Ս. Օհանյան. ««Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» կարող է… հպարտանալ անցած ճանապարհով»

Մայիսի 29-ին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադրման 2-րդ տարեդարձին: Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար նահատակված զինծառայողների հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ անցած երկու տարիները նշանավորվել են արդյունավետ գործունեությամբ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության համագործակցության արդյունքում իրականացված բազում ծրագրերով: Այնուհետև Տիգրան Քոչարյանն ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ասոցիացիայի տարեդարձի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «…Ոչ միայն իմ, այլև շատ շատերի կարծիքով՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» կարող է իրավամբ գոհ լինել և որոշակիորեն նաև հպարտանալ անցած ճանապարհով, որովհետև այս երկու տարիները Հայոց բանակի և հայ զինծառայողի կողքին գտնվելու, նրա և ընտանիքի ցավը մեղմելու, նաև մասնագիտական առաջընթացի տարիներ էին: Զինհաշմանդամների, անհայտ կորածների և զոհված զինծառայողների ընտանիքների բուժօգնության կազմակերպումը և սոցիալական աջակցությունը, ռազմական բժշկության ոլորտում իրականացված գիտական հետազոտությունները, պարբերական մասնագիտական քննարկումների մշակույթի ձևավորումը, «Ռազմաբժշկություն» գիտական հանդեսի հիմնումն առաջընթացի քայլեր են, որոնց շնորհիվ կազմակերպությունը բռնեց կանոնավոր զարգացման ուղի»:

Ապա ցուցադրվեց «Համախմբում՝ հանուն զինվորի առողջության» տեսաֆիլմը, որն արտացոլում էր ՀԿ-ի երկամյա գործունեությունը:

Բարեմաղթանքներով և շնորհավորանքի ջերմ խոսքերով սկսեց իր ելույթը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանը. «Շնորհավորում եմ բոլորիս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» 2-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորում եմ ոչ միայն ասոցիացիայի հիմնադիր-ղեկավարներին և անդամներին, այլև ձեզ, սիրելի՛ բուժծառայողներ, որովհետև, ըստ էության, այս ասոցիացիան ստեղծվել է ձեզ համար, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրի համար դառնա այն ջերմ, հարազատ տանիքը, որի ներքո համախմբվելու ենք բոլորս և մարդկային պարզ, անկեղծ հարաբերություններ կառուցելով ու ընկերանալով միմյանց հետ՝ ծառայելու ենք՝ հանուն զինվորի առողջության, հանուն բանակի ռազմաբժշկական ծառայության մարտունակության»: Ասոցիացիայի նախագահն այնուհետևմեջբերեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետևյալ խոսքերը. «Հակառակորդի սադրանքները հետ մղող, հակառակորդին պատժող հերոսներով համալրված մարտունակ բանակը պիտի ունենա նույնքան մարտունակ ռազմաբժշկական ծառայություն»:

Համառոտ անդրադարձ կատարելով կառույցի գործունեությանը, խոսելով կյանքի կոչված բազում ծրագրերի մասին՝ Ռուզաննա Խաչատրյանը կարևորեց հատկապես «Հանուն զինվորի առողջության» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին. «Ապրիլյան պատերազմը ևս մեկ սպառնալիք էր, որը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին միահամուռ՝ մեկ բռունցք դարձրեց: Բազմաթիվ հայազգի բարեգործներ, կապ հաստատելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին իրենց աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեցին»:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը կարևորեց նաև զինվորական բժիշկների՝ գիտական գործունեության խթանումը՝ համոզմունք հայտնելով, որ նրանք, զբաղվելով գիտական գործունեությամբ, օտար լեզուների ուսումնասիրությամբ, կատարելագործելով իրենց մասնագիտական հմտությունները, կարող են պատվով ներկայանալ նաև միջազգային հարթակներում:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանն էլ, կարևորելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ իրականացրած բոլոր ծրագրերը, անդրադարձավ ասոցիացիայի գործունեությանը. «Գաղտնիք չէ, որ համաձայն «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության միջև ստորագրված համագործակցության հուշագրի՝ այս երկու կառույցներն աշխատել և այսօր էլ աշխատում են միասին՝ համակարգված ու փոխհամաձայնեցված կարգով: Մենք ամեն տեղ գնում ենք միասին, բոլոր որոշումները կայացնում ենք միասին, և այն արձագանքները, որ ստանում ենք այսօր, վկայում են, որ հասարակությունն իրականում մեզ չի տարանջատում»:

Կամավոր Խաչատրյանի համոզմամբ՝ ամենամեծ ձեռքբերումներից մեկը միմյանց լսելու, բուժծառայության համակարգում առկա թերությունների մասին անկաշկանդ բարձրաձայնելու, խնդիրների լուծման ուղիներ որոնելու, առաջարկելու, հիմնավորելու աշխատաոճն է, որի արդյունքում էլ ծնվել են բանակի բուժծառայության զարգացմանը միտված բազմաթիվ օգտակար գաղափարներ, դիտողություններ. «Ասոցիացիայի նախագահը և խորհրդի անդամներն այցելել են մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել իրավիճակին, լսել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայող բժիշկներին և համատեղ քննարկումների արդյունքում կազմել, բանակի ղեկավարությանը ներկայացրել առաջարկությունների ամփոփ փաթեթ: Ռազմաբժշկական ծառայության հոսպիտալային օղակը նույնպես ներգրավված է եղել այս կառուցողական գործընթացին: ՊՆ կենտրոնական կլինիկական և կայազորային հոսպիտալներում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ՝ ճանաչողական այցեր, մասնագիտական խորհրդակցություններ, քննարկումներ: Ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, լսելով զինվորական բժիշկների մտահոգությունները, առաջարկությունները, իր իրավասությունների շրջանակներում փորձել է սատարել նրանց, բոլոր այն մարդկանց, ովքեր դիմել են իր օգնությանը: Նա բազմիցս հանդես է եկել ռազմաբժշկի ստեղծագործական ակտիվությունը, գիտական գործունեությունը խթանելու պատրաստակամությամբ և կառուցողական առաջարկներով:

Մեր կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցառումները՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բուժման, առողջության պահպանման հարցերին վերաբերող խնդիրները արագ լուծելու ուղղությամբ, և պետք է փաստեմ, որ բազմաթիվ հարցեր լուծվում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անմիջական մասնակցությամբ և հանձնարարականներով: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ հանուն զինվորի առողջության, հանուն մարտունակ բանակի մեզ մշտապես աջակցելու համար»:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Հայրենիքի և խաղաղության տոնի կապակցությամբ, ինչպես նաև բժշկական ապահովման խնդիրներին աջակցություն ցուցաբերելու համար գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին պահեստազորի բուժծառայության գնդապետներ Ալբերտ Եսայանը, Միխայիլ Աղայանը, Միքայել Միքայելյանը, բ/ծ փոխգնդապետ Ալեքսանդր Դանիելյանը:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ ներդրումների, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվեց բ/ծ գնդապետ Յուրի Պողոսյանը:

Պարգևատրման արարողությանը հաջորդեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի անդամների բաց քվեարկությունը, որի արդյունքում վերընտրվեց ասոցիացիայի ղեկավար կազմը:

Իրենց կառուցողական առաջարկներով և վերլուծություններով հանդես եկան ԿՌԲՀ պետ Սահակ Օհանյանը, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ ծառայության ղեկավար, առաջատար թերապևտ, բ/ծ փոխգնդապետ Արմինե Գրիգորյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Մարդիյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, բ/ծ մայոր Տիգրան Թունյանը, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, բ/ծ մայոր Միքայել Բայաթյանը: Հանդիսավոր նիստն ամփոփվեց մասնագիտական հարցերի արդյունավետ քննարկումներով:

Հասմիկ Գյոզալյան

Տեսանյութը՝ առաջիկայում:

  • UY3A3025 (Large)
  • 21324
  • 66666
  • 22222
  • 444444
  • UY3A3034 (Large)
  • UY3A3129 (Large)
  • UY3A2882 (Large)
  • UY3A3172 (Large)
  • UY3A2972 (Large)
  • UY3A2929 (Large)
  • UY3A3184 (Large)
  • UY3A3208 (Large)
  • 1111111
  • UY3A2922 (Large)
  • UY3A3139 (Large)
  • UY3A2952 (Large)
  • UY3A3093 (Large)
  • UY3A2914 (Large)
  • UY3A2950 (Large)
  • UY3A3146 (Large)
  • UY3A3030 (Large)
  • UY3A3149 (Large)
  • UY3A3155 (Large)
  • UY3A2931 (Large)
  • UY3A3161 (Large)
  • UY3A2873 (Large)
  • UY3A2862 (Large)
  • UY3A3041 (Large)
  • 3333333
  • tort-u