Լույս՝ դեպի կյանք

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Խորհրդանշական այս տոնը՝ որպես ավանդույթ, յուրահատուկ ուրախությամբ է նշվում Պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Այս տարվա տոնակատարությանը նոր շունչ հաղորդեցին մեր նորօրյա հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի ընտանիքներում ծնված արու զավակները, որոնց ծնունդն ուրախությամբ, խինդով լցրեց ոչ միայն նրանց օջախները, այլև նոր լույս դարձավ վաղվա մեր պայքարի ճանապարհին:

Փոքրիկներին և նրանց մայրերին գրկաբաց ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը,ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը: Վերջինս պաշտպանության նախարարի անունից նրանց հանձնեց խորհրդանշական ժամացույցներ՝ փոխանցելով նաև Սեյրան Օհանյանի հորդորը, այն է՝ փոքրիկները չափահաս դառնալու առաջին իսկ օրը կրեն այն՝ որպես խորհրդանիշ մեր հավերժական մաքառման, և իրենք էլ դառնան անձնուրաց պաշտպանը մեր հայրենիքի ու ժողովրդի:

Ռուզաննա Խաչատրյանը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ջերմ բարեմաղթանքներ հղելով փոքրիկներին, հանձնեց իր պատրաստած անակնկալները՝ նրանց մշտապես սատարելու պատրաստակամություն հայտնելով:

Մանուշակ Բալյանը (2014 թ. հուլիսի 31-ին Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված Ազատ Ասոյանի մայրը) իր կրտսեր որդուն՝ Նարեկին, լույս աշխարհ բերեց 2015 թ. հուլիսի 7-ին. «Այս տարի հունիսի 1-ը չափազանց նշանավոր դարձավ մեզ համար. տղաս՝ փոքրիկ Նարեկը, առաջին անգամ եկավ Պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարը «պարգևատրեց» նրան: Անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր զինվորներին, համբերություն՝ բոլոր մայրերին. թո՛ղ նրանք շատ որդիներ ծնեն, որ դառնան գործի շարունակողը մեր որդիների, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի…. Ես հավատում եմ, որ այս փոքրիկների մեջ մեր հերոսներն են վերածնվել»:

Արմենուհի Հովհաննիսյանը (2014 թ. հունվարի 19-ին հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի քույրը) իր անդրանիկ որդուն՝ կրտսեր Արմենին, լույս աշխարհ բերեց 2016 թ. հունվարի 13-ին: «Նա եկավ, որպեսզի իրականացնի ավագ Արմենի երազանքները, արժանիորեն կրի նրա անունը, որովհետև որդիս իր անունը ոսկե տառերով գրեց մեր պատմության մեջ»,- ասաց հերոսի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը՝ բարեմաղթելով խաղաղ ծառայություն և բարի վերադարձ բոլոր զինվորներին:

Սաթենիկ Առաքելյանը (2015 թ. ապրիլի 10-ին դժբախտ պատահարի հետևանքով զոհված Արթուր Առաքելյանի մայրը) իր կրտսեր որդուն՝ Արեգին, լույս աշխարհ բերեց 2016 թ. մարտի 25-ին. «…Ինձ համար Արեգը լույս է՝ դեպի կյանք: Կուզեի նորից մայրանալ, երրորդ որդին կամ դուստրն ունենալ: Ցանկանում եմ՝ հայ օջախները լցվեն մանկան ծիծաղով, ուրախությամբ: Թո՛ղ Հայոց աշխարհում և ոչ մեկը չտրվի ցավին ու հուսահատությանը»:

Բոլոր մայրերը, գրկած իրենց փոքրիկներին, ուրախ շրջեցին ՊՆ վարչական համալիրի տարածքում, մասնակցեցին տոնակատարությանը՝ խոստովանելով, որ ազգին այսօր շատ որդիներ են պետք, և մաղթում էին, որ բոլոր ընտանիքներում շատ զավակներ ծնվեն:

  • 756A6149 (Large)
  • 756A6410 (Large)
  • 756A6303 (Large)
  • 756A6375 (Large)
  • 074A0190 (Large)
  • 074A9921 (Large)
  • 074A9960 (Large)
  • 074A9995 (Large)
  • 756A6467 (Large)
  • 074A0020 (Large)
  • 074A0139 (Large)
  • 074A0176 (Large)
  • 756A6180 (Large)
  • 1 (Large)
  • 074A9944 (Large)
  • 756A6194 (Large)
  • 756A6217 (Large)
  • 756A6449 (Large)
  • 2 (Large)
  • 074A0101 (Large)
  • 756A6429 (Large)