Զինվորը և սպան արժանի են լավագույն բուժսպասարկմամբ ապահովված լինելուն

Մայիսի 27-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանն ընդունեց բարերարներ, Լոս Անջելեսի «Իրանահայ միության» անդամ Թոմիկ Ալեքսանյանին և բեռնափոխադրումներ, դրամական փոխանցումներ իրականացնող ամերիկյան կազմակերպության նախագահ Գագիկ Թամրազյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում հեռարձակվող «Բարև» հեռուստածրագրի հեղինակ-վարող Նունե Ավետիսյանը:

Զրույցի ընթացքում բարերարները նշեցին, որ Հայրենիք կատարած հերթական այցի նպատակն է կազմակերպել և իրականացնել լոսանջելեսյան հեռուստամարաթոնի ամբողջ հասույթն ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին տրամադրելու գործընթացը: Գագիկ Թամրազյանը, ով Հայրենիքին մատուցած բազում ծառայությունների համար արժանացել է «Վազգեն Սարգսյան» և «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալների, «Տիգրան Մեծ» շքանշանի և այլ պետական պարգևների, իր կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի միջոցով անմիջական մասնակցություն, օժանդակություն է ցուցաբերելու ֆինանսական փոխանցումների իրավական ձևակերպումները և հետագա բանկային գործառույթներն իրականացնելիս:

«Երբ ապրիլյան պատերազմը սկսվեց, Լոս Անջելեսում ապրող բոլոր հայերը համախմբվեցին՝ սատարելու մեր վիրավոր զինծառայողներին, վշտակցելու, աջակցելու զոհված հերոսների ընտանիքների անդամներին: Հաշված օրերի ընթացքում լուծվեցին կազմակերպչական բոլոր հարցերը, և հպարտությամբ պետք է փաստեմ, որ ինքնաբուխ հեռուստամարաթոնը նախադեպը չունեցող իրադարձություն դարձավ»,- նշեց Թոմիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ հեռուստամարաթոնի հիմնադիր հանձնախմբի կողմից կայացվել է որոշում, այն է՝ գալիք տարվա ապրիլի 2-ին և այսուհետև՝ ամեն տարի, իրականացնել այդ մարաթոնը, որպեսզի «սփյուռքի համեստ ներդրումները»՝ ուղղված զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, շարունակական լինեն:

«Երեկ հանդիպեցի զոհված մարտիկների մայրերի հետ,- շարունակեց Թոմիկ Ալեքսանյանը,- ժայռեր էին ամեն մեկը… Հպարտ ու լուռ արժանապատվությամբ կրելով իրենց ցավը՝ շնորհակալություն էին հայտնում, այնինչ մե՛նք ենք երախտապարտ, որ նրանք իրենց որդիներին՝ իրենց օջախների սյունը, նվիրաբերել են հանուն հայրենիքի, հանուն խաղաղության»:

Նշենք, որ Հայրենիք կատարած հերթական այցի շրջանակում Թոմիկ Ալեքսանյանը և Գագիկ Թամրազյանը նաև հանդիպել են ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված և Հայաստանի մի շարք բուժհաստատություններում դեռևս բուժվող զինծառայողներին: Այսօր էլ այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«Լինելով հոսպիտալում և ծանոթանալով առկա պայմաններին՝ մենք բարձրաձայնեցինք մեր մտահոգությունների մասին և խնդիր դրեցինք մեր առջև. վերադառնալով Լոս Անջելես՝ համախմբել մեր բոլոր ուժերը՝ սփյուռքի բոլոր հասարակական կազմակերպությունները, բոլոր հիմնադրամները, և բոլոր միջոցները նպատակաուղղել առաջիկայում այստեղ միջազգային չափորոշիչներին համապատասխան, ներկայանալի հոսպիտալի կառուցմանը: Մենք պարտավոր ենք կյանքի կոչել այդ ծրագիրը, որովհետև զինվորը և սպան, որ այսօր անառիկ են պահում Հայոց պետականությունը՝ Հայաստանի և Արցախի անկախությունը, արժանի են լավագույն բուժսպասարկմամբ ապահովված լինելուն»,- իր խոսքը եզրափակեց Թոմիկ Ալեքսանյանը:

Էդիտա Մելքոնյան

  • 1212
  • 0000
  • 999999
  • 888888
  • 666