«Պետք է պրոթեզը քեզ ենթարկվի, ոչ թե դու՝ պրոթեզին»

«Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը (նախկինում՝ Երևանի պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն) ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության որոշմամբ՝ որպես օգնություն Հայաստանի՝ 1988 թ. երկրաշարժից տուժած ժողովրդին: 1991 թ. վերջին, համալրված անհրաժեշտ արդիական սարքավորումներով, այն հանձնվել է շահագործման:

– Արցախյան պատերազմն արդեն սկսվել էր: Կենտրոնի բացման առաջին օրերից մեր բուժանձնակազմը սկսեց ընդունել ամպուտացված վերջույթներով վիրավորներին՝ զինվորներ, հրամանատարներ, որոնցից շատերը պրոթեզավորվելուց ամիսներ անց նորից ճակատ էին վերադառնում,- հիշում է «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանը:- Զինադադարին հաջորդեցին բանակաշինության ծանր տարիները: 2014 թ. ավելի հաճախակի դարձան հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը, և գաղտնիք չէ, որ մենք դարձյալ բազմաթիվ վիրավորներ ունեցանք: Թիմային աշխատանքի, նյութատեխնիկական հագեցվածության շնորհիվ կենտրոնի բուժանձնակազմը կարողացել է ոտքի կանգնեցնել մեր վիրավոր զինծառայողներին. նրանցից շատերը վերադարձել են ծառայության և այսօր էլ, ամուր կանգնած պրոթեզների վրա, շարունակում են մարտական հերթապահություն, մարտական առաջադրանք կատարել:

Ինչպես տեղեկացանք, գործունեության առաջին շրջանում կենտրոնում իրականացվել է ոչ միայն հիվանդների ապահովումը պրոթեզներով և օրթոպեդիկ միջոցներով, այլև գործել են օրթոպեդ-տեխնիկների ուսուցման, մասնագետների վերապատրաստման ծրագրեր, անցկացվել են գիտաժողովներ, թեմատիկ հետազոտական աշխատանքներ:

– Օրթոպեդ-տեխնիկների ուսման տևողությունը 3 տարի էր. այդ ընթացքում ուսանողները ձեռք էին բերում խորը գիտելիքներ՝ անատոմիա, ֆիզիոլոգիա, նյութաբանություն, բիոքիմիա, ինչպես նաև մաթեմատիկա և տեխնիկական գծագրություն առարկաներից: Ստանալով միջազգային ճանաչման վկայական՝ նրանք հնարավորություն ունեին իրականացնելու մի շարք գործառույթներ՝ պատրաստել պրոթեզավորման համար անհրաժեշտ բաղադրամասեր, օգտագործելով համապատասխան սարքավորումներ՝ պրոթեզավորել և օրթեզավորել հիվանդներին, ինչպես նաև վերանորոգել պրոթեզները և օրթեզները: Մեր պատրաստած կադրերը միջին օղակում առաջնակարգ մասնագետներ էին դառնում,- նշում է Մկրտիչ Գինոսյանը:

Այսօր «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը պետպատվերի շրջանակում սպասարկում է Հայաստանի Հանրապետության հաշմանդամ քաղաքացիներին, համագործակցում է Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության հետ:

Այստեղ են պրոթեզավորվել նաև ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները: Պրոթեզավորվելուց հետո նրանք ներկայանում են պլանային ստուգումների, անցնում են «քայլի» դպրոցը, և նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս կենտրոնի ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանը հիշեցնում է. «Պետք է պրոթեզը քեզ ենթարկվի, ոչ թե դու՝ պրոթեզին»:

Էդիտա Մելքոնյան

  • 002
  • 003
  • 004