագ է հոսել: Երբեմն դժվարությամբ եմ հավատում, որ 2 տասնամյակից ավելի ծառայողական ուղի եմ անցել: Թե՛ ծառայության մեջ, թե՛ առհասարակ բոլոր իրավիճակներում ես առաջնորդվել եմ մի կարևոր սկզբունքով՝ հնարավորինս բացառել թերացումներն ու բացթողումները: Բոլոր ջանքերս ներդրել եմ, որպեսզի ցանկացած իրավիճակում պատվով հաղթահարեմ բոլոր խնդիրները: Ծառայությանը վերաբերել եմ բարձր պատասխանատվությամբ: Ծնողներս, տատիկ-պապիկներս պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, ինձ էլ մանկուց սովորեցրել են, որ պետք է պատասխանատու լինել ցանկացած արարքի, յուրաքանչյուր քայլի համար»:

Զրուցակիցս համոզված է, որ աշխատանքում ամենակարևորը զինվորի վստահությունն է. դա է լավագույն դեղամիջոցը:

«Հայտնի ճշմարտություն է, որ բժիշկը նաև հոգեբան է, հակառակ դեպքում չես կարող հասկանալ հիվանդին, արժանանալ նրա վստահությանը, հետևաբար՝ և օգնել, իսկ մեր գերագույն նպատակը զինվորին օգնելն է: Ես կարծում եմ, որ հատկապես կին բուժաշխատողներն իրենց հոգատարությամբ, սրտացավությամբ ինչ-որ չափով լրացնում են ընտանեկան ջերմության պակասը, ինչն անպայման գնահատում է զինվորը:

…Ինձ համար լավագույն վարձատրությունն արդեն բուժված զինվորի երախտագիտությամբ լի հայացքն է: Ամենագեղեցիկ պահն է այն, երբ զինվորը շնորհակալություն է հայտնում և վերադառնում շարք»,- մեր զրույցն է եզրափակում Նաիրա Ղալեչյանը:

Հասմիկ Գյոզալյան