ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեդարձի կապակցությամբ

«Զինվորակա՛ն բժիշկների հայկական ասոցիացիայի» սիրելի անդամներ, ամենավեհ ու պատվաբեր մասնագիտություններից մեկը բոլոր ժամանակներում եղել է բժշկի մասնագիտությունը: Այն յուրահատուկ է նրանով, որ մասնագիտական բարձր պատրաստվածությունից բացի՝ պահանջում է նաև մարդկային, բարոյական բարձր արժանիքներ: Եվ այդ մասնագիտական որակները և բարոյական արժանիքները հույժ անհրաժեշտ են մեր հասարակությանը, հատկապես՝ այս ժամանակաշրջանում, երբ հակառակորդի ոտնձգություններին դիմագրավելիս մեր լավագույն տղաները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը և հաճախ ունենում են ոչ միայն պետության, այլև հասարակության ուշադրության կարիքը: Այս առումով երկու տարի առաջ մի խումբ բժիշկների կողմից «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ստեղծումը ինչ-որ իմաստով հրամայական էր: Ցանկացած հոբելյան առիթ է հետադարձ հայացք ձգելու, անցածը վերագնահատելու և միաժամանակ լծակ՝ անսխալական լինելու հետագա կողմնորոշումներում: Ոչ միայն իմ, այլև շատ շատերի կարծիքով՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» կարող է իրավամբ գոհ լինել և որոշակիորեն նաև հպարտանալ անցած ճանապարհով, որովհետև այս երկու տարիները Հայոց բանակի ու հայ զինծառայողի կողքին գտնվելու, նրա ու ընտանիքի ցավը մեղմելու, նաև մասնագիտական առաջընթացի տարիներ էին: Զինհաշմանդամների, անհայտ կորածների և զոհված զինծառայողների ընտանիքների բուժօգնության կազմակերպումը և սոցիալական աջակցությունը, ռազմական բժշկության ոլորտում իրականացված գիտական հետազոտությունները, պարբերական մասնագիտական քննարկումների մշակույթի ձևավորումը, «Ռազմաբժշկություն» գիտական հանդեսի հիմնումն առաջընթացի քայլեր են, որոնց շնորհիվ կազմակերպությունը բռնեց կանոնավոր զարգացման ուղին: «Ռազմական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովին և նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը բացում է նոր հորիզոններ:

Եվս մեկ անգամ կարևորելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» գործունեության դերը, Հայոց բանակի հետ նրա համագործակցության նշանակությունը՝ ցանկանում եմ տարեդարձի առթիվ նորանոր հաջողություններ մաղթել, ինչպես նաև բոլոր մտահղացումների և նախաձեռնությունների իրականացում՝ ի շահ մեր զինծառայողների առողջության ամրապնդման և ռազմական բժշկության զարգացման:

Լավագույն մաղթանքներով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

29.05.2016 թ.